hetq.am։ «Խոսրովի անտառ պետական արգելոցում» գարնանը ծառահատումներ են եղել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղանքում տեղազննություն է կատարել և հայտնաբերել արգելոցում հատված 27 ծառ՝ հիմնականում թխկիներ, ուռենիներ։
Ծառահատման մասին «Հետք»-ին և Շրջակա միջավայրի նախարարությանն ահազանգել էր արգելոցի նախկին աշխատակից Արթուր Արտաշեսյանը։ Նրա բողոքի հիման վրա էլ տեսչական մարմինն արգելոցում օրեր առաջ տեղազննություն է արել։
Արթուր Արտաշեսյանը մանրամասնեց, որ ծառահատումները կատարվել են «Խոսրով տեղամասի» «Չարդախլու» կոչվող հատվածում, մարտի վերջին, ապրիլի սկզբին։ Նրա հաշվարկներով՝ հատված ծառերի թիվը գերազանցում էր 32-ը։ «Այդ արգելոցում անգամ մի թուփ չի կարելի տրորել, բայց փաստորեն այնտեղ սղոց է աշխատել»,- ասում է նա։
Արթուր Արտաշեսյանը չասեց, թե ով է իրեն փոխանցել ծառահատման լուսանկարները՝ այդ անձի անվտանգությունից ելնելով։
Արթուր Արտաշեսյանը 2018-2019 թվականներն աշխատել է Խոսրովի արգելոցի «Խաչաձոր» տեղամասում՝ որպես ուղեփակոցի տեսուչ։ Պատմում է՝ արգելոցում մշտապես ծառահատումներ են եղել, իրենք էլ ողջ ձմեռ ուղեփակոցում արգելոցի ծառերից են վառել։ «Ուղեփակոցում ամբողջ ձմեռ մեզ պլիտա չեն թողել վառենք։ Միշտ թաց ծառեր ենք վառել։
Անտառապետն է բերել, վառել ենք։ Գետի շրջակայքից բերված ծառերն են եղել։ Տնօրենն աշխատակազմի ղեկավարի ներկայությամբ ասեց՝ ես եմ թույլ տվել, ասել եմ՝ կտրեք։ Թե քա՞նի գլխանի է տնօրենը, որ թույլ տա այդ շրջակա միջավայրից ծառ կտրվի»,- նշեց Արտաշեսյանը։
Արթուր Արտաշեսյանն ասում է՝ մշտապես բարձրաձայնել և աշխատանքային մատյանում կոնկրետ տեղանքով, ժամով նշել է արգելոցում կատարված ծառահատումների մասին, սակայն դրանց ընթացք չի տրվել, կատարողները չեն պատժվել։
Պատմում է, որ նախորդ ամռանն արգելոցում արջ էին սպանել։ Այդ մասին ահազանգել է արգելոցի տնօրինությանը, սակայն դրան ևս ընթացք չի տվել։ «Ոչ մի ընթացք, ոչ մի բան չի արվել։ Դրա համար էլ ստիպեցին, որ աշխատանքից ազատման դիմում գրեմ։ Մի տասը օր չգրեցի, հետո գրեցի, բայց ասացի՝ հետևանքների մասին դուք կմտածեք։ Ասեցին՝ ինչ ուզում ես, արա։ Հիմա էլ օրական քսան հոգի մարդ է գալիս, հաշտություն են ուզում կնքեն, ես էլ հետադարձ ճամփա չունեմ»,- ասում է նա։
comment.count (0)