aysor.am։ Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի ներկայացրած տարեկան հաղորդման քննարկման ժամանակ ԱԺ իշխանական մեծամասնության պատգամավորները տարբեր հարցեր հնչեցրին՝ փորձելով հասկանալ՝ ինչպե՞ս են ծախսվել պետական բյուջեի միջոցները։

Քննադատություններ չհնչեցին և, ինչպես իշխանական պատգամավորներից մեկը նկատեց, քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում։

Փոխարենը Յոլյանին քննադատեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա ներկայացրեց նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդի սոցիալական ծանր պայմանները, երբ տասը տարիների ընթացքում մարդկանց սոցիալական բևեռացվածությունն ավելի խորացել է՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն՝ ավելի աղքատացել։

Ընդդիմադիր պատգամավորը վկայակոչեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2007թ.-ին գործազրկությունը եղել է 18.5 տոկոս, որը պահպանվել է նաև 2018թ.-ին, 2007թ.-ի վերջին ՀՆԱ-ն կազմել է 11.9 մլրդ դոլար, 2017թ.-ը երկիրը փակել է 11.5 մլրդ դոլարով։ Ի տարբերություն այս ամենի, 10 տարվա ընթացքում պետական պարտքն է 4 անգամ աճել, իսկ մշտական բնակչության թիվը նվազել՝ առնվազն 260 հազարով։

«Պարոն Յոլյան, Ձեր կենսագրությունից պարզ է դառնում, որ Դուք պետական կառավարման համակարգ եք վերադարձել 2007թ.-ին, ըստ այդմ՝ ես հրապարակեցի հենց այդ թվականից ի վեր Ձեր ուղղակի մասնակցությամբ Հայաստանը կեղեքելու և հարստահարելու հետևանքով երկրի վիճակը նկարագրող որոշ խոսուն թվեր։ Ես այս քննարկումը ֆարս եմ համարում և տարօրինակ եմ համարում, որ մեզ էլ մասնակից եք դարձնում այս քննարկմանը։

Չեմ հասկանում՝ ո՞վ է ի վերջո մերժվել մեկ տարի առաջ, ինչո՞ւ է միայն նա մերժվել, արդյոք մերժումը վերաբերելի՞ է եղել միայն այդ անձին, թե մերժվողը այդ մարդակուլ համակարգն է եղել, որի առանցքային դերակատարներից է եղել նաև Լևոն Յոլյանը։ Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը սեփական կամ մասնավոր սեկտորոնում աշխատանքի փորձ չունեն։ Առավել ևս՝ գուցե կառավարման փորձ։

Բայց մի հարց նրանց, ովքեր ունեն այդպիսի փորձ՝ դուք պատրա՞ստ եք ձեր ընկերությունում աուդիտ կամ հաշվետքննություն հանձնարարել մեկին, ում չեք վստահում, մեկին, ով թալանչի է կամ առնվազն թալանի մասնակից։ Հուսամ՝ պատասխանը բացասական է։

Բա ինչո՞ւ է պետական միջոցների ու ծախսերի հաշվեքննությունը կամ աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին, ո՞րն է պատճառը, որ Լևոն Յոլյանը հեղափոխությունից մեկ տարի անց զբաղեցնում է այս կարևորագույն պաշտոնը։ Արդյոք այն, որ հեղափոխական կառավարությունը թեկնածու չի գտել», - իր ելույթում հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը թվարկեց մի քանի ընկերություններ, որոնցում Լևոն Յոլյանը կամ նրան մերձավորները սեփականատեր են։ Ավելին, ըստ պատգամավորի, նրա կնոջ՝ Անուշ Ասլանյանի անունով ընկերությունը Գեղարքունիքի մարզում փորձել է ոսկու արդյունահանմամբ զբաղվել։

«Ի՞նչ եղավ այդ ընկերության հետ, կարելի՞ է իմանալ», - դիմելով ԱԺ դահլիճում նստած Լևոն Յոլյանին, ասաց Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը պնդեց, որ իր կարծիքով, Յոլյանը չէ, որ պետք է ներկայացներ Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը ու հավելեց. «Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը։ Հույս ունեմ՝ այս քննարկման ընթացքում մենք կլսենք այս հարցերի սպառիիչ պատասխանները, այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ նոր Հայաստանում ոչ միայն չեն բացահայտվում անցյալի հանցավոր դրվագները, այլ թույլ է տրվում, որ դրանց մասնակիցները կարևոր պաշտոններ զբաղեցնեն։

Այդ իմաստով իմ սեփական վերլուծությամբ կարող եմ պնդել, որ Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին և ուրեմն, պարոն Յոլյան, Ձեզ կոչ եմ անում ձեր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել, որովհետև չենք կարող այս կարևորագույն ինստիտուտը, որտեղ փայլուն մասնագետներ են աշխատում, այսպիսի արատավոր բեռով շարունակեք ղեկավարել։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով ես Ձեզ իմ կողմից հայտարարում եմ պեսոնա նոն-գրատա և ասում եմ՝ հաջողություն»։