Ենթադրում եմ, որ Լիդիանը կդիմի արբիտրաժ․ Նիկոլ Փաշինյան
10:59 - 25 հունվարի, 2020

Ենթադրում եմ, որ Լիդիանը կդիմի արբիտրաժ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Ամուլսարի հարցին։ Նա նշեց, որ այսօր էլ կոչ է անում բացել ճանապարհը և հայրենակիցների գործողությունները ոչ տրամաբանական է համարում։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց․

«Ենթադրում եմ, որ Լիդիանը կդիմի արբիտրաժ։ Այսօր էլ կոչ եմ անում բացել ճանապարհը և համարում եմ մեր սիրելի հայրենակիցների գործողությունները ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի․ այս հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ ճանապարհը փակված է։

Ունե՞մ ես շահագրգռվածություն, որ Ամուլսարի հանքը շահագործվի․ և այո, և ոչ։ Ես շահագրգռվածություն ունեմ, որ հանքը շահագործվի, որովհետև դա կապված է ՀՀ անվտանգային միջավայրի հետ։ Եթե հանքը շահագործվեր այս տարի մենք կունենայինք, ոչ թե 7,5 %, այլ ավելի մեծ տնտեսական աճ, հազարավոր աշխատատեղեր։ Բայց, մյուս կողմից, ես ոչ մի պարագայում չեմ համաձայնի, որ Ամուլսարի հանքը շահագործվի Հայաստանի և կոնկրետ Ջերմուկի ու հարակից գյուղերի բնակիչների առողջությանը և Հայաստանի բնությանը անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին։

Հիմա, քանի որ այնտեղ ճանապարհը փակված է, մենք չենք կարող գալ եզրակացության՝ հիմա դա անդառնալի վնասներ պարունակո՞ղ է, թե՞ ոչ։ Եվ այս հարցը մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ ես համարում եմ այդ գործողությունները չտրամաբանված, անհարգալից, և համարում եմ, որ այդ գործողությունները չեն բխում ՀՀ-ի շահերից։

Կասկածներ կան, որ այդ իրավիճակում շահագրգիռ են որոշ շրջանակներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի բորսայում բաներ տեղի ունենան, որպեսզի իրենք ձեռք բերեն այնտեղ գոյություն ունեցող բաժնետոմսերը։ Բայց իրենց էլ երազախաբություն է սպասվում, որովհետև մենք այդպիսի զարգացումներ, այդպիսի մանր պրոցեսներ թույլ չենք տալու»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել