ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 24] Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի
19:53 - 23 ապրիլի, 2019

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 24] Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 23] Գլուխը չկա, հիդրան գործում է

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Վահան Կոստանյան] Նախորդ օրվա երեկոն ավարտվել էր Ֆեյսբուքում գրառում անելով՝ «բարի գիշեր, Ար» ու հաստատակամ որոշմամբ, որ առավոտյան պիտի դուրս գամ: Մտածում էի՝ Ռուբոյին արդեն բռնել են, ու արդեն իմ հերթն էր եկել:

[Միքայել Նահապետյան] Գործելու պահն է։ Եթե ժողովրդին ազատ չարձակեն, սկսում ենք մոբիլ խմբերով պատգամավորներին կալանքի տակ առնել։ Իջնում եմ Դեմիրճյան։ Խառատյանը, Մարիան, Թագուհին ու էլի մարդիկ փակված են բնակարանում` մինչև հասկանանք, թե հատկապես ինչ անելու պահին արժի ձերբակալվել։

[Արմեն Գալջյան] Առավոտյան այսպես ասած չձերբակալված կազմակերպիչների ֆեյսբուքյան չատ բացվեց՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անենք։

Ես գիշերել էի Հանրապետության հրապարակից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող մի ապահով տեղում։ Նիկոլի հեռախոսն ինձ մոտ էր, և ես վստահ էի, որ հեռախոսի ազդանշանով շատ հանգիստ կգտնեն տեղս, բայց չէի կարող ազատվել դրանից, քանի որ դա ժողովրդի հետ կապի մեջ մտնելու ամենաարդյունավետ միջոցն էր, և որոշեցի գնալ այդ ռիսկին։ Ամբողջ գիշեր սպասում էի, թե երբ է ԱԱԾ-ի սպեցնազը գալու հետևիցս։

Բարեբախտաբար արշալույսը խաղաղ էր․ անջատվել քնել էի։ Առավոտ 11֊ին արթնացա, միացրեցի կոմպը, տեսնեմ արդեն հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել երթի, և կազմակերպչի կարիք էլ չկա։ Որոշեցինք հավաքվել Հայկական ժամանակի գրասենյակում։ Դեռ մտածում էի, որ շենքի մուտքի մոտ ինձ սպասողնոր կլինեն և,հենց դուրս գամ, կձերբակալեն։ Պատուհանից նայեցի՝ մարդ չկար, որոշեցի տաքսի կանչել և գնալ ՀԺ։ Նորից բախտս բերեց՝ հանգիստ տեղ հասա։ Այստեղ էին Աննան, Մխիթարը, Արայիկը, Լենան, Տրդատը և էլի մի քանի հոգի։ Տարբեր լուրեր էինք ստանում։

[Գոհարիկ Տիգրանյան] Ես փոխել էի իմ տոմսը դեպի կրթություն՝ հույս ունենալով, որ կարմիր հորիզոնում մայրամուտ ու նոր լուսաբաց լինելու է, բայց հետո պիտի գիտակցեի, որ այդ օրերին որևէ իրադարձություն, անգամ տոմսի թանկությունն ինձ համար էր արված, որ կյանքում առաջին անգամ ուրախության արցունքներ հոսեն աչքերիցս։

Ուսանողների համար հրահանգը ԵՊՀ-ի մոտ լինելն էր ու էնտեղից երթ անելը։ Անհայտության ալիքն ու զգայական ճնշվածությունն արդեն ետևում էին, իսկ ուժերը՝ տեղում, հետդարձը՝ կեղծ կատեգորիա էր, կշեռքի վրա շատ բաներ էինք դրել ու շատ ընկերներ էինք կորցնելու ամեն կես քայլը հետ դնելիս։

[Գարեգին Միսկարյան] Առավոտվա լրահոսից ու խցանումների քարտեզից ակնհայտ էր, որ էլ անելու բան չկա։ Վերջ։ Սերժին երկու տարբերակ էր մնում․ կա՛մ Նիկոլին թողնում է ու հրաժարական է տալիս, կա՛մ մի պատրվակով Ծիծեռնակաբերդ գալուց հրաժարվում է (որովհետև կարող է և տեղ չհասներ) ու հաջորդ օրը հայտարարում արտակարգ դրություն (որովհետև 24-ին չէր կարող հայտարարել)։

Ակնհայտ էր, որ երկրորդի դեպքում ավելի մեծ կորուստներով էր դուրս գալու, որովհետև բացի էն, որ դրանից մեծապես օլիգարխներն էին տուժելու, նաև ակնհայտ էր, որ արտակարգ դրության ավարտի հաջորդ օրն էլի բոլոր փողոցները փակվելու էին ավելի մեծ ծավալներով (հաշվի առնելով տնտեսական անկումը):

[Գոհարիկ Տիգրանյան] Տաքսիով իջա համալսարանի բակ։ Այդ բակից սկսվել էր ակտիվությունս, ու հենց այդ բակում էլ հաջողությունը վերջնականապես կնքվելու էր։ ԵՊՀ ուսանողներով արդեն իսկ շատ էինք, անընդհատ զանգեր էին գալիս Գարիկին, ու լսվեց․ «Բժշկականից հավաքվում են գան, սպասենք իրենց ու շարժվենք», հետո նորից․ «Ժողը միանում ա, հավաքվում են ու մոստի տակով կգան»։

Տնտեսագիտական համալսարանը միանում էր, այն համալսարանը, որտեղ 2013-ին ուսանողներին չէին թողնում դուրս գալ, իսկ դրսում կանգնածների հետ կռվում էին ու լարում իրենց տարածքներից։

Երջանկություն էր, բոլորիս հոգիները տոնում էին, մենք կարողացանք ալիք անել, իսկ այդ ալիքը հիմա գրավում էր ու ընդգրկում բոլոր ուսանողներին։ Կարծես ուշանային բժշկականի ուսանողները, բայց չէ, մենք էինք անհամբեր։ Աղմուկը լսվում էր, նրանք մոտենում էին, հանկարծ ԵՊՀ սպիտակ շենքի դալանից՝ բժշկական խալաթներով մի հսկա զանգված հայտնվեց ԵՊՀ բակում։ Շատ էին, հավատացեք շատ-շատ էին, մեր սևացած ու հոգնած դեմքերին ժպիտ էր։

Գարիկին մոտեցա, ասաց, որ ժողից էլ հասնում են, ու ժողից եկող կամուրջի տակից լսվեց աղմուկ՝ «ազատ, անկախ ուսանող»։ Արփիին նայեցի, ժողի երեխեքը գոռում էին «ազատ, անկախ ուսանող», մեր առաքելությունը կատարված էր, մշտապես փոքրամասնություն կոչված ԵՊՀ ուսանողությունը համախմբեց մնացածին (ինձ ճիշտ հասկացեք, ընկերներ, տարբեր առիթներով, երբ մենք ասում էինք, որ ուսանողության ձայնն ենք բարձրացնում, մի հարց մեզ պատին էր սեղմում․ «Իսկ ու՞ր են այլ համալսարանների ուսանողները, դուք չեք կարող նրանց ներկայացնել»)։ Իսկ այսօր ամեն մեկը եկել ու իրեն էր ներկայացնում։

[Աստղիկ Մելքոնյան] Առավոտյան ընկերներս զանգում են, գնում եմ կենտրոն։ Տեղ ենք ման գալիս, որտեղ օգնելու կամ փակելու կարիք կա, բայց որ փողոց թեքվում ես, մի երթ կա։ Մի տեսակ ինձ անօգուտ եմ զգում։

[Վահան Կոստանյան] Օրը սկսվեց խաղաղապահ զորամիավորման զինվորների երթին միանալով: Մոնիտորինգի չաթում դեռ չձերբակալվածներս քննարկում էինք՝ ինչ ելք գտնել ստեղծված այս իրավիճակում, որովհետև կարծիք կար, որ ռազմական դրություն կմտցնեն սրանից հետո: Փորձում էին կապվել տեղում գտնվողների հետ, որ զինվորներին ետ ուղարկեն, մյուս կողմից՝ ինքներս էինք նման բովանդակությամբ գրառումներ անում: Էլ չէի կարող մնալ:

[Միքայել Նահապետյան] Ուղիղ եթերով տեսնում եմ, որ խաղաղապահ զորքը քայլում է երթի առջևից։ Սա վերջն է։ Կամ մի ժամվա ընթացքում արտակարգ դրություն կհայտարարեն՝ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի հիմքով, կամ հրաժարական կտա։

Մարիան զանգում է, հեռախոսը փոխանցում են հրամանատարին, բանակցում ենք, որ վերադառնան տեղակայման վայր, հրամանատարն ասաց, որ մինչև չգնանք էնտեղ, իրենք չեն գնա։Հատ-հատ տնից դուրս ենք գալիս, շոգ կրակին կապյուշոնները քաշում գլխներիս ու կորչում բակերում։

[Գարեգին Միսկարյան] էս ամեն ինչի մասին Սուրենի հետ խոսում-քննարկում էինք՝  Սևակը զանգեց, թե ինձ մի տեղ են կանչել` չեմ ուզում միայնակ գնալ, ով կգա հետս։ Ես որոշեցի գնալ։ Պայմանավորվեցինք Շրջանայնում հանդիպել։

[Միքայել Նահապետյան] Ռուբինյանը հայտարարություն է տալիս մամուլին, որ բանակի համար թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության անունից պատասխանատու է ԶՈւ ղեկավարությունը։ Պուշկինի դպրոցի մոտ եմ հասնում։

[Գոհարիկ Տիգրանյան] Որոշվեց բարձրանալ Երիտասարդական ու այնտեղից դեպի Մաշտոց ու շարունակ։ Շատ սիրուն էր, բժշկականի երեխեքը անգամ առաջին օգնության պարագաներ էին հետները բերել՝  խալաթներով ու բարձր տրամարդությամբ։ Բոլորիս մեջ ներքին մի վտանգի ձայն կար, մտնում էինք ամեն պատահած դեղատուն ու դիմակներ, ջուր, դեղեր գնում։ Փողոցները փակ էին, մեքենա չկար, ամեն կողմից խմբեր էին գալիս ու միանում ուսանողներին, հետո բացում էինք ուղիղ եթերը՝ մարդկանց տարբեր խմբեր քայլերթ էին անում։

[Սոնա Մնացականյան] Ինձ համար էս օրը վերականգնելը ցավոտ ա․ ոչ թե որովհետև մանրամասները չեմ հիշում, այլ որովհետև հիմա էլ, երբ վերադառնում եմ ապրիլի 23-ին, զրկված լինելու զգացողությունս ա վերադառնում։ Կարծես էդ օրը Հայաստանում եղածները մի ինտիմ բան են կիսում, որին ես երբեք հաղորդակից լինել չեմ կարող։

Աչքերս դեռ չբացած՝ ձեռքերս հեռախոսն են փնտրում։ Երևանն ապրում ա կյանքը ութ ժամ առաջ․ Երևանի կյանքը վազում ա, ես չեմ հասցնում հետևից, Երևանի օդը զրնգում ա, ես արձագանքն եմ լսում։ Դեսուդենից իրար ձեն են տվել ընկերներս․ Գեմոն գրել ա՝ քաղաքը լիքն ա, տեղ չկա, Վահրամը՝ ուսանողներիս հետ Պուշկինն ենք փակում, Քրիստը թե՝ էսա կգամ, Կարենը շարժման համար իր հորինած հերթական լոգոն ու կարգախոսը չաթում կիսվելուց հետո Կասկադով իջել ա՝ միանալու համազգային «դաշտային աշխատանքներին», Ալինան հասել ա Բարեկամություն, Աննան Իլիկում ա, Մերին՝ դեռ Զորիկի ճամփին սպասող։

Մենակ ես եմ արթուն տանը․ վաշինգտոնյան էս եռահարկ սիրունիկ տունը լուր ա տալիս ցանկացած շարժման մասին, քանի որ հատակը ճռռան փայտից ա։ Մի ժամի չափ էլ եմ մնում պառկած՝ նայելով ֆեյսբուքյան պատիս հայտնվող բոլոր նկարներն ու լայվերը, կարդալով հումորային, վերլուծական ու ամեն տեսակ ստատուսները։ Կարծես թե երեկվա օրն ա կրկնվում։

[Գոհարիկ Տիգրանյան] Լուր ստացանք, որ շուտով Արարատենց բաց են թողելու։ Օդում տարօրինակ դրական ոգի էր պտտվում։ Բայց, ընկերներ, մենք անգամ դրանից էինք վախենում։ Արփին, Սոնան ու ես որոշեցինք նախաճաշել ու գնալ տեսնել՝ ինչ փողոց կա փակելու։ Կարմիր գլխարկից դուրս եկանք, շրջակա տարածքները մաքրելուց հետո նորից Բրյուսովի մոտ հայտնվեցինք։

Իրականում՝ փակելու ոչինչ չկար, հանգիստ կանգնած էինք փողոցում, երբ լիբանանահայ ընկերս՝ Րաֆֆին գրեց ու եկավ ինձ տեսնելու, ինքն էլ փակեց փողոցը կես ժամով, վերջում մոտեցավ ինձ ու ժպիտով ասաց․ «That’s the spirit, thanks»։ Մեքենաներով մեզ խմորեղեն, ուտելիք, ջուր ու հյութ էին մոտեցնում, հետն էլ նեղանում էին, որ չէինք վերցնում։ 12-ի, թե 1-ի կողմերն էր՝ Արարատենց բաց էին թողել, իսկ քաղաքը վերջանականապես պարալիզացված էր։

[Արմեն Գալջյան] Սպասեցինք մի փոքր, և լուր հասավ, որ Բաբլոյանը գնացել է խուց և սկսվել են բանակցությունները։ Դա իմանալու պես միացրեցինք Նիկոլի ֆբ էջի ուղիղ եթերը, և Լենան սկսեց ունեցած ողջ ինֆորմացիան փոխանցել ժողովրդին։ Հետո լուր ստացանք, որ քիչ անց ազատ են արձակվելու առաջնորդները։ Դա մի փոքր հանգստացրեց մեզ և որոշեցինք մի կտոր հաց ուտել մոտակայքում, որի ընթացքում ազատ արձակման լուրը պաշտոնապես հաստատվեց, և մենք շտապեցինք դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ իսկական տոն էր, բայց պետք էր սթափվել և հասկանալ՝ ինչ է պետք անել, որովհետև Նիկոլը Սերժի հրաժարականի համար երկու ժամ էր տվել իշխանություններին, և եթե այդ պահանջը չկատարվեր՝ պետք էր հստակ գործողություն ծրագրեինք։

[Միքայել Նահապետյան] Բոլոր ռադիոներով, համակարգիչներով լուրեր է միացված։ Մի տաքսու մոտ մարդիկ են հավաքված, «Ազատության» Կառլենի ձայնն է հնչում. «Եվ ահա, ընդամենը վայրկյաններ առաջ ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը...»։Քաղաքը գոռում է, ճչում։ Մարդիկ լացում են։ Վազում եմ Հրապարակ։

[Աստղիկ Մելքոնյան] Մաշտոցի պողոտայով ենք քայլում ու մեկ էլ մեքենայի վրա Ալեն Սիմոնյանին ենք տեսնում՝ գոռում է, թե Նիկոլին բաց են թողել։ Ահա և պահը, Սերժի հրաժարականը ժամերի, եթե ոչ րոպեների, հարց է։ Ու չնայած այդքանը շատ լավ եմ հասկանում, պատկերացնել մի տեսակ չեմ կարողանում. մի՞թե…

[Վահան Կոստանյան] Գրկեցի պուճուր զարմիկիս, շնորհակալություն հայտնեցի եղբորս ընտանիքին ինձ հյուրընկալելու համար ու իջա հրապարակ: Ընթացքում արդեն լուր ստացա, որ պատգամավորներին ազատ են արձակում ու ՍՍ-ն հրաժարական է տալու: Հրապարակում մարդկանց կուտակումները մեծ էին ու միայն հեռվից կարողացա տեսնել, թե ինչպես իրենք եկան: Որոշեցի Կողբացու գրասենյակ գնալ ու սպասել մյուսներին:

[Միքայել Նահապետյան] Սեդան տեսախցիկը պահել է վրաս, հարցաքննում է։ Տեսնում եմ ընդառաջ եկող Արարատ Միրզոյանին։ Փաթաթվում ենք, ասում եմ՝ «Ո՞նց ես, ցավդ տանե՛մ», ականջիս ասում է «Կրեցինք ապեր, էրկու ժամից հրաժարական ա տալիս»։

[Գոհարիկ Տիգրանյան] Կանգնեցինք, փակեցինք փողոցը, բայց անգամ մեքենա չկար, որտեղ էլ կար, ապահովում էր երաժշտական ուրախ տրամադրությունը։ Որոշեցինք տեղափոխվել այլ վայր, քայլեցինք Կասկադ․ «է, բայց փակ ա», բժշկական՝ նորից նույնը, հասանք Մաշտոցի պուրակի մոտ՝ Մանոն, Նարեկը, Սոնան ու ես։ Առաջարկեցի այգում մի փոքր հանգստանալ, արդեն ժամը 14-ի կողմերն էր։

[Արմեն Գալջյան] Գնացինք ՔՊ գրասենյակ, որտեղ վարչությունը մտավ նիստերի համար նախատեսված սենյակ, և սկսվեց ՔՊ վարչության հերթական նիստը։

[Սոնա Մնացականյան] Զգույշ քայլերով գնում եմ լողանալու, հետ եմ գալիս սենյակ ու նորից կպնում հեռախոսիս․ Ալինան գրել ա՝ Սոն, պատրաստի մազերդ, հրաժարականի լուրի հաստատմանն ենք սպասում։ Էդքան էլ չեմ հավատում, որովհետև էս ընթացքում մի անգամ չի, որ ամեն փոքր ու մեծ շրջադարձից հետո պահանջել են մազերս կամ խնդրել խնայել։ Ես սկսում եմ մազերս չորացնել, սա առնվազն 20 րոպեի գործ ա։

[Գոհարիկ Տիգրանյան] Մի ժամից հետո որոշեցինք գնալ ՊիտՍտոպ՝ հաց ուտելու՝ 15․00-ն էր։ Մանոն մի պահ դուրս եկավ ու 15․20 եկավ։ Այդ ընթացքում ասում էին ՍՍ-ի մայրը վատառողջ ա ու հիվանդանոցում (շատ վատ բան եմ ասելու, բայց ուրախացել էինք։ Այո, չի կարելի)։
- Գոհարիկ, կգաս մի հատ դուրս։
Դուրս եկանք։
- Մերոնք (ՀԱԿ-ի ժողովուրդը) ասում են, որ ՍՍ-ի ախպերը լքում ա ԱԳՆ-ն։
- Հը՞, այսինքն։
- Ասում են, որ մարդամեկը հրաժարական ա տալու։
- Սպասի, մի րոպե։
- Ճշտի մի հատ ձերոնցից։
- Լավ, հիմա։
Վերցնում եմ հեռախոսը ու գրում Վահանին․
«Վահա՞ն»։
«Այո՞»։
«Ճի՞շտ ա էն, ինչ հիմա խոսում են»։
«8-ին արի Հրապարակ, կիմանաս»։
Անկեղծ ասած վիրավորական էր, հարցիս պատասխանը մաքսիմում ոչինչ չասող էր, կատաղեցի․
«Վատ ես, հենց հիմա ասա՝ ճիշտ ա, մենակ հա կամ չէ ասա»։
Գրեց․
«Հա»։
15․35-40 Պիտստոպի աստիճանների վրա փաթաթվեցի Մանոյին ու սկսեցի գոռալ։ Կողքներս որևէ մեկը բան չէր հասկանում, հարցրին՝ ինչ է եղել, ասաց․ «Պրծանք, գնում ա»։

Լացում էի ու գոռում։

[Աշոտ Խաչատրյան] Այս օրվա մասին շատ բան չկա ասելու: Առավոտից էլ ոչ մի բանի չէի մասնակցում, պարզապես շրջում էի քաղաքում, բազմում էի նստարաններին ու վայելում էի այդ պահին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքի արտակարգ մթնոլորտը:

Հայաստանում իմ կյանքի օրոք երբեք նման փոխօգնության, բարության ու սոլիդարության մթնոլորտ չէր եղել: Մաշտոց-Թումանյան խաչմերուկում կանգնած էի, երբ ծանոթ աղջիկներ մոտեցան և հարցրեցին, թե ճի՞շտ է, որ հրաժարական է տվել: Առանց կասկածի, միանգամից, ասացի, որ հաստատ սուտ է: Օրվա ընթացքում շատ էր ապատեղեկատվություն տարածվել, մտածեցի, որ սա էլ սուտ կլինի: Իրականում, պարզապես չէի ուզում, որ ճիշտ լիներ, չէի ուզում, որ էս օրերն ավարտվեն, կյանքս առանց այդ ամենի այլևս չէի պատկերացնում:

[Վահան Կոստանյան] Լիքը ընկերներ հավաքված էին գրասենյակի մոտ, շշուկներ էին պտտվում՝ ինչ պիտի լինի, մի մասս միայն գիտեինք սպասվող հրաժարակի մասին:
Ներսում կանգնած էինք, երբ Նիկոլն ուրախ-ուրախ դուրս եկավ միջանցք ու կարդաց հրաժարականի տեքստը: Չէինք գիտակցում, թե ինչ էր կատարվում, օդը կանգնել էր ու մի վայրկյան անց պայթեց բոլորիս ձայներից:

[Արմեն Գալջյան] Մենք մի քանի հոգով շենքի մուտքի մոտ էինք, երբ նիստի սենյակից լսվեց բարձր ձայներ, վազելով ներս մտանք, և բոլորը գոռում են՝ «ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ա տվել», ու Նիկոլը սկսում ա հեռախոսով կարդալ հրաժարականի տեքստը, բայց բոլորը սթափվում են, և գնում ենք հրապարակ՝ ժողովրդի մոտ, որտեղ ուղղակի ֆանտաստիկ մթնոլորտ էր։

[Վահան Կոստանյան] Հոգեխանգարման մեջ էի, չէի գիտակցում, թե ինչ ա կատարվում, դուրս եկա ու ոտքերս անկախ ինձնից տարան հրապարակ: Միայն հիշում եմ, որ Վարագի պապան մոտեցավ ինձ ու ասեց, որ Վարագը դեռ Եղվարդում է ու բաց չեն թողել: Վստահ էի՝ շուտով բաց կթողեն:

[Աշոտ Խաչատրյան] Ստուգելու համար մտա ֆեյսբուք` ֆեյսբուքը գոռում էր: Մի 5 րոպե շշմած կանգնելուց հետո մոտ 2 ժամ ճանապարհային երթևեկությունն էի կարգավորում, վախենում էի, որ մարդ կզոհվի ու մեր տոնը կփչանա:

[Արմեն Գալջյան] Մինչև հասնում ենք հարթակի մոտ, տասը րոպե տևում է, բոլորը ուզում են ձեռքով կպնել և համբուրել Նիկոլին։

Մի բան պարզ էր արդեն՝ հաղթանակն այլևս անշրջելի է։ Երեկոյան սկսվեցին բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվե։

[Գոհարիկ Տիգրանյան] Երեխեքը դուրս եկան, մինչև հասանք Մաշտոց-Պուշկին, բոլորը արդեն գիտեին։ Սասի մոտ տեսա հորեղբորս ու Արփիին, ես ու Արփին գրկել էինք իրար ու լացում էինք, արցունքները հոսում էին, մի սերունդ, որ «կորցրել էր իր երիտասարդությունը», հաղթել էր մեռած ժամանակին։
Հորեղբորս աչքերը ուռած էին, գրկեց ինձ ու հուզվեցինք միասին։ Հետո նորից, իրար գրկում էինք, բոլորս բոլորին, անընդհատ կողքի մարդկանց, ու սկսվեց ցերեկային հրավառություն, սկզբում վեր թռա, հետո հասկացա՝ տոն է։

[Գարեգին Միսկարյան] Կենտրոնում թե՛ հեռախոսակապ չկա, թե՛ առավել ևս ինտերնետ։ Մինչև Սևակի հետ կհանդիպեինք, մեքենաների ազդանշաններից հասկացա, որ մի բան կատարվել է, ու էդ մի բանը Սերժի հրաժարականն էր։

[Աստղիկ Մելքոնյան] Դեպի Օպերա ենք բարձրանում, դիմացիցս մի քանի ոստիկաններ են քայլում. մի տեսակ թեթևացած ու հանգիստ են: Հարցնում եմ՝ հը՞ն, վե՞րջ, տո՞ւն: Ժպտում են՝ հա՜: Զանգում եմ ոստիկան եղբորս, ասում է, որ իրենց էլ են տուն ուղարկում: Նստում ենք օպերայի մոտ ու նայում երթերին։ Ում ասես չեմ տեսնում. նախկին մերձհանրապետականների, անտիՆիկոլականների, երեկվա թերահավատների… Բոլորն այսօրվա ակտիվիստներ են։ Պողոսյան Քրիստինեն է անցնում, ում, ի դեպ, քաղմասից դուրս գալուց անմիջապես հետո հիշել էի։ Ողջագուրվում ենք որպես խցի հարևաններ ու շնորհավորում իրար։ Չգիտեմ էլ, թե ոնց եմ ընկերներիցս բաժանվում, քույրս է զանգում ու ականջիս մեջ ճչում է. հրաժարական տվեց… Ծիծաղում ու ուրախանում ենք, հրաժեշտ տալիս ու հեռախոսն անջատում։

[Գարեգին Միսկարյան] Սևակի հետ որոշեցինք էլ էդ տեղը չգնալ։ Շարժվեցինք Օպերայի կողմ։ Բոլորի մոտ քեֆ-ուրախություն, մեքենաները կանգնած, երաժշտությունը զլած գինի ու շամպայն են հյուրասիրում միմյանց։
Էն որ ասում են մարդկային տոն, ես դա եմ հիշում։

[Միքայել Նահապետյան] Քայլում ենք Ամիրյանով, չեմ հավատում, որ էս մարդիկ ու էս ուրախությունն իրական է։ Կյանքում էդպիսի բան տեսած ու ապրած չկայի։
Շտապ օգնության մեքենա է կանգնած, ինչ-որ մեկը մայթին պառկած է։ Մոտենում եմ` Հայրապետյան Մխիթարն է։ Գարիկը հարցնում է՝ էս ի՞նչ ա էղել, ասում եմ` ուրախությունից ուշքը գնացել ա, հանկարծ չհաջողվեր` 20 տարի դատվելու էր։

[Սոնա Մնացականյան] Հանկարծ ամբողջ տունը դղրդացնող քայլեր ու բարձր ձայն եմ լսում։ Անջատում եմ ֆենը, ոտնաձայները արդեն մարում են առաջին հարկում, իսկ հեռախոսս ծնգծնգում ա․ մեսիջներ են գալիս։ Բացում եմ ու թվում ա՝ շամպայնների տրաքտրաքոցն եմ լսում․ շնորհավորում ու իրար են կանչում ընկերներս։ Ավելի ուշ կիմանամ, որ Գեմոն լացել ա երեխու պես, Վահրամը կկրկնի, որ դա իր կյանքի ամենաաուրախ օրն ա եղել, համարյա երկրորդ ծնունդ, քուրս կասի, որ իրեն թվում էր, թե պատերազմ ա ավարտվել, Կարենը կավելացնի, որ կարծես օդը էնդորֆիններով էր ծփում, ու բոլորը երջանկությունից գժվելուց հինգ էին պակաս։

[Աստղիկ Մելքոնյան] Շշմած եմ, չնայած սպասում էի այս պահին։ Շուրջս բոլորը ցնծում են, իսկ ես դատարկություն եմ զգում, կարծես՝ կյանքիս մեծագույն նպատակը ինձնից խլած լինեն։ Օֆելին՝ ֆրանսուհի ընկերուհիս , ով, ի դեպ, ապրիլի 13-ին էլ ինձ հետ էր, զանգում է ու ասում, որ մոտենում է այնտեղ, ուր ես եմ։ Սպասում եմ էմոցիաների ու մեկ էլ զգում եմ խեղդող արցունքներս՝ երեխայի պես լաց եմ լինում։ Բոլորը տարօրինակորեն վրաս են նայում։ Լսում եմ Օֆելիի ձայնը՝ Astghik Jan, you did it! you won! Իսկապես որ… Պատմում է, որ ծնողները Ֆրանսիայից եկել են Հայաստանը տեսնելու, նույնիսկ ցույցերին են մասնակցել։ Պարզվում է՝ մայրիկի ծնունդն է, ինձ հրավիրում է նշելու երկու առիթն էլ։ Հրաժարվում եմ, իրեն էլ հրաժեշտ եմ տալիս։

[Սոնա Մնացականյան] Ես մի քանի րոպե ապուշացած կանգնած եմ։ Մեկ էլ մայրենիս ա զանգում․ ինչ Ամերիկայում եմ, սա մորս առաջին զանգն ա։ Իմ մասին լուրերը քրոջս միջնորդությամբ են հասել իրեն։ Ինչու՞ չէինք խոսում էդ օրերին․ հիմա որ մտածում եմ, ենթադրում եմ, որ պատճառը կանգնած ժամանակի զգացողությունն էր․ թվում էր՝ մի երկա՜ր, անվերջանալի օրվա մեջ ենք ապրում, որտեղ մեկի ներկայությունը կամ բացակայությունը ակնհայտ դարձավ հենց էդ պահին։ Մաման դաշտում էր, ելակն էր քաղհանում ու ամեն 15-20 րոպեն մեկ վերադառնում էր ծառի մոտ ու լայվին հետևում։ Մաման հպարտությամբ ա նշում սա, որովհետև հենց էս օրերին ինքնիրեն ա սովորել ինտերնետում իրեն անհրաժեշտ լուրերն ու լայվերը պեղելը։

[Գոհարիկ Տիգրանյան] Մարդիկ պարում էին, լացում, ժպտում, գրկվում, գոռում, մարդիկ ուղղակի  ուրախ էին։ Մանոյին տեսա Ամիրյանի վրա, վազեցի ու լացելով գրկեցի, հետո նկատեցինք, որ նկարվել ենք (հիմա նկարը Հոդված3-ի պատին է)։ Կատակում էին ընկերներս՝ ՀԱԿ-ականն ու ՔՊ համակիրը ընկերներ են, բայց մեր նման շատ ընկերներ կային ու կան՝ ընկերությունն էլ վեր է կուսակցական պատկանելիությունից։
Հասանք հրապարակը, տոն էր, Մարիոթի դիմաց Քրիստին տեսա, գրկվեցինք, լացեցինք։

[Սոնա Մնացականյան] Քրիսն ա դուռը թակում, որ գնանք սուրճ խմելու։ Ես անհավանական լուրն եմ հայտնում, բայց ինձ թվում ա՝ իմ անգլերենն ա պատճառը, որ Քրիսը չի ցնծում։ Հետո Ալինան կպատմի, որ ինքը չգիտեր՝ ոնց էդ օրը թարգմանելի դարձնի Ջերըմիի համար, ասում ա՝ տաս տարվա պատմություն էլ պատմեիր, համաշխարհային պատմության մեջ էլ դնեիր չէր թարգմանվում, թե էս ազգի մոտ հիմա ինչ ա կատարվում։

Իջնում ենք խոհանոց, ու հասկանում եմ քիչ առաջվա դղրդոցի պատճառը․ Գարունը ընդամենը մի քանի անգամ այցելած իր հայրենիքին պատած ուրախությունից կորցրել ա իր տեղը իր սեփական տան մեջ։ Մի քանի ժամ ա, ինչ ես ու Գարունը ճանաչում ենք իրար, բայց էս պահին ինքն ա ինձ ամենահարազատը, իմ անգլերենը թարգմանում ա էմոցիաներս։ Քրիսն ու Ջուլիան մի տեսակ հետքաշված ու զուսպ մեր այլայլված հուզմունքն են կարծես զննում։

[Վահան Կոստանյան] Մարիոթի աստիճանների մոտ պայմանավորվել էի հանդիպել Գոհարիկին: Քրիստն էր էնտեղ, գրկեցինք իրար՝ ասելով, որ իզուր չէին տարիներ շարունակ արած բոլոր դասընթացները երիտասարդների համար: Երբ եկավ հեղափոխական դեսանտը՝ Գոհարիկը, էլ հույզերը կառավարել անհնար էր: Մենք ապրեցինք հեղափոխությունը բոլոր էն հիասթափություններից, ծեծերից, ջրցաններից, նվաստացումներից, թևաթափ օրերից հետո:

[Աստղիկ Մելքոնյան] Գոհարիկին եմ տեսնում, իրար պինդ գրկում ենք ու շնորհավորում: Անչափ ուրախ եմ, որ այս օրը այստեղ է ու ոչ Կիևում. գիտեմ, թե իր համար ինչքան կարևոր իրադարձություն է։ Պատմում է երեկվա դեպքերից, թե իրեն ինչքան մոտ է նռնակը պայթել ու ծխից իմ տված դիմակով է պաշտպանվել: Իրեն բարի թռիչք եմ մաղթում ու բաժանվում ենք:

[Միքայել Նահապետյան] Եվ ահա, «կյանք ջոկող» ու մեզ «կյանք սովորեցնող» բճերի բազմանշանակ հայացքների առաջ անցնում ենք որպես տրիումֆատորներ, անցնում ենք մեր կանխորոշած ճանապարհով, անցնում ենք դեպի նոր փուլ` պետական շինարարության կատաղի պատերազմի փուլ, որտեղ բարեկամներ չունենք:

[Գոհարիկ Տիգրանյան] Ութին սկսվեց հանրահավաքը՝ Նիկոլը խոսում էր ու ոչինչ չէր լսվում։ Որոշեցինք գնալ Էլենի արվեստանոց՝ տոնելու բան կար։
Մարիից ու Լուսինեից նամակ ստացա․«Շնորհավոր, փաստորեն խմում ենք արա, շուտ արի, սոված ենք մնում, հաց սարքող չկա։ Օդանավակայանից Կիև տոմսդ առել ենք, կգանք կդիմավորենք»։

[Արմեն Գալջյան] Ուշ երեկոյան ՔՊ օֆիս եկավ Լևոն Բարսեղյանը՝ իր մշտական սև շորերով, ոտքը գցեց ոտքին և մոտավորապես սենց մի բան ասաց․ «պետք ա սրանց մինչև վերջ գազ տալ, որ հանկարծ խաղեր չտան», ու նաև մի քանի բան ասաց ապագայի վերաբերյալ։

[Վահան Կոստանյան] Ամսի 23-ն էր: Ճակատագրի բերումով տոմսը դեպի Կիև գնել էինք հենց ամսի 23-ի համար: Մավռը արել էր իր գործը, մավռը կարող էր հեռանալ ու թողնել հեղափոխության հետ մենակ:

[Արմեն Գալջյան] Ընկերներիս մի մասը ցնծության մեջ էր և որոշեցին գնալ նշելու մոտակա փաբերից մեկում։ Ես մի 10 րոպե մնացի, դեռ նշելու տրամադրություն չունեի, որովհետև վստահ էի, որ դեռ ԿԿ֊-ն փորձելու ա պահել իշխանությունը։

[Աշոտ Խաչատրյան] Տոն էր, իհարկե, բայց բավականին տխուր էի, էս երջանիկ օրերին դատարկ օրերն էին հաջորդելու: Բոլորս ասում էինք, որ փողոցները փակ են, բայց փողոցները իրականում բաց և ազատ էին: Մեր կյանքի ամենաազատ փողոցներն ու ամենաերջանիկ օրերը:

[Աստղիկ Մելքոնյան] Հերթով ընկերներս են զանգում ու կանչում են խմելու, տոնելու։ Հրաժարվում եմ. պատահական մարդկանց հետ փողոցում մի քանի բաժակ արդեն խմել եմ, դրանից լավ տոնե՞լ։ Ինձ հանկարծակի այնքան հոգնած եմ զգում… Բոլորը տոնում են, իսկ ես տուն եմ ուզում՝ երկար ու հանգիստ քնել եմ ուզում, չնայած՝ նման հույզերի դեպքում քնել դժվար թե շուտ ստացվի։ Ոչինչ, միևնույն է՝ վաղն աշխատանքային չէ։ Մի րոպե, ի՞նչ, աշխատա՞նք…

[Սոնա Մնացականյան] Հետո Գարունն ու Ջուլիան գնում են աշխատանքի, ես ու Քրիսը՝ գինի խմելու։ Ճամփին Քրիսը բողոքում ա Ամերիկայի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունից, ու ես իրեն ասում եմ՝ էդքան մի՛ հուսահատվի, տե՛ս, մենք էլ տարիներով չէինք հավատում, չէինք հաջողում, բայց վերջապես կարողացանք․․․․․ ասում եմ ու անդրադառնում, որ ես՝ հայաստանցիս, քայլում եմ Վաշինգտոնում՝ էս երկրներ սարքող ու քանդող երկրի սրտում, ու հուսադրում եմ ամերիկացուն ավելի հզորի դիրքից․ էս կարող ա՞ երազ ա․․․

[Գոհարիկ Տիգրանյան] Ժամը 24,00-ն էր որոշեցի գնալ տուն, հաջորդ օրը թռիչքս էր, մաման դուռը բացեց, գրկեց․ «Շնորհավոր մեռնեմ ջանիդ, դուք արեցիք էս հեղափոխությունը, հպարտանում եմ քեզնով»։

Իմ տոնը՝ ինչպես բոլոր կյանքիս տոները, տևեց կարճ, ես գիշերը քնելու հետ որևէ երեկույթ չէի փոխի։ Արթնացել էի մի իրավիճակում, քնեցի՝ մեկ այլ․․․․ Հայտնի երգի բառերը եկան միտքս․ «Լուսաբացն է շուտով փարվելու աշխարհին, գարունը դառնալու է իր տեղը շուտով, այս խութերն էլ անցած քայլելու ենք կրկին, մեր հանդարտ լուսավոր ժպիտով», իմ բաժին ժպիտը եկավ դեմքիս ու աչքերս փակեցի։

[Վահան Կոստանյան] Երեկոյան Դիվանբաշին թնդում էր, ընկերները անկախ իրենց կամքից գալիս ու գալիս էին, վերջապես հասցրինք մի քանի րոպեով առանձնանալ Արարատի հետ, տեսել էր նախոդ օվա գրառումս, սովորության համաձայն լուռ հասկացանք իրար: Կյանքիս ամենաազատ գիշերն էր, որ մինչ այդ ունեցել էի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել