Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը
12:42 - 18 սեպտեմբերի, 2019

Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման ծրագրի շրջանակում 66 համայնքում իրականացվել է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվում է «Անվտանգ գյուղ» բաղադրիչը։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ այդմ՝ այն համայնքներում, որտեղ վերականգնվում են կենսական նշանակության ճանապարհներ, սոցիալական նշանակություն ունեցող հանրային օբյեկտների հարակից տարածքներն ապահովվում են ճանապարհային անվտանգության տարրերով, տեղադրվում են արհեստական անհարթություններ, ճանապարհային նշաններ, գծանշվում են հետիոտնային անցումներ։

Այս միջոցառումները կատարվում են նաև դպրոցների հարակից տարածքներում։ Երթևեկության կարգավորման միջոցառումները համակցվում են համայնքային մակարդակով իրազեկման բարձրացման արշավների հետ։

Արարատի մարզի Աբովյան համայնքով անցնող 1,3 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհը վերականգնվել է 2018 թվականին։ Վերանորոգվել է նաև համայնքի դպրոց տանող ճանապարհահատվածը, ապահովվել կրթօջախ հաճախող 177 աշակերտների անվտանգությունը։

Աբովյան համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանն ասում է, որ դպրոց տանող ճանապարհն ասֆալտապատելուց, երթևեկության կանոնների նշանները տեղադրելուց, մայթերը կառուցելուց հետո ծնողները, երեխաները քայլում են մայթերով, ճանապարհն անցնում են գծանշված հատվածներով, հետևում ճանապարհային երթևեկության կանոններին։

«Այս ամենն անվտանգ երթևեկության հետ կապված կարևորագույն խնդիրներ է լուծում։ 50 տարի ճանապարհը չէր վերանորոգվել, քայլում էինք ցեխերի, քարերի միջով, իսկ հիմա մեր համայնք մտնողը զարմացած ասում է՝ կարծես քաղաքատիպ ավանում լինեն»,- նշում է համայնքապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել