factor.am: Հայաստանի տնտեսությունն ինտեգրված է Եվրասիական տնտեսական համագործակցությանը, բայց մեզ ոչինչ չի խանգարում քաղաքականապես ինտեգրվել Եվրամիությանը։ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման թեմայով կազմակերպված լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ պատասխանելով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին:

«Ես համաձայն եմ, որ Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում է, բայց ո՞նց դա համատեղենք, եթե տնտեսությունն ինտեգրված է ԵՏՄ-ի մեջ»,- հարց ուղղեց քաղաքագետը։ «Ես հենց այդ նպատակով առանձնացրեցի քաղաքական համագործակցությունը, կարող է՝ տնտեսությունը ինտեգրված է եվրասիական տնտեսական համագործակցության մեջ, բայց մեզ ոչինչ չի արգելում քաղաքականապես ինտեգրվել Եվրոպական միությանը, ունենալ այն կառույցները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարության կայացման համար»։ - նշեց պատգամավորը։