Կառավարությունն առաջարկում է հավաքագրել անձանց հեռախոսային խոսակցությունների տվյալները․ առանց դրանց բովանդակության
12:06 - 30 մարտի, 2020

Կառավարությունն առաջարկում է հավաքագրել անձանց հեռախոսային խոսակցությունների տվյալները․ առանց դրանց բովանդակության

Պանդեմիայի տարածման և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Եթե արտակարգ դրութունը առաջացել է համաճարակի հետևանքով, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:

Իհարկե, մեկ անգամ ևս շեշտեմ, որ սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն հայտարարելուն: Այսինքն՝ այլ արտակարգ դրությունում միջամտությունն անձնական տվյալների և հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: Սա ավարտվում է արտակարգ դրության ավարտմամբ, և տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամամբ սահմանված մարմիններին», - պարզաբանեց նախարարը:

Ռուստամ Բադասյանը ընդգծեց, որ, մասնավորապես, կատարվելու է հաճախորդի տեղորոշում, ֆիքսվելու են վերջինիս հեռախոսահամարի հետ ուղիղ կամ միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը:

«Ուզում եմ շեշտել, որ հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու», - նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ տեղեկատվության ապօրինի օգտագործումը հետապնդվում է օրենքով՝ Քրեական օրենսգրքի 144,145,146 հոդվածներով:

Նախարարն իր խոսքում նշեց, որ միջամտությունները չեն իրականացվելու ամբողջ ծավալով և ավարտվում են արտակարգ դրության ավարտից հետո։ՏԵղեկությունները փոխանցվելու են, կառավարության որոշմամաբ սահմանված մարմիններին։

Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ անձանց վարակումը ստուգելու նպատակով հավաքագրված տվյալներ, անձի՝ հետազոտություն անցնելու մասին տվյալներ։ 

«Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել մեկ միասնական հարթակ ստեղծելու  ու այս տեղեկությունները հավաքագրելու , և ինչո՞ւ սահմանափակված չէ բացառապես վարակված անձանց տվյալներով, ինչո՞ւ միայն վարակված անձի և կոնտակտավորների տեղեկությունները չեն հավաքվում։ Պատճառն այն է, որ անհրաժեշտություն է առաջացել օնլայն տարբերակում հավաքագրել բոլոր տեղեկությունները, որպեսզի հնարավորինս օպերատիվ կերպով՝ այն դեպքում, երբ  անձի մոտ հաստատվում է վարակի առկայությունը, կանխորոշել , տեղորոշել անձանց այն շրջանակը, ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել տվյալ անձի հետ և դրանից բխող միջոցառումներ իրականացնել։ Կառավարությունը առաջարկում է նաև ներդնել էլեկտրոնային հավելվածներ՝ արտակարգ դրության ընթացքում մարդկանց տեղաշարժի, առողջական վիճակի, մեկուսացման կամ ինքնապեկուսացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու և վերահսկողություն իրականացնելու նպատակով»,- հավելեց Բադասյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել