ԿԳՆ-ն ներդրումային ծրագրի շրջանակում մտադիր է դպրոցի կարիք ունեցող թաղամասերում կապիտալ շինարարություն սկսել |hetq.am|
14:15 - 29 մայիսի, 2019

ԿԳՆ-ն ներդրումային ծրագրի շրջանակում մտադիր է դպրոցի կարիք ունեցող թաղամասերում կապիտալ շինարարություն սկսել |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Երևանի նորակառույց թաղամասերին՝ ընդգծելով, որ այդ բոլոր թաղամասերը չունեն հայկական դպրոցներ, և բնակիչները ստիպված դիմում են մասնավոր դպրոց, ինչը շատ ծախսատար է։

«Ծարավ Աղբյուր» թաղամասում հարակից տարածքը պետք է տրամադրվեր դպրոցի և այգու համար, չգիտես ինչու՝ այն վաճառվել է «Գազպրոմին» («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, հեղ.)։ Այնտեղ կառուցվել է գերժամանակակից համալիր, լինելու է դպրոց, որի վճարը կազմելու է 1-1,5 միլիոն դրամ։ Հիմա թաղամասի բնակիչները հայտնվել են խնդրի առաջ, ու այս թաղամասերում մոտ 10 հազար քաղաքացի է ապրում»,- ասաց Սամսոնյանը։
Պատգամավորը, դիմելով կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, հետաքրքրվեց, թե ինչ է պատրաստվում անել նախարարությունը երեխաների կրթության իրավունքի իրացումն ապահովելու համար։

Նախարարն արձագանքեց՝ տեղյակ է, որ այս թեմայով սոցիալական ցանցերում շատ գրառումներ կան, և խնդիրը հրատապ է։

«Այդ խնդիրը ոչ միայն այդ թաղամասում կա, այլ մի շարք այլ վարչական շրջաններում, օնլայն հայտագրման համակարգը միտված էր նրան, որ ամբողջական պատկեր ունենանք և ունենում ենք։ «Ծարավ Աղբյուր» թաղամասում կա խնդիր, էնտեղ պետք է կառուցվեր դպրոց, հետագայում այն այլ կազմակերպության է տրվել, և դպրոցը մատուցելու է վճարովի ծառայություն»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը տեղեկացրեց՝ նախարարությունում քննարկում են կապիտալ ներդրումների մի քանի լուրջ ծրագրեր։

«Ներդրման տեղերից մեկը դպրոցի և դպրոցական կարիք ունեցող թաղամասերում կապիտալ շինարարությունն է։ Այս պահին որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել «Ծարավ Աղբյուրի» հետ կապված, բայց մենք դիտարկում ենք ամբողջ Երևանը և ոչ միայն Երևանը՝ ծրագրի իրագործման համար»,- ասաց Հարությունյանը։

Սամսոնյանն արձագանքեց՝ հասկանում է, որ դպրոցաշինության ծրագիրը երկար ժամանակ է պահանջում, սակայն հետաքրքրվեց, թե չկա՞ որևէ ժամանակավոր լուծում այդ թաղամասի բնակիչների համար, օրինակ՝ «Գազպրոմից» ժամանակավոր տարածք վարձակալելը։

Հարությունյանը չբացառեց, որ այդ տարբերակը կքննարկեն «Գազպրոմի» ղեկավարության հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել