ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա. Էդմոն Մարուքյան
07:00 - 25 նոյեմբերի, 2019

ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 2020թ. պետբյուջեի նախագծին: «ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա և այն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան։ Մեր կողմից բազմիցս բարձրաձայնված տարածքային համաչափ զարգացման խնդիրն այս բյուջեով այդպես էլ մնում է չլուծված, ինչպես որ արմատական վերափոխման չի ենթարկվում այս ոլորտում կառավարության քաղաքականությունը։

Դրա հետևանքով Հայաստանը շարունակում է մնալ մայրաքաղաք-պետություն կամ շերեփուկ, որի անհամաչափ մեծ գլուխը Երևանն է, իսկ փոքրիկ մասը միայն՝ մարզերը։ Դրանք շարունակում են մնալ մոռացված, ամեն բանը դեռևս կենտրոնացած է մայրաքաղաքում, այդպիսով՝ էական դրական փոփոխություններ մարզային համայնքներում տեղի չեն ունենում։ Այդտեղից աշխատանքի, որակյալ կրթության, առողջապահական և այլ նպատակներով՝ բնակիչները տեղափոխվում են Երևան կամ առհասարակ արտագաղթում են։

Մարզային դպրոցների, պոլիկլինիկաների և այլ հաստատությունների խիստ թերի ֆինանսավորումը՝ մայրաքաղաքի համեմատ, բերելու է այս իրավիճակի միայն խորացման, ինչի դեմն առնելու ժամանակը որքան երկարաձգենք, այնքան ավելի բարդ է լինելու լուծումը։ Քանի դեռ կյանքի որակը մարզերում իջնում է, մայրաքաղաքն էլ շարունակաբար գերբեռնվում է, և այս հանգամանքներից յուրաքանչյուրն իր հետ բերում է համապատասխան բացասական հետևանքները։

«Լուսավոր Հայաստան»-ի թվով 151 առաջարկությունների ընդունման արդյունքում կից ներկայացված ՀՀ համայնքներին և Երևան քաղաքին տրամադրվող դոտացիաների սարսափելի անարդար անհամաչափ բաշխումը կարող է վերափոխվել: Կոչ եմ անում կառավարությանը արմատապես վերանայել այս ոլորտի քաղաքականությունը, քանի դեռ չափազանց ուշ չէ»,- գրել է նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել