aysor.am։ Հայաստանն ունի բավական խոր հարաբերություններ ԵՄ-ի հետ և հանդիսանում է ԵԱՏՄ կարևոր անդամ։ Հայաստանը կամուրջ է, միջնորդ երկու կողմերի միջև, այսօր Մտքերի հայկական գագաթնաժողովի բացմանն ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հայ գործարարները հրաշալի, ֆանտաստիկ բանակցողներ են։ Ինչո՞ւ ուրեմն Հայաստանը չի կարող լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև», - համաժողովի հյուրերին հարց ուղղեց Արմեն Սարգսյանը։

Խոսելով հայկական ուժի մասին՝ ՀՀ նախագահը շեշտեց, որ 21-րդ դարը լինելու մարդկային ներուժի դարաշրջան։

«Հայաստանը խոշոր, բազմազգ ընկերությունների բազա դարձնելը հնարավորություն կտա ստարթափների համար լավ բազա ձևավորել։ Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ուղեղների գագաթնաժողովը կարող է մի օր ունենալ իր քույր ձեռնարկը՝ Հայ մտքերի գագաթնաժողով։

Մենք, որպես համաշխարհային ազգ, պետք է սովորենք կառավարել մեր ուժը և այն օգտագործել մեր խնդիրները կարգավորելու համար։ Մենք պետք է սովորենք պատեր չկառուցել մեր ազգի ներսում, չպետք է պատերր կառուցել Հայաստանում, սփյուռքում և Արցախում ապրողների միջև», - ասաց Արմեն Սարգսյանը։