Կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերն աճել 182.8%-ով․Արթուր Դավթյանը ներկայացրեց Դատախազության 2018-ի զեկույցը |tert.am|
12:40 - 08 մայիսի, 2019

Կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերն աճել 182.8%-ով․Արթուր Դավթյանը ներկայացրեց Դատախազության 2018-ի զեկույցը |tert.am|

tert.am։ ԱԺ-ում այսօր քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը։ Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց հանրապետությունում նախորդ տարվա հանցավորության վիճակը և դրա դրսևորած միտումներին։

«2018թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22.551 դեպք ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 2266-ով կամ 11,2%-ով: Միջին հաշվով 100.000 բնակչին բաժին է հասել 760 հանցավորության դեպք։ Պետք է նշել, որ Հայաստանն այս ցուցանիշով դրականորեն տարբերվում է այլ երկրներից»,- ասաց նա։

Ըստ դատախազի՝ առավել վտանգ ունեցող հանցագործությունների թիվը նվազել է, բայց կան ավազակային հանցագործությունների աճ։

«2018թ. արձանագրված հանցագործությունների դեպքերի աճի հիմնական պատճառներից մեկը նախորդ տարիներին կատարված և 2018թ. բացահայտված դեպքերի աճն է, որին նպաստել է այդ հացագործությունների մասին հաղորդումներ ներկայացնելու մեր քաղաքացիների նախաձեռնողականության կտրուկ աճը»,-ասաց նա և նշեց, որ 2018թ. արձանագրված 22.551 հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը կատարվել են նախորդ տարիներին»,-ասաց նա։

Արթուր Դավթյանը նաև նշեց, որ հանցագործությունների ավելացման երկրորդ պատճառը կոռուպցիոն բնույթի հանցատեսակների դեպքերն են։«Առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճի ցուցանիշով»,- ասաց Դավթյանը:

Միաժամանակ, ըստ նրա, նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով: 2018թ. ընթացքում Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: «Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով»,-ասաց նա։

Արթուր Դավթյանը նաև խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նշելով, որ 2018թ. կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 298-ով կամ 182.8%-ով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել