Ծաղկաձորի՝ ապօրինի վաճառված անտառները փորձում են վերադարձնել․ դատախազությունը դիմել է դատարան |hetq.am|
16:52 - 10 մարտի, 2020

Ծաղկաձորի՝ ապօրինի վաճառված անտառները փորձում են վերադարձնել․ դատախազությունը դիմել է դատարան |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազությունը դատական գործընթաց է նախաձեռնել Ծաղկաձորում և այլ համայնքներում ապօրինի սեփականաշնորհված անտառները վերադարձնելու նպատակով։ Ծաղկաձոր համայնքն էլ առաջիկայում կդիմի դատարան։

Ծաղկաձորում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անտառային հողերի ապօրինի սեփականաշնորհման մասին  հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործը նախորդ տարի էր կարճվել։ Վաղեմության հիմքով կարճված գործով հաստատվել էր, որ հանցագործությամբ պետությանը վնաս է պատճառվել։

Դատախազությունը երեք տարբեր հայցերով արդեն դիմել է Կոտայքի մարզի դատարան և պահանջում է անվավեր ճանաչել հողերն աճուրդով վաճառելու մասին որոշումները։ Երեք հայցերից 2-ն արդեն վարույթ են ընդունվել, և արգելանք է դրվել անտառային հողերի վրա։ Այժմ վիճարկվում է 25 գործարքից 19-ը։

Դատական երեք գործերով պատասխանողներն են նախկին և ներկա պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված հետևյալ անձինք՝ Պետական վերահսկողական ծառայության քարտուղարի տեղակալ Կարեն Մարգարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը՝ Իշխան Վարդանյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, Հրազդանի նախկին քաղաքապետի խորհրդականի որդին՝ Արսեն Արզումանյանը, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մտերիմը՝ Ռոման Գալուստյանը և այլք։

Պետական սեփականություն հանդիսացած հողերի վերաբերյալ գործարքները դատական կարգով վիճարկելու գործառույթը վերապահված է դատախազությանը, իսկ համայնքային սեփականության գույքերինը՝ համայնքներին։ Ծաղկաձորի վարչական տարածքում գտնված անտառային հողերը օտարել է համայնքը։ Այդ իսկ պատճառով անտառների մյուս մասը վերադարձնելու համար դատարան պետք է դիմի նաև համայնքը։

Ծաղկաձորի քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը հայտնեց․ «Նշված հողերի վերաբերյալ կատարվում են ուսումնասիրություններ, ձեռք են բերվում արխիվային նյութեր և իրավաբանական խորհրդատվություններ՝ տվյալ խնդրին դատական կարգով ընթացք տալու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել