Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարցնելու վեարաբերյալ ՍԴ դիմելու գործընթացը նախաձեռնելիս ԱԺ-ն չի պահպանել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երկշաբաթյա ժամկետը և, հետևաբար, դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան: Նման եզրակացության է եկել Սահմանադրական դատարանը՝ ԱԺ դիմումի քննությունը մերժելիս։
«Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու մասին Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշման ամսաթվի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 18-ին «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու ամսաթվի համադրումն ակնհայտ է դարձնում, որ չի պահպանվել երկշաբաթյա ժամկետը»,- նշված է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ։
Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաեւ դատավոր-անդամ եզրույթներին։
«Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ազգային ժողովն իր՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ԱԺՈ-032-Ա որոշման թե՛ վերնագրում, և թե՛ տեքստում ուղղակիորեն կիրառել է «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ)» եզրույթը, իսկ տվյալ որոշման անբաժանելի մաս կազմող դիմումում նաև կիրառել է «սահմանադրական դատարանի անդամ» և «սահմանադրական դատարանի դատավոր» եզրույթները:
Դիմողը նշում է, որ «….սույն դիմումը ներկայացնելու պահին տարբեր մասնագետների կողմից տարբեր կարծիքներ են արտահայտվում «սահմանադրական դատարանի դատավոր» և «սահմանադրական դատարանի անդամ» եզրույթների և դրանց փոխհարաբերության վերաբերյալ, ՀՀ Ազգային ժողովը չի ցանկանում այդ հարցով կարծիք արտահայտել սույն փաստաթղթով, ուստի սույն դիմումի շրջանակներում տարաբնույթ մեկնաբանություններից և շահարկումներից խուսափելու նպատակով «սահմանադրական դատարանի անդամ» և «սահմանադրական դատարանի դատավոր» եզրույթները կօգտագործվեն որպես հոմանիշներ»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Ազգային ժողովը միայն դիմումի եզրափակիչ մասում է նշել, որ Սահմանադրական դատարան է դիմում Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, այն դեպքում, երբ նման ամրագրումը սահմանադրական կարգավորումների ուժով պետք է, նախևառաջ, լիներ Սահմանադրական դատարան դիմելու հիմք հանդիսացող՝ Ազգային ժողովի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ԱԺՈ-032-Ա որոշման վերնագրում և տեքստում»,- նշված է որոշման մեջ:
Ազգային ժողովը Սահմանադրական դատարան դիմելով նշել է, թե «....Հրայր Թովմասյանն առերևույթ թույլ է տվել այնպիսի արարքներ, որոնք վարկաբեկում են Սահմանադրական դատարանի հեղինակությունը և (կամ) անհամատեղելի են դատավորի պաշտոնի հետ՝ էական կարգապահական խախտում» (դիմումի 6.5-րդ կետ):
«Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ` նշել, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցումը սահմանադրական մակարդակով կանոնակարգված է Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասով, 168-րդ հոդվածի 10-րդ կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 170-րդ հոդվածի 5-րդ մասով։
Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները Սահմանադրական դատարանի որոշմամբ դադարեցվում են, ի թիվս այլնի, էական կարգապահական խախտում կատարելու դեպքում:
Նշված սահմանադրական կարգավորումից հետևում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման համար հիմք է ոչ թե ցանկացած կարգապահական խախտում կատարելը, այլ բացառապես նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ժամանակահատվածում կատարած այնպիսի կարգապահական խախտում, որը որակվում է որպես էական»,- նշել է ՍԴ-ն իր աշխատակարգային որոշման մեջ ։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում է նաև էական կարգապահական խախտման հասկացությունը։ Ըստ այդմ՝ էական կարգապահական խախտում է`
1) Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը.
2) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը.
3) Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
Դիմումը ներկայացնելով այն հիմքով, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը կատարել է առերևույթ էական կարգապահական խախտում, դիմողը նշում է, որ «Հրայր Թովմասյանը մասնավորապես խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 7-րդ կետերով և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պահանջները»։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմողի վերը նշված պնդումը (դիմումի 6.7-րդ կետ) պետք է հաստատված լիներ, նախևառաջ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով, Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պա տասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով ընդունված՝ կարգապահական տույժ կիրառելու մասին Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ, ինչը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պարագայում առկա չէ:
«Սահմանադրությունն առավելագույնս սահմանափակել է Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իշխանության մյուս թևերի ազդեցությունը՝ դրանով իսկ բացառելով ճնշումների հնարավորությունը և երաշխավորելով Սահմանադրական դատարանի սահմանադրական առաքելության արդյունավետ իրականացումը»,- նշված է որոշման մեջ։
Որոշմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
comment.count (0)