aliq.ge:  Հունվարի 16-ին Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում վիճաբանություն է եղել գյուղի բնակիչների և Նինոծմինդայի շրջանի քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) նախագահ Սումբատ Կյուրեղյանի միջև, որն ավարտվել է ծեծկռտուքով:

Կյուրեղյանի խոսքով, հունվարի 16-ին նրան զանգահարել է սակրեբուլոյի պատգամավորներից Մարկոսյան Ասքանազը, ով ապրում է Գորելովկայում և հայտնել, որ նրանց հարևանությամբ ապրող Չապանյանները կոտրել են ջրի կենտրոնական խողովակը և միացրել իրենց խողովակին:

«Ես գնացի գյուղ և այնտեղ հավաքվածներին նորմալ, մարդկայնորեն ասացի, որ չի կարելի նման բան անել և այդ ժամանակ հարևանի տղան, ում ընտանիքի հետ անձնական կոնֆլիկտներ ունենք, սկսեց վիրավորանքներ հասցնել, որի ընթացքում իմ տղայի հետ քաշքշուկ սկսվեց։ Հետո Չապանյան եղբայրները գնացին և մոտավորապես 15 րոպե հետո իրենց «բանդայով» եկան և հարձակվեցին ինձ և տղայիս վրա: Այդտեղ էր նաև իմ քրոջ որդին, որին բահով հարվածել են ու գլխի վրա երկու կար տվեցին»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Կյուրեղյանը:

Կյուրեղյանը վստահեցնում է, որ Գորելովկա գյուղը ջրի խնդիր չունի, և ամբողջ կոնֆլիկտը սկսվել է առանձին մարդկանց ամբիցիաների հետևանքով: Նրա խոսքով այսօր քաղաքապետի և Նինոծմինդայի ոստիկանության պետի հետ միասին այցելել է Գորելովկա գյուղ և պարզել, որ գյուղում ջրի խնդիր չկա:

«Թեև ամեն բան պարզ է և բոլորը գիտեն, որ դա Չապանյանների կողմից արված սադրանք է, այնուամենայնիվ, երկուշաբթի գյուղ կժամանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և կհանդիպի պահանջներ ունեցողներին», — ասում է Կյուրեղյանը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով հետաքննություն է սկսել, ինչը ենթադրում է բռնություն: Այս պահին ձերբակալվածներ չկան: