Հանքարդյունահանում՝ անտառային հողերում․ ովքեր են վարձակալում կամ չվարձակալած օգտագործում Երևանի անտառները |hetq.am|
00:13 - 22 ապրիլի, 2020

Հանքարդյունահանում՝ անտառային հողերում․ ովքեր են վարձակալում կամ չվարձակալած օգտագործում Երևանի անտառները |hetq.am|

hetq.am: hetq.am: Երևանում` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վարձակալության տված անտառային տարածքներում, հանքարդյունահանում է իրականացվել։ Հանքերը շահագործվել են առանց հողի կատեգորիայի փոփոխման, դրանցից մեկով էլ՝  հողօգտագործման վավեր իրավունք չունենալով։

Անտառների վարձակալության պատմությունների այս հրապարակումը Երևանի անտառների մասին է։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մեզ տրամադրել էր Երևանում 3 վարձակալի մասին տեղեկություն, թաքցրել էր չորրորդ վարձակալին։

Անտառային տարածքն օգտագործվել է ոչ նպատակային

2010-ին Երևանում 4 հա անտառային տարածք է վարձակալել «Ստոնման» ՍՊԸ-ն, երկու առանձին, բայց իրար կողքի տարածքներ՝ 3,5 և 0,5 հա չափերով։ Գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակով վարձակալված անտառային տարածքի համար վճարել է ընդհանուր տարեկան 497.500 դրամ։ Վարձակալած տարածքը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի համայնքում` հեռուստաաշտարակից մոտ 0.8 կմ հարավ-արևելք, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ։

Չնայած պայմանագրով ամրագրված գյուղատնտեսական, բարեկարգման և կանաչապատման նպատակին` «Ստոնման» ՍՊԸ-ն անտառային տարածքում հանքաքար է արդյունահանել՝ չփոփոխելով նույնիսկ անտառային հողի կատեգորիան։

«Ստոնման» ՍՊԸ-ն 2012-ին ընդերքօգտագործման իրավունք է ստացել Սարի թաղի գիպսատար կավերի և բազալտների Արևելյան տեղամասի համար և շահագործել այն։ Երևանի քաղաքապետարանից ստացած տեղեկատվության համաձայն` հանք շահագործած ընկերությունը Երևան քաղաքից հող չի վարձակալել։ Այսինքն՝ «Ստոնման»-ը հանքարդյունահանում է իրականացրել բացառապես անտառային հողում։

Ընկերությունը 2009 թ.-ին շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն է ստացել։ Ըստ ՇՄԱԳ–ի` ընկերությունը հանք պետք է շահագործեր 4.43 հա տարածքի վրա, սակայն ինչպես արդեն նշեցինք, վարձակալել է 4 հա։ ՇՄԱԳ–ում նշվել է, որ տարածքում բուսականություն չկա, իսկ դրական եզրակացությունը տրվել է փորձաքննական հստակ պահանջով․ «Նախքան հանքավայրի շահագործման աշխատանքները սկսելը, անհրաժեշտ է ստանալ հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ»։ Փորձաքննություն իրականացնողը որևէ կերպ չի անդրադարձել հողի՝ անտառային կատեգորիա ունենալու հանգամանքին։

«Google earth» ծրագրի տվյալները համադրելիս պարզ է դառնում, որ 2009 թ․-ին` ՇՄԱԳ–ը ստանալու պահին, չունենալով անտառային հողի վարձակալության պայմանագիր, հողի կատեգորիայի փոփոխման որոշում` հանքի տարածքում հողային աշխատանքներ են կատարվել։ Մինչ 2018 թ․ տարածքում ակտիվ հանքարդյունահանում է իրականացվել։ Թավշյա հեղափոխությունից հետո տարածքից տեխնիկան հանվել է, հանք տանող ճանապարհին հող է լցվել` փակելով այդ ուղին։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը փորձել է դատական կարգով անտառային հողի վարձակալության պայմանագիրը խզել, քանի որ վարձակալը պայմանագրով սահմանված նպատակին չի ծառայեցրել այն։ 2010թ․-ին կնքված պայմանագրի պարտավորությունների չկատարման վերաբերյալ «Հայանտառը» 10 տարի անց՝ այս տարվա հունվարի 29-ին է միայն դիմել դատարան` հողի նպատակային նշանակությունը չպահպանելու հիմքով անտառային հողերի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու պահանջով։ Սակայն, ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում «Հայանտառի» հայցերը, այնպես էլ այս մեկը, վերադարձվել է` թերի կազմված լինելու պատճառով: «Հայանտառը» փետրվարին նորից է դիմել դատարան։

2017թ․-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Ստոնման» ՍՊԸ-ում, սակայն, չգիտես ինչպես, չի հայտնաբերել, որ ընկերությունը նպատակային չի օգտագործել տարածքը։

«Ստոնման» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքն ավարտվում է այս տարվա նոյեմբերին։ Մեր այցելության ժամանակ հանքավայրը լքված էր, չկար որևէ տեխնիկա, հանքավայր տանող ճանապարհին էլ արհեստական խոչընդոտ էր ստեղծվել: «Ստոնման» ՍՊԸ-ն 1.3 միլիոն դրամի հարկային պարտավորություն ունի, որից 577 հազար դրամը բնապահպանական վճար է: «Ստոնման» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Հենրի Միքայելյանն է։ Նույն այն անձը, որը չնչին գնով, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորների հետ, Էրեբունիում համայնքային տարածք է սեփականաշնորհել: «Ստոնման» ընկերությունից կոնտակտ չգտանք։ Այցելեցինք ընկերության գրանցման հասցե՝ Երևանի Կռիլովի փողոցի տներից մեկը։ Տունը տարիներ շարունակ մի ընտանիք է վարձակալել։ Մեր այցելության ժամանակ տանը մարդ չկար։

Անտառային տարածքն օգտագործվել է առանց պայմանագրի և կատեգորիայի փոփոխության

«Ստոնման»-ի վարձակալած տարածքի հարևանությամբ հանք է շահագործում «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն։ Ընկերությունն ընդերքօգտագործման 2 իրավունք ունի, առաջինը՝ Աստղիկի գիպսատար կավերի և բազալտի համար, որի իրավունքն ավարտվում է 2020թ.-ի հունիսին, երկրորդը՝ նույն տեղի գիպսատար ապարի և բազալտի 1-ին տեղամասի պաշարի հավելաճի տեղամասի համար, որի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականն է։

Այս ընկերությունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց 2010 թվականին։ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանն այդ ժամանակ դատապարտվեցին ընկերությունում հայտնաբերած խախտումները չարձանագրելու համար կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով։

Ընկերությունում երկու անգամ կատարված ստուգումների արդյունքներում չի արտացոլվել այն փաստը, որ «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն տվյալ տարածքում գործունեություն ծավալելու համար չունի վավեր հողօգտագործման պայմանագիր ո´չ Երևանի քաղաքապետարանի, ո´չ էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ։ Ավելին, անտառային տարածքում հանքարդյունահանման գործունեություն ծավալելիս պետք է փոխվեր հողի կատեգորիան, ինչը նույնպես չի արվել. սա ևս ստուգումներում տեղ չի գտել։

Թերևս դա էր պատճառը, որ Շրջակա միջավայի նախարարությունն ու «Հայանատառ» ՊՈԱԿ–ը թաքցրել կամ տեղեկություն չէին տրամադրել «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ի հետ 2008-ին կնքած պայմանագրի մասին։ Երևանի քաղաքապետարանը, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ «Դելտա ֆրագմենտ» ՍՊԸ-ն գործունեություն է ծավալում «Հայանտառին» պատկանող 3.32 հա հողակտորում և քաղաքապետարանի հետ կնքած հողօգտագործման պայմանագիր չունի։

Շարունակությունը՝ hetq.am կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել