Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Մեծ Բրիտանիայի օֆշորային սեփականության ռեգիստրը բացահայտել է Արմեն Սարգսյանի ընտանիքին պատկանող շքեղ գույքեր

Մեծ Բրիտանիայի օֆշորային սեփականության ռեգիստրը բացահայտել է Արմեն Սարգսյանի ընտանիքին պատկանող շքեղ գույքեր

Սիվիլնեթի, Հետքի և EVN Report-ի լրագրողները համատեղ հոդված են հրապարակել՝ Արմեն Սարգսյանի ընտանիքի՝ Լոնդոնում և շրջակայքում նախկինում հանրությանը չբացահայտված հինգ անշարժ գույք ունենալու մասին։  Թեմզա գետի հյուսիսային ափի Չեյն Ուոք փողոցը Լոնդոնի մեծահարուստներից շատերի բնակատեղին է: Ժամանակին այնտեղ է ապրել «Ջեյմս Բոնդի» հեղինակ Յան Ֆլեմինգը, ինչպես նաև Rolling Stones խմբի առնվազն երկու անդամ: Հայաստանից OCCRP գործընկեր «Հետքը» 2018-ին բացահայտել էր Չելսի շքեղ թաղամասի այլ բնակիչների․ այն ժամանակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կինն ու որդիները գրանցված էին այդտեղ հինգ հարկանի աղյուսե մի առանձնատանը: Գույքի իրական սեփականությունը թաքնված էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված անհայտ օֆշորային ընկերության հետևում: Այժմ լրագրողները հայտնաբերել են այդ ընկերության անունը: Ըստ օֆշորային ընկերության փաստաթղթի՝ առանձնատան սեփականատերը Սարգսյանի քույրն է՝ Կարինե Սարգսյանը։ Օֆշորային տարբեր ընկերությունների միջոցով նա Լոնդոնում տնօրինում է չորս այլ թանկարժեք անշարժ գույք, որոնք տասնյակ միլիոն ֆունտ արժեն: Տարիներ շարունակ այս հինգ ընկերություններին պատկանող սեփականությունը թաքցվում էր հանրությունից։ Բայց 2022-ին Մեծ Բրիտանիան օրենք ընդունեց, որով երկրում սեփականություն ունեցող օֆշորային ընկերությունները պարտավոր էին հայտարարագրել իրենց իրական սեփականատերերին, ինչը լրագրողներին հնարավորություն տվեց բացահայտել, որ Կարինե Սարգսյանը նշված է որպես դրանց սեփականատեր: Արմեն Սարգսյանի երկու որդիները նույնպես նշված են որպես «զգալի ազդեցություն կամ վերահսկողություն ունեցող» անձինք։ «Թափանցիկության նոր կանոնները լույս են սփռում, թե ինչպես աշխարհի քաղաքական առաջնորդները, այդ թվում՝ կառավարման լուրջ խնդիրներ ունեցող երկրների առաջնորդները, գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով մեծ թվով անշարժ գույքեր ունեն Մեծ Բրիտանիայում»,- OCCRP-ին ասել է Transparency International UK-ի՝ Պետությունների և տարածաշրջանների ծրագրերի ղեկավար Ջուլիետ Սվանը։ Գույքերի վերաբերյալ մեկնաբանություն տալու հարցմանն ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ 90-ականներին, երբ առաջին անգամ պետական ծառայության է անցել. «Ես որոշում եմ կայացրել ծրագրերի և տեսախաղերի ստեղծմամբ վաստակած հարստությունը վստահել քրոջս»: Պատասխանելով լրագրողների հարցերին Արմեն Սարգսյանը գրել է, որ այդ որոշումը ենթադրում էր Կարինե Սարգսյանի՝ իր հիմնադրած ընկերությունների շահառու դառնալը, և պրոֆեսիոնալ կառավարիչների վարձումը, որոնք կղեկավարեին և ներդրումներ կկատարեին։ ։ «Դրանցից մի քանիսը [ներդրումները] տնօրինվել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում հիմնված ընկերությունների կողմից։ Սա հարստությունը կառավարելու միջոցառումների միանգամայն ստանդարտ մեխանիզմ էր, որի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և փորձաքննություն էր ստացվել: Հիմնականում այս ներդրումների եկամուտներով են գնվել ձեր նշած գույքերը»,- գրել է նա Եթե Արմեն Սարգսյանը լոնդոնյան գույքերի իրական սեփականատերն էր, ապա օրենքով նա պարտավոր էր դրանք հայտարարագրել Հայաստանում, երբ 2013-ին մասնավոր հատվածում զբաղեցրած պաշտոնից վերադարձավ քաղաքականություն՝ նշանակվելով Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան: Սակայն գույքը չի երևում Սարգսյանի 2013-2022-ի հայտարարագրերում։ Առաջին անգամ չէ, որ Սարգսյանի հայտարարագրերում կարևոր բացթողումներ կան։ «Հետքն» ավելի վաղ հայտնել էր, որ նախկին նախագահը չի հայտարարագրել Փարիզում անշարժ գույք ունեցող ֆրանսիական ընկերությունում տնօրենի պաշտոնը, և որ նա քրոջ հետ Շվեյցարիայում գաղտնի բանկային հաշիվ է ունեցել՝ 10 միլիոն ֆրանկով։ Ի տարբերություն քրոջը, որը տարիներ շարունակ բժիշկ է աշխատել Հայաստանի պետական հիվանդանոցներում, Սարգսյանը հաջողության հասած բիզնեսմեն էր, որի համար խնդիր չէր շքեղ անշարժ գույք ձեռք բերելը։ 1990-ականների սկզբին Սարգսյանը օգտվել էր վիդեոխաղերի բումից՝ համահիմնադրելով «Tetris-Wordtris» խաղը, որը հայտնվել էր Nintendo-ի հանրահայտ SNES և Game Boy համակարգերում։ Բրիտանական ընկերությունների ռեգիստրից տեղեկանում ենք, որ 2022 թվականի փետրվարի դրությամբ նրա որդիները «զգալի ազդեցություն կամ վերահսկողություն» են ձեռք բերել լոնդոնյան երկու անշարժ գույքի ետևում գտնվող, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերություններից երկուսում։ Այդ ժամանակ դեռ մեկ ամիս էլ չէր լրացել Սարգսյանի՝ Հայաստանի նախագահի պաշտոնից անսպասելի հրաժարականից: «2022-ին, երբ ես թողեցի քաղաքականությունը, և երբ քույրս մոտենում էր իր 70 ամյակին, նա երկու անշարժ գույքը նվիրեց իմ որդիներին՝ շարունակելով մնալ մնացածի սեփականատերը»,- OCCRP-ին ասել է Սարգսյանը։ Բրիտանական նախապատմություն Չորս տարվա պաշտոնավարումից հետո Սարգսյանն իր հրաժարականի պատճառների շարքում նշեց, որ Հայաստանում նախագահը չունի կարևոր հարցերի վրա ազդելու իրավասություն, նաև՝ որ առողջական խնդիրներ ունի, որոնք առաջացել են իր և իր ընտանիքի դեմ քաղաքական «հարձակումների» հետևանքով: Նախագահի պաշտոնից նա հեռացավ ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ «Հետքի» և OCCRP-ի թղթակիցներից հարցեր էր ստացել մի հետաքննության վերաբերյալ, ըստ որի՝ նա Կարիբյան Սենթ Քիթս և Նևիս երկրի անձնագիր է ունեցել իր պաշտոնավարման ժամանակ: Հայաստանի Սահմանադրությունն արգելում է նախագահի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալը։ OCCRP-ին Հայաստանի դատախազությունից հայտնել են, որ իշխանությունները ներկայում հետաքննում են, թե արդյոք Սարգսյանը քրեական հանցագործություն է կատարել: Մինչև 2013-ին պետական ծառայության վերադառնալը՝ մասնավոր հատվածում աշխատելու ժամանակ, Սարգսյանը նաև բրիտանական քաղաքացիություն ուներ, ինչպես վկայում է Միացյալ Թագավորության ընկերությունների ռեգիստրը։ Ըստ նրա խոսնակի՝ Սարգսյանը, նախքան այդ տարի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան նշանակվելը, հրաժարվել էր բրիտանական անձնագրից, ինչը պահանջվում էր ՀՀ օրենքով: Մասնավոր հատվածում աշխատելու ընթացքում Սարգսյանը խորհրդատվական պաշտոններ է զբաղեցրել եվրոպական մի քանի հիմնադրամներում և ընկերություններում, այդ թվում՝ British Petroleum-ում և հեռահաղորդակցության ֆրանսիական հսկա Alcatel Trade International AG-ում: Նա նաև հիմնել է Eurasia House International խորհրդատվական ընկերությունը: Ինչպես ցույց է տալիս գույքային ռեգիստրը, հենց այս ժամանակահատվածում՝ 2000-2008թթ. են գնվել նրա ընտանիքի լոնդոնյան հինգ գույքից չորսը: Ընկերությունների ռեգիստրը ցույց է տալիս, որ գույքերից յուրաքանչյուրը պատկանում է առանձին ընկերության՝ գրանցված Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Այս ընկերություններից մեկին պատկանում է Չեյն Ուոքի հինգհարկանի աղյուսե շենքը, իսկ մյուսին՝ հարևան գույքը նույն փողոցում: Մեկ այլ ընկերության է պատկանում երրորդ հարկում մի բնակարան Էվելին Մենշնսում՝ Բուքինգհեմյան պալատից ընդամենը տասը րոպե հեռավորության վրա: Մի ուրիշ ընկերության էլ պատկանում է Դը Մալբերին՝ առանձնատուն Լոնդոնի ծայրամասում՝ մեծահարուստների Վիրջինիա Ուոթեր թաղամասում: Հարևան տունը պատկանում էր Գուլնարա Քարիմովային՝ Ուզբեկստանի հանգուցյալ բռնապետ Իսլամ Քարիմովի դստերը։ Առանձնատունը օգոստոսին Մեծ Բրիտանիայի՝ առանձնապես խոշոր խարդախությունների հարցերով գործակալության կողմից բռնագրավվել է: Անշարժ գույքից երկուսի՝ Չեյն Ուոքի առանձնատներից մեկի և Էվելին Մենշնսի բնակարանի ձեռք բերման գները հայտնի չեն, սակայն, ըստ անշարժ գույքի առցանց տվյալների բազաների, դրանք այսօր առնվազն 6 միլիոն ֆունտ արժեն: Մյուս երկու առանձնատները ձեռք են բերվել 2006 և 2008 թվականներին՝ ընդհանուր 24 միլիոն ֆունտով: Անցյալ տարեվերջին Կարինե Սարգսյանը հայտարարագրել է հինգերորդ գույքը՝ Լոնդոնի կենտրոնում գտնվող բնակարանը, որի իրական սեփականատերն է, այն ձեռք է բերվել 2018-ին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված մեկ այլ ընկերության կողմից։ Դրա արժեքը ներկայում 789,000 ֆունտ է։ Սարգսյանը OCCRP-ին ասել է, որ գույքերն «ի սկզբանե չեն գնվել իրենց ներկայիս բարձր արժեքներով», թեև նա չի մանրամասնել, թե որքան է իր ընտանիքը վճարել դրանց համար: «Տարիների ընթացքում դրանց թանկացումը ավելի շուտ հուշում է խելացի ներդրումների, քան, ինչպես թվում է, շռայլ ծախսերի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ «գույքի մի մասը» գնել են է վարկով։ Տվյալները ցույց են տալիս, որ հիփոթեքը վերցվել է Չեյն Ուոք 12 և 14 հասցեների համար, սակայն այն գրանցվել է 2018-ին՝ գնումից տաս տարի անց: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:37 - 06 փետրվարի, 2024
Այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

Այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը. Արմեն Սարգսյան

Այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը: Այս մասին նշել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հանրապետության օրվա նվիրված իր ուղերձում: Նա մասնավորապես ասել է. «Այսօր նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը՝ Հանրապետության տոնը: Մայիսի 28-ը Հայաստանի պատմության մեջ դրոշմվել է որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի եւ պետականության կերտման օր: Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները ու նաև ձախողումները դասեր են, որոնք երբևէ չեն կորցրել իրենց կարևորությունն ու արդիականությունը: 1918-ից ավելի քան մեկ դար անց՝ այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը, մեր միասնականությունը, մեր ինքնության, ազգային, հոգևոր արժեքների, ազգային շահի գիտակցումն ու պաշտպանումը»:
14:35 - 28 մայիսի, 2023
Ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը, երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում․ Արմեն Սարգսյան

Ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը, երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում․ Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես ասվում է․ «Այսօր ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը: Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը, երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում: Խոնարհվում եմ ցեղասպանությանը զոհ գնացած մեր Սուրբ նահատակների հիշատակի առաջ: Մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք առաջ շարժվել և մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին՝ առանց նահանջելու մեր ինքնությունից, պատմությունից ու արդարացի պահանջներից»:
11:03 - 24 ապրիլի, 2023
Վիրավորներին մաղթում եմ ապաքինում․ Արմեն Սարգսյանը ցավակցել է հրդեհի զոհերի հարազատներին

Վիրավորներին մաղթում եմ ապաքինում․ Արմեն Սարգսյանը ցավակցել է հրդեհի զոհերի հարազատներին

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների ընտանիքների անդամներին և հարազատներին: «Ցնցված եմ Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգությունից. բռնկված հրդեհը երիտասարդ կյանքեր է խլել, կան նաև ծանր վիրավորներ։ Խորին ցավակցություններս եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, կիսում նրանց վիշտը: Վիրավորներին մաղթում եմ ապաքինում»,- նշված է ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։
15:15 - 19 հունվարի, 2023
Հայաստանի չորրորդ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի չորրորդ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ցավակցություններս եմ հղում պետական-քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ։ Գալուստ Սահակյանն ինքնատիպ էր պետականության իր խորին գիտակցումով և ազգային գաղափարախոսության սեփական  ընկալումով։ Ուրույն էր նրա ներկայությունը Հայաստանի  քաղաքական դաշտում,  և ցավալի կլինի նրա բացակայությունն այնտեղից։ Մխիթարանքի խոսքերս եմ ուղղում Գալուստ Սահակյանի ընտանիքին ու հարազատներին և կիսում նրանց վիշտը»: Ավելի վաղ հայտել էինք, որ մահացել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը:
12:01 - 20 դեկտեմբերի, 2022
Մենք հիշում և գնահատում ենք այն աջակցությունը, որը Հայաստանի համար դժվարին օրերին ստացել ենք Սուրբ Աթոռից. Արմեն Սարգսյանը նամակ է հղել Հռոմի պապին

Մենք հիշում և գնահատում ենք այն աջակցությունը, որը Հայաստանի համար դժվարին օրերին ստացել ենք Սուրբ Աթոռից. Արմեն Սարգսյանը նամակ է հղել Հռոմի պապին

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապին։ Նամակում, մասնավորապես, ասված է․ «Որպես Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, հպարտության զգացում վերապրեցի օրերս Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում մատուցված «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագի առիթով, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Չդադարող պատերազմների, պատուհասող աղետների, շարունակվող բռնությունների ու ողբերգությունների պայմաններում, երբ աշխարհում հանդուրժողականության ու խաղաղության կարիք կա, Սուրբ Աթոռից շարունակաբար հնչող խաղաղության ուղերձներն առավել քան արդիական են: Դրանք շատ սրտամոտ են մեզ՝ հայերիս ու Հայաստանին, քանի որ մենք դեռևս ապրում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ու ցավի, տարածաշրջանային լարվածության ու հնարավոր մարտահրավերների պայմաններում։ Մենք հիշում և մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որը Հայաստանի համար դժվարին օրերին ստացել ենք Ձերդ Սրբությունից ու Սուրբ Աթոռից... Ինձ համար չափազանց հիշարժան են այցելություները Վատիկան և հանդիպումները Ձերդ Սրբության հետ: Մշտապես պատրաստ եմ ուժերիս ներածին չափով նպաստել մեր կապերի ամրապնդմանը և երկկողմ օրակարգը շարունակաբար հարստացնելուն»:
15:35 - 29 հոկտեմբերի, 2022
Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին. Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին. Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման, հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության ու գնդակոծության առնչությամբ: Արմեն Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ անում է միջազգային գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ ճշմարտությունը և իրականությունը ներկայացնելու ուղղությամբ: «Մեր երկիրը հերթական անգամ բախվել է դաժան և բացահայտ ագրեսիայի: Ադրբեջանի ռազմաքաղաքական նպատակները պարզ ու հասկանալի են, բայց դրանց հասնելու համար նա պետք է կարողանա մեզ ստիպել հանձնվել և դադարել հավատալ ինքներս մեզ: Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին: Այս պահին բոլորս պետք է դրսևորենք մեր գլխավոր որակները՝ տոկունություն և հավատ սեփական ուժերի հանդեպ: Այսպիսի պահերին չկա ոչ մի «ես», կա միայն «մենք» որպես մի ամբողջություն՝ համախմբված մեկ միասնական նպատակի շուրջ՝ պաշտպանել մեր պետականությունը»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը: Միաժամանակ, ըստ նրա, անհրաժեշտ է շարունակել ակտիվորեն աշխատել երկրի օտարերկրյա բարեկամների և դաշնակիցների հետ, միջազգային հանրությանը հասցնել տեղի ունեցողի ողջ էությունը և հետագա գործողությունների ռազմավարություն կառուցել: «30 տարի առաջ մենք կրկին գտնվում էինք նույնքան բարդ իրավիճակում, սակայն կարողացանք դրանից դուրս գալ արժանապատվորեն՝ դառնալով հաղթող: Վստահ եմ, որ եթե այսօր կարողանանք դրսևորել մեր բոլոր լավագույն որակները՝ միանշանակ կհաղթահարենք նաև այս ճգնաժամը»,-ասել է Սարգսյանը:
13:49 - 15 սեպտեմբերի, 2022
Արմեն Սարգսյանը չի հարցաքննվել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության գործով
 |hetq.am|

Արմեն Սարգսյանը չի հարցաքննվել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության գործով |hetq.am|

hetq.am: Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականից հետո «Հետքը» հրապարակել էր, որ մինչև 2018-ին նախագահ դառնալը նա եղել է Կարիբյան ծոցում գտնվող Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի: Մեր հետաքննության մեջ փաստեր էինք ներկայացնում առ այն, որ Արմեն Սարգսյանը խախտել է ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածը, ըստ որի՝ «Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը»։  Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2018-ի մարտի 2-ին, առնվազն 2013-ին  արդեն եղել է Սենթ Քիթսի քաղաքացի։ Այս երկրի քաղաքացիություն ունենալու փաստը մեզ հետ նամակագրությունում հաստատել էր ինքը՝ Արմեն Սարգսյանը։ Այս տարվա հունվարին դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել էր ԱԱԾ՝ ուսումնասիրության։ Հիշեցնենք, որ դեռևս 2021 թ.-ից ԱԱԾ-ում քննվում է Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության վերաբերյալ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Արմեն Սարգսյանի կողմից Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունը թաքցնելու հանգամանքը ԱԱԾ-ն ուսումնասիրելու էր հենց այս գործի շրջանակներում։ Մեր հարցին, թե ինչ փուլում է նշված քրգործը, և ինչու Արմեն Սարգսյանը դեռ չի հարցաքննվել, ԱԱԾ-ն որևէ պատասխան չի տալիս։ «Հայցվող տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,- հայտնում են ԱԱԾ-ից։ Փաստացի, մի քանի ամիս է, ինչ ԱԱԾ-ն քննում է այս գործը, բայց որևէ արդյունք չկա։ Չնայած խոստմանը՝ Արմեն Սարգսյանը հրաժարականից հետո այդպես էլ Հայաստան չի վերադարձել։ 
13:48 - 15 հուլիսի, 2022
Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի շուրջ․ Արմեն Սարգսյանը՝ Վլադիմիր Պուտինին

Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի շուրջ․ Արմեն Սարգսյանը՝ Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ․ «Երբ թերթում ենք պատմության էջերը, հպարտության ու ոգևորության բազմաթիվ պահեր ենք ապրում։ Չափազանց կարևոր է, որ այսօր ստեղծվի այնպիսի պատմություն, որը վաղը հպարտության առարկա լինի սերունդների համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Հայ- ռուսական հարաբերությունների առանցքն այնքան ամուր  է, որ դրա շուրջ շարունակաբար ձևավորվել են  սերտ բարեկամություն և հուսալի գործընկերություն։ Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ հետ և զրուցել տարբեր հարցերի, անշուշտ, նաև, հայ- ռուսական հարաբերությունների շուրջ։ Պատրաստ եմ այսուհետ ևս իմ հնարավորություններն ի սպաս դնել  այդ հարաբերությունների զարգացմանը։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, առողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- մասնավորապես ասվում է Արմեն Սարգսյանի ուղերձում:
13:27 - 12 հունիսի, 2022
«Մենք պարտավոր ենք հաղթել, իսկ հաղթանակի երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը»․ Արմեն Սարգսյանի ուղերձը

«Մենք պարտավոր ենք հաղթել, իսկ հաղթանակի երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը»․ Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է: Հիշենք բոլորին, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ: Հիշենք բոլորին, ովքեր ընկել են հաղթանակի ու խաղաղության համար: Խոնարհվենք նրանց հիշատակի ու սխրանքի առաջ: Նրանք հաղթեցին​ 30 տարի առաջ՝ հայկական պատմական Շուշին ազատագրելով:Նրանք հաղթեցին ավելի քան 75 տարի առաջ Մեծ Հայրենականում: Նրանք բոլորը համոզված էին, որ ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, որ դրանք ձեռք են բերվում կամքի ու ջանքի շնորհիվ, շատ հաճախ՝ կյանքի ու առողջության գնով: Որևէ ձեռքբերում, առավել ևս՝ հաղթանակ պետք է զարգացնել և վերածել ուժեղ պետության ու կազմակերպված հասարակության, արժանապատիվ խաղաղության և կայուն առաջընթացի՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի և Արցախի: Մենք պարտավոր ենք հաղթել: Իսկ հաղթանակի երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը, մեր նպատակասլացությունը և կարգապահությունը: Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի»:
14:42 - 09 մայիսի, 2022