armenpress.am: ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու, մատչելիություն ապահովելու նպատակով կտրամադրվի պետական աջակցություն` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ վարկերը տրամադրվելու են 5 տարի մարման ժամկետով , առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվելու է 10 տոկոսային  կետը:

«Այնպես որ, շահառուին վերջնականապես կտրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին 0 տոկոսով է հասնելու ֆինանսական ռեսուրսը»,- ասաց Գևորգյանը:

Ծրագրի շրջանակում ձեռք բերվող մեկ գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկային արժեքը 1 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր մեկ շահառուի վարկի առավելագույն չափը՝ 3 միլիոն դրամ:

«Այսինքն` մեկ տնտեսավարող սուբյեկտ կարող է ձեռք բերել առնվազն 300 խոշոր եղջերավոր կենդանի, ընդ որում՝ կարող է ձեռք բերել ինչպես արտասահմանից ներմուծելով Հայաստանի Հանրապետության տարածք, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում առկա տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից: Նախատեսվում է 2019-24 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տնտեսավարողների կողմից ձեռք կբերվի 10 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի  խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ:

Համեմատության համար ասեմ, որ վերջին տարիներին` 2013-2018 թվականների ընթացքում, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 2195 խոշոր եղջերավոր կենդանի: Ընդ որում՝ դրանց խմբաքանակի մեջ մեծ բաժին է ընկնում նաև ժամանակին պետության աջակցությամբ ներմուծված խոշոր եղջերավոր կենդանիներին»,- ընդգծեց Գևորգյանը:

Ըստ նախագծի` 2019-28 թվականների ընթացքում հանրապետությունում կարտադրվի շուրջ 25 միլիարդ դրամ արժեքով կաթ և միս: