azatutyun.am: Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի գործը քննող ՀՔԾ-ն հաղորդում է, որ քննչական ծառայությունը Թովմասյանի և Նորայր Փանոսյանի քրեական գործով ձեռքբերված ապացույցները բավարար է համարել՝ գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար։

Այս մասին տեղյակ է պահվել տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամդրվել են նրանց՝ ծանոթանալու համար։

Հիշեցնենք, Հրայր Թովմասյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այն առնչվում է նրա արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին: Ըստ դատախազության՝ Թովմասյանը «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ» օգտագործելով 2 նոտարների իրենից ունեցած կախյալ վիճակը՝ 2013 թվականի հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն: Արդյունքում ՍԴ ներկայիս նախագահը այդ երկու նոտարներից յուրաքանչյուրից, մինչև 2014 թվականի ապրիլը, ամսական ստացել է 800 հազար դրամ վարձավճար՝ ընդհանուր 11 միլիոն 200 հազար դրամ:

Սանիկը, որին հիշատակում է դատախազությունը, Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանն է, նրան ևս նույն մեղադրանքն է առաջադրվել:

Հրայր Թովմասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: