ԵՏՄ բարձրագույն խորհրդի երևանյան նիստին Հանրապետության նախագահի մասնակցություն ի սկզբանե նախատեսված չի եղել. նախագահական|factor.am|
12:09 - 03 հոկտեմբերի, 2019

ԵՏՄ բարձրագույն խորհրդի երևանյան նիստին Հանրապետության նախագահի մասնակցություն ի սկզբանե նախատեսված չի եղել. նախագահական|factor.am|

factor.am:  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում միտումնավոր ապատեղեկատվություն և անտեղյակության արդյունք են համարում մամուլի հրապարակումներն այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագահ Արմեն Սարգսյանին հեռու պահել ԵՏՄ Բարձրագույն խորհրդի երևանյան նիստի շրջանակում անցկացվող միջոցառումներից:

Ըստ մամուլի՝ դրա համար պատճառ է հանդիսացել այն, որ Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին խնդրել է օդանավակայանում դիմավորել Հայաստան ժամանող Ռուսաստանի և Իրանի նախագահներին, սակայն նախագահը մերժել է։

Հարցմանը՝ արդյո՞ք ՀՀ նախագահին վարչապետի կողմից նման առաջարկ եղել է, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին.

«Մամուլի այդ հրապարակումն իրականության հետ որևէ առնչություն չունի և միտումնավոր ապատեղեկատվության կամ անտեղյակության արդյունք է:

ԵՏՄ բարձրագույն խորհրդի երևանյան նիստին Հանրապետության նախագահի մասնակցություն ի սկզբանե նախատեսված չի եղել: Դա պայմանավորված է արարողակարգային ձևաչափով. ԵՏՄ-ում Հայաստանը ներկայացնողը Հանրապետության վարչապետն է:

Նախագահ Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է այդ օրերին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և պաշտոնական այցով ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին: Հանրապետության նախագահը մասնակցել է նաև ի պատիվ ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասնակիցների տրված պաշտոնական ընթրիքին: Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունեն հարգալից աշխատանքային հարաբերություններ»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել