hetq.am: Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։ Հատումները շարունակվում են մինչ օրս։
«Հետքը» Planet-ի արբանյակային քարտեզներով, Google Earth-ի արբանյակային լուսանկարներով ուսումնասիրել է արգելոցի տարածքի հատումները։ Անտառային ոլորտի մասնագետների և այդ ոլորտի ծրագրային գործիքների օգնությամբ փորձել ենք հաշվարկել հատումները։
Հակառակորդի բացած ճանապարհները միջինում 7-8 մ լայնությամբ են։ Սակայն ճանապարհների համար հատումները հավասար եզրագծերով չեն արվել, դրանց զուգահեռ նաև որոշակի հատվածներ նոսրացվել են։ Հատվել են հատկապես կաղնի և բոխի ծառատեսակներով ձևավորված ծառուտներ։
Անտառագետ Այսեր Ղազարյանն ասում է, որ բացի վերոնշալ անտառներից, ավերվել են նաև թփուտային տարածքներ։ Ընդհանուր առմամբ, հողային աշխատանքներ իրականացվել են 90 հեկտարի վրա, որից անտառածածկ տարածքները կազմում են մոտ 60 հեկտար: Այս պարագայում առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ է կտրվել Շիկահողի արգելոցի տարածքից։
«Հետքն» առանձնացրել է ադրբեջանական ներխուժման հետևանքով հատված անտառների մի քանի ուղղություն։
Շիկահողի արգելոցի հարավ-արևելյան հատվածից հակառակորդի ներխուժումն ակներև է 2023-ին, երբ հատվել են Շիկահողի արգելոցի ստորին փեշերը՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից բլրի վրա դիրքավորվելու համար։
2023թ․ օգոստոսից արդեն արբանյակային պատկերներում երևում են հատումներ և նոր ճանապարհներ արգելոցի և հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան մասից ավելի վերև ընկած հատվածում։
Այս ճանապարհը, անտառի միջով, հատվելով և դիրքերի համար բարենպաստ տարածքներ մաքրելով, հասնում է մինչև Ներքին Հանդի ստորին հատվածներ։ Այն նույնպես բացվել է 2023թ․-ին, որովհետև 2022-ի արբանյակային լուսանկարներում այս հատվածները դեռևս անտառածածկ են։
Ներխուժման հաջորդ երկու ուղղությունները Ներքին Հանդի հարավ-արևելյան մասերում են։
Այդ հատումները միայն ծառերի վնասում կամ ոչնչացում չեն։ Շիկահողի արգելոցը հարուստ կենսաբազմազանություն ունեցող անտառային էկոհամակարգային տարածք է, որը պահպանելու համար էլ այն ընդգրկվել է արգելոցային գոտում։
Անտառների վերաբերյալ մոնիթորինգ իրականացնող միջազգային Global forest watch -ի տվյալներով՝ Հայաստանը 2021-23թթ․ կորցրել է շուրջ 100 հա բնական անտառ, որից 88 հա-ը՝ միայն 2023 թվականին։ Այն հավասարազոր է 34,5 կտ CO₂-ի արտանետումների։
«Շիկահողի» պետական արգելոցը «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում է։ Տնօրեն Արման Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչ տեղեկություններ և դիտարկումներ ունեն այս առնչությամբ։ Տնօրեն Մկրտչյանը հրաժարվեց զրույցից՝ պատճառաբանելով, թե պետք է թույլտվություն ստանանք նախարարությունից՝ ըստ ընթացակարգի։
«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության կառույց է։
ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին գրավոր հարցրեցինք՝ ՇՄՆ-ն ուսումնասիրել է, արդյոք, թե Շիկահողի արգելոցի տարածքում որքան անտառ է հատվել հակառակորդի ներխուժման, ամրաշինական և ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, ի՞նչ են արձանագրել, ի՞նչ ծառատեսակներ են հատվել:
«Հարցման մեջ վերհանված խնդիրների պատշաճ հասցեագրման նպատակով անհրաժեշտ է հավելյալ հաղորդակցություն՝ շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ։ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի տարածքում իրականացված ծառահատումների վերաբերյալ ստույգ քանակային տվյալներ հնարավոր չէ տրամադրել, քանի որ նշված տարածքի որոշ հատվածներ գտնվում են հակառակորդի ուղիղ նշանառության տակ»,- հայտնել է ՀՀ ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։
Նախարարին նաև հարցրել էինք, թե ՇՄՆ-ն միջազգային ո՞ր կառույցներին է ահազանգել Շիկահողի արգելոցի կենսաբազմազանության ոչնչացման մասին: Ի՞նչ արձագանքներ է ստացել: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում` կանխելու հետագա անտառահատումները:
«Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է կենսաբազմազանության պահպանությանն առնչվող մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր, կոնվենցիաներ և դրանց կից արձանագրություններ, որոնցով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը նպաստում է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը երկկողմ և բազմակողմ գործողությունների համակարգված իրականացման միջոցով։
Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կայուն կառավարումն ապահովելու նպատակով միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ իրականացվում են համապարփակ և երկարաժամկետ միջոցառումներ»,- այսպիսի անհասկանալի պատասխան է տրամադրել Սերգո Աթանեսյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)