Էլեկտրաէներգիայի վթարը ռեժիմի կառավարման ընթացքում էր եղել, որեւէ արտաքին ազդեցություն չի եղել. Բադալյան |armtimes.com|
10:36 - 17 հուլիսի, 2019

Էլեկտրաէներգիայի վթարը ռեժիմի կառավարման ընթացքում էր եղել, որեւէ արտաքին ազդեցություն չի եղել. Բադալյան |armtimes.com|

armtimes.com։ Այս վթարներն ահազանգ են, որպեսզի պատկան մարմինները լրջորեն զբաղվեն ոլորտով։ Այս մասին այսօր «Հոսանքազրկում. պաշտպանվա՞ծ է ՀՀ էներգետիկ անվտանգությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:

«Պետք է նշեմ, որ նման վթարները երբեւէ չի կարելի կապել քաղաքականության հետ։ Անիմաստ էր նաեւ «բլեքաութ» անվանումը (օրվա մութ ժամերին էլեկտրականության մասսայական անջատում), Հայաստանում ցանցն այնպիսին է, որ մեր երկրում «բլեքաութ» հնարավոր չէ»,- ասաց Մարջանյանը:

Նրա խոսքով՝ մենք եւս մեկ անգամ խուսափեցինք շատ մեծ վթարից, որից չկարողացան խուսափել մեր հարեւաններ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը։ «Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ոլորտի այսչափ պրոֆեսիոնալ մասնագետներին»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ այժմ քայլեր են ձեռնարկվում այլընտրանքային էներգիայի միջոցների ավելացման համար. «Համապատասխան դաշտ է ստեղծվել ու այս ոլորտում հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նա:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով՝ սա տեխնոլոգիական պրոցես էր, վթարը տեղի էր ունեցել ռեժիմի կառավարման ընթացքում, որեւէ արտաքին ազդեցություն չի եղել, անգամ մարդկային ներազդեցությունը համակարգի վրա հնարավոր չէ, համակարգն ամբողջովին ավտոմատացված է:

«Մինչեւ օգոստոսի մեկը մենք նոր ծրագիր կունենանք՝ նախատեսված մինչեւ 2046 թվականի համար։ Այնտեղ կնախանշվի, թե ուր է գնալու մեր համակարգը։ Փաստաթուղթը կդրվի լայն քննարկման, այնուհետեւ կներկայացվի կառավարությանը»,- ասաց Բադալյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել