ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 5] Մարուքյանն էլ «գինն» ա խոսում
17:52 - 04 ապրիլի, 2019

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 5] Մարուքյանն էլ «գինն» ա խոսում

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

[օր 4] Թոշակից Չեբուռաշկա, անհնազանդության օրինակներ

< ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ԲՈԼՈՐԸ

 

[Թագուհի Ղազարյան] Երբ Սևակն առաջարկեց հեղափոխության օրերի օրագիր գրել, համաձայնեցի, որովհետև էդ օրերին առանձին օրագրային նշումներ ունեի: Ապրիլի 4-ից ոչ մի նշում չունեմ ու առաջին անգամ բախվել եմ խնդրին, որ պետք է հետհայաց օրագիր գրեմ: Այսինքն՝ արդեն ոչ թե օրագիր, այլ հուշեր:

[Արմեն Գալջյան] Ապրլի 4-ին առավոտյան գրեթե բոլորիս մարմինները ջարդված վիճակում էին։ որոշեցինք գնալ մեր կիսակառույցի դիմաց գտնվող բաղնիք և լոգանք ընդունել, ինչն իսկապես շատ թարմացրեց մեզ: Հիմա նայում եմ անցած տարվա լայվը և տեսնում, որ հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեզ քյաբաբ և վառարան բերող մեր նոր ընկերոջը․ նրա անունն է Մարտուն Տեր-Ստեփանյան:

[Սոնա Մնացականյան] Էսօր դաս չունեմ, բայց իջնում եմ համալսարան՝ օֆիսում աշխատելու: Արմենի հետ ճաշում ենք, ձեռի հետ գլխին եմ կապում հոդվածիս թարգմանությունը, հետո իրան ու Ամերիկայում եղած կոլեգաներիցս խորհուրդ եմ հարցնում, թե ոնց կազմակերպեմ Երևան-էնն Արբոր թռիչքս՝ Փարիզո՞վ, թե՞ Քաթարով, արժի՞ գնացքով ճամփորդել Ամերիկայում, թե՞ Եվրոպայի համին չգնամ: Ինչ-որ մեկն ասում ա՝ կարող ես քայլելով գնալ, մի քանիսը ծիծաղում են, ես ուշ եմ գլխի ընկնում, թե հումորը զինչ ցուցանէր: Լրիվ ճամփորդական տրամադրության մեջ եմ. Ամերիկա՜, Ամերիկա՜, գալիս եմ …

[Թագուհի Ղազարյան] Ի՞նչ է տեղի ունեցել 2018 թ. ապրիլի 4-ին: Շատ դժվար է հիշել ու հիմա չատերս եմ փորփրում: Ընկերներիցս մեկի հետ եմ խոսում: Ասում է՝ ապրիլի 2-ի պուրակի քննարկումից հետո որոշել է չմասնակցել շարժմանը, որովհետև էդ մարդկանց օրակարգը իրենը չի: Հարցնում եմ՝ ինչի՞ ես մտածում, թե ինչ-որ մեկը քո փոխարեն օրակարգ է սահմանելու ու քեզ մնում է միայն որոշել՝ մտնե՞լ իր սահմանած օրակարգի տակ, թե՞ մարգինալացվել։ Դու ինքդ կարող ես սահմանել օրակարգը: Էստեղ արտոնյալներ չկան, մենք բոլորս հավասարաչափ հնարավորություն ունենք օրակարգ սահմանելու:

[Արմեն Գալջյան] Բաղնիքից վերադարձանք, տնկեցինք «Օրինականության» ծառը և շարունակեցինք մեր քայլարշավը:

[Միքայել Նահապետյան] Լույս է տեսնում Էդմոն Մարուքյանի տխրահռչակ հոդվածը, որն ավելի շատ «Գինդում» վաճառքի ու փոխանակման մասին հայտարարության էր նման։ Դա տարօրինակ չէր` Մարուքյանը կլասիկ քաղաքական գործիչ էր, և, ըստ այդմ, օրինաչափ էր հեղափոխության նկատմամբ նրա սկեպտիկությունը։ Տարօրինակն ԵԼՔ դաշինքից առանձին գործող ՔՊ-ի լռությունն էր, որ «բոլոր կամուրջները չայրելու» մի մղումով ստիպում էր չարձագանքել «դաշնակից-գործընկերոջ» ուղերձին։

Սա ընդունելի լինել չէր կարող: Ուրեմն մեզ ի՞նչ էր մնում` չընդունել։ Դա գործնականում հետևյալ կերպ եղավ. զանգեցինք, ասացինք «Արձագանքեք: Թե չէ տպավորություն ա ստեղծվում, որ դուք «ապրանքն» եք ստեղծում, Մարուքյանն էլ «գինն» ա խոսում»։ Պատասխանը չուշացավ` Նիկոլը հայտարարեց, որ եթե իրենց ճանապարհը տրորված է, ապա Մարուքյանի առաջարկած ճանապարհը ևս բազմիցս տրորվել է Դաշնակների ու ՕԵԿ-ի կողմից։ Հարցը փակվեց։

[Թագուհի Ղազարյան] Ասում է՝ ես չեմ ուզում մերժել Սերժին, հետո հայտնվել նույն արժեհամակարգում՝ ուրիշի գլխավորությամբ: Հարցնում եմ՝ ինչի՞ ես բացասական սելեկցիա կատարում: Էդ պուրակում որքան որ քո արժեհամակարգին դեմ տեքստեր են հնչել, նույնքան էլ քո արժեհամակարգին համահունչ: Ասում եմ՝ Սերժը մարդ չի, Սերժը համակարգ է, մտածողություն, արժեհամակարգ: Մենք դա ենք մերժում: Չգիտեմ էլ՝ իրե՞ն եմ համոզում, թե՞ ինձ համար ձևակերպումներ եմ սահմանում՝ բացատրելու, թե ինչու եմ ոտքով-գլխով նետվում էս պատմության մեջ:

Ասում եմ՝ բա քո հակախտրական, հումանիստական մղումները: Բա ինչի՞ չես կարողանում էս մարդկանց նկատմամբ էլ մարդասիրաբար տրամադրվես: Ասում եմ՝ մենք բոլորս մի նավում ենք: Էդմոն Մարուքյանի «Երրորդ ուղու» հոդվածն է ուղարկել: Կարդում եմ, ծիծաղելով ձայնային հաղորդագրություն եմ ուղարկում: Ապրես, Արամ, քեզ մոտ ստացվեց: Ես կարդացի հոդվածը՝ սպառելով մարդասիրության ողջ պաշարս:)

[Արմեն Գալջյան] Արդեն սկսվել էր տարբեր «ընդդիմադիր» և ոչ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից մեր քայլարշավի մասին վերլուծություններ և գնահատականներ տալու «սուրբ առաքելությունը», չնայած ոմանք կարող էին ուղղակի սուս մնալ և սպասել զարգացումներին, բայց ինչ-որ մի «անհասկանալի» բան նրանց դրդում էր, որպեսզի իրենց՝ քաղաքական դաշտում, մեծ հաշվով, ոչինչ չփոխող կարծիքը բարձրաձայնեն: Բայց մեր ծրագիրը և ճանապարհն այնքան հստակ և ազնիվ էր, որ նման բաներին ուղղակի «ձեռի հետ»՝ քայլելով անդրադառնում էինք և վերջ:

Վանաձորում շատերը մեզ նայում էին և չէին հասկանում՝ ովքեր են, ուր են գնում, ինչի համար, ում համար, իսկ ովքեր էլ որ տեղյակ էին, թերահավատորեն էին վերաբերվում:

[Թագուհի Ղազարյան] Երկա՜ր, շատ երկար ենք վիճում ընկերոջս հետ մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ: Ինքը որոշել է՝ անելիք չունի: Ես որոշել եմ՝ չեմ կարող ոչինչ չանել: Եզրափակում եմ. «Ես ընդհանրապես չեմ ուզում, որ իմ ու քո զրույցը վերածվի փոխադարձ մեղադրանքների էն բանի համար, որ ես ինչ-որ մարդկանց կողքին եմ, որոնց կողքին դու քեզ ապահով չես զգում, իսկ ես քեզ անգործության մեջ մեղադրեմ: Իմ կարծիքով էդ ընտրության հարց ա, ու ամեն մեկը մի ձև ա տեսնում ճանապարհը: Ու ես վստահ չեմ, որ ամենաճիշտը իմ տեսածն ա, ոնց որ վստահ չեմ, որ ամենաճիշտը քո տեսածն ա: Բայց… իսկապես, հա, չգիտեմ՝ ոնց ա ընթանալու ու ինչ ա լինելու հետո, բայց գոնե անպետքությունից չեմ խելագարվի: Ես էլ քեզ եմ սիրում»:

[Միքայել Նահապետյան] Հիմա դառնանք նրան, թե ի՞նչ արեց Շարմազանովը։ Իր ոճի մեջ` ոչ մի արտասովոր բան. պարզապես հայտարարեց, որ հարյուր հազարավոր մարդիկ ո՞վ են, որ որոշեն․ որոշողը նա է, ում ձեռքի տակ քվեարկության կոճակն է։ Եվ դա ճակատագրական էր դառնալու, որովհետև հենց էդտեղ էր հիմնական իրավաքաղաքական վեճը. «Ու՞մն է որոշելու իրավունքը` տիրոջը, թե՞ նրան ծառայող 55 հոգունը»: Ու այդ երեկոյան Կիևյանի կամրջի մոտ` մի սրճարանում մշակվեց պատգամավորների հետ իրենց բակերում անհատական քաղաքական աշխատանք տանելու գաղափարը (որին հետո` մայիսի 2-ին ճնշումներ էին ասելու)։

Սա 88 թվականի փորձից վերցված տեխնոլոգիա էր, որով կիսվեց մեր ավագ ընկեր Մանվել Սարգսյանը։ Նրա մասին դեռ կգրեմ այս օրագրում, հիմա պարզապես ասեմ, որ նրա հարուստ փորձառությունը թե՛ օգնում ու թե՛ խանգարում էր նրան` իրավիճակին համաչափ վերաբերվելու հարցում, ինչին դեռ կհասնենք մինչև ապրիլի 12-ը։

[Արմեն Գալջյան] Մեր հաջորդ ճամբարը խփեցիքն Թեժ լեռան մերձակայքում, որտեղով հոսում էր Տանձուտ գետը, ինչը նշանակում էր, որ մեզ հերթական Ջաջուռն է սպասվում, և,իսկապես, այդպես էլ եղավ: Ուշ երեկոյան մեզ նորից տեղացիներ այցելեցին, իրենց հետ բերել էին մի քանի շիշ գինի և հաց:

Գիշերն այնքան ցուրտ էր, որ վրանների վրա նորից սառույց էր կապել։ Մեր ընկերներից Ռոմանոսը, ով այդ օրն իր որդու հետ այցելել էր մեզ և գիշերեց մեր հետ, ավտոմեքենայով էր, ինչից ես օգտվեցի և գիշերվա «հազարին» տուկ-տուկ տվեցի նրա ավտոմեքենայի ապակուն․ նա առանց բառ ասելու հասկացավ իմ միտքը և ես այդ մի քանի ժամը քնեցի նրա ավտոմեքենայի մեջ, բայց անընդհատ շուռումուռ էի գալիս և մի պահ նկատեցի, որ մի անծանոթ տոպրակը ձեռքին մոտենում է մեր ճամբարին՝ խարույկի մոտ: Ձայն չհանեցի, լուռ հետևում էի, նա տեսավ, որ բոլորը քնած են, տոպրակը դրեց գետնին և հեռացավ։ Ես էլ շարունակեցի հանգիստ քնել, իսկ թե այդ խորհրդավոր անծանոթն ինչ էր բերել մեզ, այդ մասին կգրեմ վաղը։

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>
[օր 6] Օգնիր Սերժին գնալ թոշակի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել