ՄԱԿ ԱԽ-ն կորոնավիրուսի համավարակի շրջանում առաջին անգամ մտցնում է էլեկտրոնային փոստով քվեարկության համակարգը. ՏԱՍՍ |news.am|
12:30 - 31 մարտի, 2020

ՄԱԿ ԱԽ-ն կորոնավիրուսի համավարակի շրջանում առաջին անգամ մտցնում է էլեկտրոնային փոստով քվեարկության համակարգը. ՏԱՍՍ |news.am|

news.am: ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կորոնավիրուսի համավարակի շրջանում առաջին անգամ մտցնում է էլեկտրոնային փոստով քվեարկության համակարգը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

«Հիմա նախատեսված է գրավոր քվեարկության սխեմա, որում բանաձեւի նախագիծը «կապույտի» մեջ է (այսինքն՝ պատրաստի փաստաթուղթը պատվիրակությունը քննարկման է ներկայացնում մինչեւ քվեարկության ընթացակարգը), որից հետո ԱԽ անդամ երկրները 24 ժամում այդ նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին հայտնում են SCAD-ին (ԱԽ գործերով բաժին),- ասել է նա: - Երբ բոլոր ձայները հավաքվում են, SCAD-ն արդյունքների մասին հայտնում է ԱԽ նախագահին: Սա անհրաժեշտ է այն նպատակով, որ ոչ մեկը չփորձի ազդել մյուսների ընտրության վրա. դահլիճում բոլորս միաժամանակ ենք քվեարկում, նախապես նայելու հնարավորություն չկա, թե ով ինչպես է քվեարկել: Հիմա SCAD-ը երաշխավորում է այս հարցում գաղտնիությունը»:

Դիվանագետը պարզաբանել է, որ ռուսական կողմն ամենասկզբից հաստատել է «քվեարկության համար Անվտանգության խորհրդի դահլիճ գալու» իր պատրաստակամությունը: «Մեզ համար բոլոր ժամանակավոր սխեմաներից ամենախնդրահարույցն է դարձել հենց քվեարկության սխեման»,- շարունակել է նա:

«Մենք չէինք ցանկանում ստեղծել տեսակապով հեռավար քվեարկության նախադեպ,- շեշտել է մշտական ներկայացուցչի տեղակալը: - Տարբեր պատճառներով. այն ամրագրված չէ ՄԱԿ Կանոնադրության մեջ, կան իրավական խնդիրներ, անվտանգության հետ կապված խնդիրներ, տեխնիկական համակարգը հաճախ է «խափանվում»: Սա անհարմար տարբերակ էր, եւ մենք ձգտում էինք դրանից խուսափել, եւ մեզ դա հաջողվեց»:

Դիվանագետի խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ն առաջիկա 2 ամիսներին կարող է աշխատել հեռավար սխեմայով:

«Կարծում եմ, որ ինչ-որ տեսանելի շրջանում, եթե իրատեսորեն, ապա ապրիլ-մայիսին, աշխատանքի հեռավար համակարգը կպահպանվի»,- նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել