Ես բավարարում եմ մասնագիտական փորձառության պահանջը՝ անկախ նրանից, թե ինչպես ենք մեկնաբանում 165-րդ հոդվածը․ ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյան
09:50 - 16 ապրիլի, 2019

Ես բավարարում եմ մասնագիտական փորձառության պահանջը՝ անկախ նրանից, թե ինչպես ենք մեկնաբանում 165-րդ հոդվածը․ ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյան

ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ՍԴ դատավոր դառնալու համար մասնագիտական փորձառության պահանջի վերաբերյալ հարց ուղղեց դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին․

«Ես դիտարկեցի, որ parliament.am-ում տեղադրված են Ձեր կողմից գրված և ստորագրված մի դիմում՝ Հանրապետության նախագահի անունով, և դրան կից ներկայացված է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, ցավոք սրտի մի մասը գերմաներենով է, ես գերմաներենի չեմ տիրապետում, և այնտեղ կար նաև իմ և Ձեր միջև կնքված աշխատանքային պայմանագիրը, ես՝ որպես փաստաբանական դպրոցի տնօրեն։ Այնուամենայնիվ, հաշվարկեցի ժամանակացույցը։ Իմ պատկերացմամբ ամբողջական են այդ փաստաթղթերը, հակառակ դեպքում Դուք դա կուսումնասիրեիք ու կարձագանքեիք։ Այնտեղ կազմում է 165 ամիս, իսկ Ձեզ այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ է 180 ամիս։ Ես ուղղակի մաթեմատիկական հաշվարկ եմ կատարել ու ստացել հանրագումարը Ձեր կողմից ներկայացված փաստաթղթերի և բազմապատկել եմ 12 ամիսը 15-ի ու ստացել եմ 180։ Այսինքն՝ այտեղ տեխնիկական վրիպակ դժվար թե լինի։ Այնուամենայնիվ, ուզում եմ Ձեզնից Ձեր տեսակետը իմանալ, որ արդյոք հասարակ քաղաքացին կասկածի տակ չ՞ի դնի պատգամավորի քվեարկությունը, եթե նա Ձեր օգտին քվեարկի, բայց Parliament.am-ում տեղադրված փաստաթղթերից երևա, որ ժամանակը Ձեզ չի հերիքում թեկնածու լինելու»։

Հարցին ՍԴ դատավորի թեկնածուն պատասխանեց․ 

«Դուք ունեք ոչ թարմ փաստաթղթերը։ Երկրորդ անգամ ՀՀ նախագահի աշխատակազմի խնդրանքով, ու որքան հասկացա՝ նաև պարոն Միրզոյանի գրության հիման վրա, ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը, նաև գերմաներեն լեզվով աշխատանքային պայմանագրերի թարգմանությունները։ Դուք ունեք ոչ ակտուալ փաստաթղթերը, և ես իմ ներկայացրած փաստաթղթերի վրա նաև տարիներով գրել եմ, թե որտեղ աշխատելու ընթացքում ես քանի տարվա կամ քանի ամսվա մասնագիտական փորձառություն եմ ձեռք բերել։ Կարող եմ դա Ձեզ տրամադրել, որ ընդհանրապես կասկած չունենաք»։ 

ՍԴ դատավորի թեկնածուի պարզաբանմանը Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց․

«Երբ ես վերջերս ինչ-որ մի տեղ սպորտի էի ընդունվում, ինձ ասեցին, որ որոշ փաստաթղթեր պետք է ներկայացնել։ Ես ուշադիր բոլոր փաստաթղթերը նայել եմ և ներկայացրել, որպեսզի գնամ սպորտի։ Դուք ուզում եք գնալ, ՍԴ դատավոր դառնալ, և Ձեր բանավոր խոսքերից հասկացա, որ Դուք նախագահին ներկայացրել եք փաստաթղթեր, որն ամբողջական չի եղել։ Հիմա քվեարկելուց ես գիտեմ, որ 15 տարին չի լրացել, և հետևաբար ի՞նչ ձևով կարձագանքեք իմ այն հարցադրմանը, որ Հանրապետության նախագահին երբ ներկայացնում եք փաստաթղթեր, պետք է ամբողջական ստուգեիք, տեսնեիք՝ արդյոք դրանք պատշաճ էին, բայց Դուք դա չեք արել։ Այնուհետև, ամբիոնից ասում եք՝ Ձեր ձեռքի տակ ամբողջական փաստաթղթերի չի։ Հիմա ասում եք հավատացեք իմ խոսքին։ Հավատալու միջոցով կարելի՞ է քվեարկել ու քաղաքացուն ասել՝ ամեն ինչ նորմալ է»։

Գոռ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև այս դիտարկմանը՝ նշելով․ «Պարո՛ն Բաղդասարյան, ես չասացի՝ հավատացեք իմ խոսքին, ես ասացի, որ ներկայացրել եմ փաստաթղթերը ու պատճեններն էլ ունեմ, կարող եմ տրամադրել։ Դա՝ մեկ։ Երկրորդ, ես ոչ թե ամփույթ եմ եղել, այլ հետո հասկացա, որ կոնկրետ Ձեր բարձրաձայնած պրոբլեմը այնէ, որ մենք Սահմանադրության 165-րդ հոդվածը այլ կերպ ենք հասկանում։

Ես որքանով հասկացա՝ Ձեր խնդիրն այն է, որ Դուք ուզում եք իրար հետևից գումարել ու 15 ստանալ։ Ես մասնագիտական փորձառությունը այդ կերպ չեմ պատկերացնում։ Այն մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքների ու հմտությւոնների ամբողջությունն է, հետևաբար՝ մարդը որքան շատ է աշխատել, այնքան ավելի փորձառու է, ու բացի դրանից Սահմանադրության 165 հոդվածի նպատակը ՍԴ-ում փորձառու դատավոր ունենալն է, ի վերջո։ Հետևաբար, իմ ներկայացրած աշխատանքային պայմանագիրի հիման վրա իմ աշխատած ժամանակահատվածները եթե գումարեիք, Դուք 15 կստանայիք նաև առաջինի դեպքում։ Դուք ուզում եք անպայման իրար հետևից գումարելով ստանալ 15-ը, ես դրա համար նորից լրացուցիչ փաստաթղթեր ուղարկեցի, որպեսզի Դուք Ձեր պատկերացրած մեկնաբանության պարագայում նույնպես ունենաք 15 տարի։

Այսինքն՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք մեկնաբանում այդ հոդվածը՝ ես բավարարում եմ մասնագիտական փորձառության պահանջը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել