ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը բենզինի շուկայի վերաբերյալ իր ուսումնասիրության առնչությամբ հնչած քննադատությանը
13:57 - 05 փետրվարի, 2020

ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը բենզինի շուկայի վերաբերյալ իր ուսումնասիրության առնչությամբ հնչած քննադատությանը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձագանքել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի «Վառելիքի շուկան մենաշնորհացվում է. ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն նոր դրսևորումների վրա» հոդվածին: Ստորեւ՝ Հանձնաժողովի պարզաբանումը:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության վերաբերյալ կողմից արտահայտված մի շարք պնդումներ, որոնք օրերս տեղ էին գտել մամուլում, պարզաբանման անհրաժեշտություն ունեն:

Այսպես՝

Հեղինակը նշում է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ միջնորդավորված ձևով ապրանքի ձեռքբերումն ավելի էժան է, քան արտադրողից և եզրակացնում, որ ներկրվող վառելիքի զգալի մասը «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից ներկրելու հանգամանքը «մեծագույն բացահայտում է ներկայացվել և առավելապես քաղաքական ենթատեքստ ունի:

Նշենք, որ ուսումնասիրության մեջ հաշվի են առնված վառելիքի միջնորդավորված ձեռքբերման արդյունքում առաջացող հնարավոր բոլոր ռիսկերը։ Մասնավորապես վառելիքի ձեռքբերման գործընթացը բաղկացած է որոշակի գործողությունների շղթայից (օրինակ՝ տեղափոխումը նավահանգիստ, բեռնաթափումը, պահեստավորումը, բեռնումը, տեղափոխումը երկաթուղային ճանապարհով և այլն), որոնց իրականացումը հաճախ մատակարար կազմակերպությունների կողմից պատվիրակվում է այլ սուբյեկտների, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ ապրանքի վերջնական գնի ձևավորման վրա։ Ինչ վերաբերում է «սեղմված գազ ապրանքային շուկայի հետ հեղինակի կողմից իրականացված համեմատությանը, ապա նմանօրինակ զուգահեռ անցկացնելը տեղին չէ, քանի որ տվյալ դեպքերը բացարձակապես համադրելի չեն, և յուրաքանչուր դեպքում առկա են էական առանձնահատկություններ։

Հեղինակը նշում է նաև, որ ո՛չ «Ֆլեշ»-ի, ո՛չ «Սիփիէս օիլ»-ի եւ ո՛չ էլ այլ հայկական ընկերությունների համար մեծ խնդիր չէ՝ նավթավերամշակող գործարանն իրենց հետ աշխատում է միջնորդավորված, թե ուղղակի վաճառքի եղանակով: Վերոնշյալի հետ կապված հարկ ենք համարում ընդգծել, որ Հանձնաժողովն առաջնորդվում է ելնելով ոչ թե ընկերությունների, այլ հանրային շահից: «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներն ունեն իրենց առանձնահատկությունները և համադրելի չեն մի շարք այլ ապրանքային շուկաների հետ։ Չեն կարող լինել օրինակներ (առավել ևս «բազմաթիվ») այն մասին, որ ՌԴ-ից ներկրվող վառելիքը միջնորդավորված եղանակով առավել ցածր արժեքով է ձեռք բերվում, քան արտադրողից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ն ՀՀ-ին տրամադրում է քվոտավորված (արտոնյալ պայմաններով) վառելիք։

«Ռոսնեֆտ Արմենիա» ընկերության և մատակարարման գործընթացում ներգրավված այլ միջնորդ ծառայություններ մատուցող ընկերությունների առկայությունը էական ազդեցություն կարող է թողնել վերջնական գնի ձևավորման վրա (այդ մասին վկայում են նաև ՏՄՊՊՀ-ի տնօրինության ներքո գտնվող մի շարք տեղեկություններ, որոնք համարվում են առևտրային գաղտնիք և հրապարակման ենթակա չեն), իսկ որևէ քաղաքական ենթատեքստի առկայության մասին պնդումներն առարկայազուրկ են։ Միաժամանակ նկատենք, որ վառելիքի մատակարարման շղթայում մի շարք գործընթացներ տեղի են ունենում ՀՀ սահմաններից դուրս, իսկ միջնորդավորված ծառայությունները հաճախ պատվիրակվում են ոչ թե ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների, այլ հիմնական մատակարարի կողմից, ուստի օբյեկտիվ հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ամբողջությամբ գնահատել այդ գործընթացների հիմնավորվածությունը, ինչի մասին արդեն իսկ նշվել է ուսումնասիրության մեջ։

Ընդգծենք, որ այս կապակցությամբ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվում միջազգային գործընկերների, մասնավորապես Վրաստանի հետ, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել ենք։

Հեղինակը նշում է, որ երկար ճանապարհ տեղափոխելիս վառելիքում ծծմբի պարունակությունը զգալիորեն ավելանում է, և հիմնականում դա է պատճառը, որ օրինակ՝ իրանական վառելիքի որոշ խմբաքանակներ չեն համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին: Այնուհետև հարց է հնչեցնում՝ ենթադրենք, մեկ այլ մասնավոր ընկերություն տալիս է իրացման ժամանակ վառելիքի որակական հատկանիշների վերաբերյալ եզրակացություն, մի՞թե դրանով լուծվում է տեղափոխելիս վառելիքի մեջ ծծմբի գերազանցման նորմատիվի հարցը, թե՞ այլընտրանքային ներմուծման հնարավորություն է բացվում։

Հարց է ծագում՝ ինչի վրա է հիմնված հեղինակի այն պնդումը, որ վառելիքում ծծմբի պարունակությունը կարող է փոխվել Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծման դեպքում, իսկ մյուս երկրների դեպքում նման խնդիր չի առաջանում: Հավելենք, որ կան օրենսդրությամբ սահմանված հստակ պահանջներ ներկրվող վառելիքի նկատմամբ, ինչպես նաև հետագայում շուկայում շրջանառվող վառելիքի որակական հատկանիշների նկատմամբ: Հանձնաժողովը չի զբաղվում վառելիքի տեխնոլոգիական գործընթացների կարգավորմամբ և վերահսկմամբ, իսկ որակի վերաբերյալ բացահայտված հնարավոր խնդիրները ներկայացվել են լիազոր մարմին:

Հեղինակի կողմից ներկայացված տեղեկատվությունն առ այն, որ խոշոր ընկերություններին պատկանում է բենզալցակայանների շուրջ 30%-ը, չի համապատասխանում իրականությանը։ Ուսումնասիրության շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն՝ նրանց ունեցած բենզալցակայանների թիվը շատ ավելի փոքր է, քան 30%-ը: Միաժամանակ հանձնաժողովն առաջ է քաշել բենզալցակայանների համար սահմանված պահանջներին վերաբերող որոշ խնդիրներ, ինչի մասին նշվել է նաև տեղեկանքում, և նախատեսվում է լիազոր մարմինների հետ համատեղ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ:

Հանձնաժողովն ուսումնասիրության շրջանակում օգտվում է տեղեկատվության բազմաթիվ թույլատրելի աղբյուրներից, այդ թվում՝ պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակած տեղեկատվությունից: Բենզալցակայանների թիվը վերցված է ՀՀ ԿԵ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, քանի որ այն որպես վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին տիրապետում է փաստացի գործող բենզալցակայանների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությանը: Սուրեն Պարսյանի մեկ այլ պնդման առնչությամբ, թե ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից ներկայացված ուսումնասիրությունը չի կարող լիարժեք համարվել, եթե չկա անդրադարձ հանձնաժողովի կողմից նախկին որոշումների կատարման ընթացքին՝ մասնավորապես հիշատակելով «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին 100 միլիոն ՀՀ դրամով տուգանելու մասին որոշումը, տեղեկացնում ենք, որ վերոնշյալ որոշումը 2012 թվականին անվավեր է ճանաչվել:

Սուրեն Պարսյանը նշում է, որ 2019 թվականին արհեստականորեն է կրճատվել այս շուկայում «համակենտրոնացումը» (հավանաբար նկատի ունենալով կենտրոնացվածությունը) հօգուտ նոր ընկերության, քանի որ «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 4779 տոննա դիզելային վառելիք, որը դիզելային վառելիքի շուկայի 4 տոկոսն է կազմում:

Պնդումը հիմազուրկ է, հեղինակի կողմից փաստերի սխալ ընկալման և վերլուծության հետևանք: ՀՀ ՏՊՊՀ-ի ուսումնասիրությունը ներառում է 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը, «Գազօիլ» ընկերությունը հոկտեմբեր ամսին ներմուծել է պայմանագրով նախատեսված 4779 տոննայից էականորեն պակաս ծավալով վառելիք, այնինչ հեղինակը հաշվարկել է, որ տվյալ ծավալի վառելիքը հաշվետու ժամանակահատվածում շուկայի ընդհանուր ծավալի շուրջ 4%-ն է կազմում և հենց դրանով է պայմանավորված խոշոր ընկերության մասնաբաժնի կրճատումը։

Ինչ վերաբերում է շուկայում չհիմնավորված գնի կիրառմանը, ապա այն հնարավոր է փաստել միայն հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում, այլ ոչ թե ապրանքային շուկայի ուսումնասիրության։ Ապրանքային շուկայի ուսումնասիրության դեպքում հնարավոր է արձանագրվեն որոշակի խնդրահարույց երևույթներ, վարքագծի դրսևորումներ, որոնք հետագայում կարող են հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար։

Տեղեկացնենք նաև, որ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները չեն ներկրում վառելիք «տարբեր երկրներից տարբեր պայմաններով», ավելին՝ ձեռքբերման աղբյուրն առավելապես նույնն է բոլորի դեպքում: Տնտեսագետը նաև նշում է, որ 2019 թվականի ընթացքում համաշխարհային շուկայում նավթի գների զգալի տատանումներ գրանցվեցին, ինչպես նաև հայկական դրամն արժևորվեց մոտ 3 տոկոսի չափով, ինչը մրցակցային միջավայրի պայմաններում պետք է նպաստեր գների իջեցման, բայց մեզ մոտ այդ ամիսներին տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Այս առնչությամբ ընդգծենք, որ նավթի միջազգային գինը և դրամի արժևորումը վառելիքի գնի ձևավորման ընդամենը մի մասն են կազմում։ Նավթի միջազգային գնից և դրամի արժևորումից բացի կան մի շարք այլ գործոններ, որոնք էական ազդեցություն ունեն գնի ձևավորման վրա, ուստի ներկայացված գործոնների փոփոխությունը չի ենթադրում գնի ուղղակի փոփոխություն։

Միաժամանակ ընդգծենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն ինքնավար մարմին է և անկախ է պետական այլ մարմիններից և գործունեության քաղաքականացման ցանկացած փորձ հիմնազուրկ է: Միաժամանակ պատրաստակամ ենք քննարկել տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտման վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն և ապահովել դրա ընթացքը օրենքով սահմանված կարգով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել