ՀՀ նախագահի տիկինը խնդիրներ է տեսնում հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու հետ կապված |armenpress.am|
08:49 - 02 ապրիլի, 2019

ՀՀ նախագահի տիկինը խնդիրներ է տեսնում հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու հետ կապված |armenpress.am|

armenpress.am: Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը այցելեց «Երևան իմ սեր» հիմնադրամի տարածքում գործող «Լուսե» ուսումնավերականգնողական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նունե Սարգսյանը շրջեց կենտրոնում, շփվեց երեխաների և նրանց ծնողների հետ:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախագահի տիկինն ասաց, որ «Լուսե» կենտրոնն օգնում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին, այլև նրանց խնամակալներին: «Մեր հասարակության մտածելակերպը պետք է փոխենք: Ես հիշում եմ, երբ իմ մանկության տարիներին հաշմանդամություն ունեցող անձանց էինք տեսնում, ապշած քարանում և նայում էինք նրանց, որովհետև նրանք տարբեր էին, և ծնողները նրանց հաճախ թաքցնում էին հասարակությունից, բայց հիմա այդ ամենը փոխվել է: Մենք հասկացել ենք, որ իրենք էլ մեր հասարակության մի մասն են»,-ասաց նա:

Նախագահի տիկինը չհերքեց, որ բազմաթիվ խնդիրներ կան հենց հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու հետ կապված՝ սկսած գետնանցումներից մինչև կրթական հաստատություններ: «Ես կարևոր եմ համարում, որ հիմա Հայաստանում իրազեկ են այս հարցերին և պետք է միահամուռ, քայլ առ քայլ լուծել այդ խնդիրները և հուսով եմ, որ բոլորս միասին կհասնենք մի տեղ, որ կարող ենք ասել մեր երկիրը հարմար է հաշմանդամություն ունեցողների համար»,-հավելեց Նունե Սարգսյանը:

«Լուսե» կենտրոնում շրջայցից հետո նախագահի տիկինն այցելեց աուտիզմով դեռահասների և երիտասարդների համար նախատեսված «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել