Կան երկու մեծ ակտիվներ, որոնք Հայաստանը կարող է օգտագործել. Ֆրանսիայի նախկին վարչապետ |lragir.am|
09:50 - 08 հունիսի, 2019

Կան երկու մեծ ակտիվներ, որոնք Հայաստանը կարող է օգտագործել. Ֆրանսիայի նախկին վարչապետ |lragir.am|

lragir.am։ Երկու ոլորտներում Հայաստանն ունի մեծ ներուժ և կարող է հզորացնել իր դիրքերն աշխարհում՝ զարգացնելով այդ ոլորտները: Այս մասին «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակներում հրավիրած ասուլիսում ասաց 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը:

«Կան երկու մեծ ակտիվներ, որոնք Հայաստանը կարող է օգտագործել: Առաջինը դա մտքի մշակույթն է՝ կրթությունն ու նորարարությունը, որոնք գալիք տարիներին դառնալու են շատ կարևոր: Նորարարության և կրթության դերն ու դրա իրագործումը շատ հզոր դիրքեր կապահովեն Հայաստանի համար ապագայում»,- ասաց նա:

Երկրորդը, Վիլպենի խոսքով, դա տուրիզմի ոլորտն է: «Դուք ունեք հրաշալի ու գեղեցիկ երկիր, եթե ճիշտ ուղղությամբ շարժվեք, ապա կհասնեք դրան: Զբոսաշրջությունը դյուրին մարտահրավեր չէ: Շատ պետություններ անցնող տասնամյակի ընթացքում բաց թողեցին զբոսաշրջային լավ երկիր լինելու հնարավորությունը: Զբոսաշրջությունը կարող է ամեն ինչ սպանել ձեր շրջապատում կամ ամեն ինչ բարելավել: Պետք է ընտրել ծրագրեր, որոնք կայուն են»,- ասաց նա:

Ֆրանսիայի նախկին վարչապետն ասաց, որ շատ մարդիկ են գալու Հայաստան, շատ գումարներ ու խոշոր ծրագրեր են բերելու, որոնք նաև կարող են Հայաստանի համար արդյունքում այդքան էլ դրական չլինել:

«Դրա համար պետք է հարգալից ու կայուն վերաբերվել մտքին, կրթությանը, նորարարությանը և տուրիզմին: Եթե դա արվի, ապա Հայաստանը կհզորացնի իր կարողությունը Եվրոպայի, Ռուսաստանի և Ասիայի միջև կամուրջ լինելու հարցում: Եվ դա բավական հզոր դիրքեր կապահովի Հայաստանի համար»,- հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել