Հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական նոր փուլ են մտել. Նիկոլ Փաշինյան
13:39 - 16 հուլիսի, 2019

Հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական նոր փուլ են մտել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d'Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին, տեղեկացնում է կառավարության կայքը:

Վարչապետը ողջունել և կարևորել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությունը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, ֆրանսահայ կենսունակ համայնքի ակտիվ և համակարգված աշխատանքի հարցում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական նոր փուլ են մտել, և պետք է համատեղ աշխատել՝ այդ կապերն էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնելու, Սփյուռքի հսկայական ներուժը մեր երկրի տնտեսության զարգացման և արդյունաբերացման գործընթացում ներգրավելու համար:

Վարչապետի խոսքով՝ այդ նպատակով էլ Սփյուռքի նախարարությունը վերակազմավորվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, և կառուցվածքային այդ փոփոխությունը լիովին համապատասխանում է կառավարության որդեգրած՝ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման քաղաքականությանը:
Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար և անդրադարձել Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը:

Նա նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները և զարգացումները մեծ ոգևորություն են առաջացրել Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում, և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդն իր պատրաստակամությունն հայտնում օժանդակել ՀՀ իշխանություններին՝ Հայաստանի զարգացմանը միտված բարեփոխումների իրականացման, հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա սերտացման, Հայրենիք-Սփյուռք կապերի շարունակական զարգացման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել