Սույն թվականի հուլիսի 26-ին հրապարակել էինք «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 102/1 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի աշխատակիցների և Նալբանդյան փողոցի համար 104 և համար 106 շենքերի բնակիչների միջև ծագած վիճաբանության վերաբերյալ:
Հայտարարությամբ մասնավորապես ասվում էր. «...մեր տեղեկություններով երեկ՝ 25․07․2019-ի երեկոյան 19։00-ի սահմաններում, նշված խանութի աշխատակիցները, որոնց շարքում կրիմինալ և քրեածին պահվածքով առանձնացող դեմքեր են նկատվել, 4-5 հոգով հարձակում են գործել Նալբանդյան 104 շենքի բնակիչների վրա, ընթացքում հայհոյելով 104, ինչպես նաև 106 շենքերի բնակիչներին...»:
Վիճաբանության և ծեծկռտուքի պատճառը, ըստ նախաձեռնության հայտարարության, «Նոր Զովք» սուպերմարկետի կողմից համակեցության կանոններին չհետևելն է, մասնավորապես՝ բակային տարածքը պահեստի վերածելը, սուպերմարկետի տնօրենի վտանգավոր, առանց դնչկալի շունը, որը պահվում է բակում, սանիտարահիգիենիկ նորմերը չպահպանելը և այլն:
Վերոնշյալի տեղեկատվության մասին հերքում տարածեց «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան էջը, որում ասվում էր, որ նյութն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ավելին՝ հերքման մեջ նշվում էր, որ պատրաստվում են դատի տալ infocom.am-ին՝ ապատեղեկատվություն տարածելու համար:
Այս մասով մենք ներկայացրել էինք պարզաբանում, որում նշել էինք, որ տեղեկատվության հեղինակը մեր լրատվամիջոցը չէ, այլ՝ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը։
Այս ամենից հետո մենք զրուցեցինք Նալբանդյան փողոցի համար 104 շենքի բնակիչների հետ, ովքեր պնդում են, որ ծեծկռտուք իսկապես տեղի է ունեցել, տուժողները հաղորդում են տվել ոստիկանություն, քննություն է ընթանում:
Բնակիչները չցանկացան, որպեսզի հրապարակվեն իրենց անունները, սակայն ներկայացրին դեպքին առնչվող որոշ մանրամասներ: Նրաննք նշում են, որ վիճաբանության պատճառը «Նոր Զովք» սուպերմարկետի կողմից համակեցության կանոններին չհետևելն է:
Բնակիչների կողմից մեզ տրամադրվեցին բակային տարածքի իրավիճակը բնութագրող մի քանի լուսանկարներ, որոնք կարող եք տեսնել ստորև.
Ինչպես տեսնում ենք, և՛ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնության, և՛ Նալբանդյան փողոցի 104 շենքի բնակիչների կողմից նշված խնդիրները առկա են և ստեղծվել են «Նոր Զովք» սուպերմարկետի կողմից: Առաջին լուսանկարում կարող ենք տեսնել նաև սուպերմարկետի Նալբանդյան 102/1 մասնաճյուղի տնօրեն Հակոբ Սիմոնյանի շանը, որը, ինչպես նշել էին բնակիչները, բերվում է առանց դնչկալի:
Միաժամանակ, Նալբանդյան փողոցի համար 104 շենքի բնակիչների կողմից մեզ տրամադրվեցին փաստաթղթեր, որոնք վկայում են, որ «Նոր Զովք» սուպերմարկետի կողմից ոչ բարենպաստ պայմաններ են ստեղծվել նշված շենքի բակային տարածքում դեռևս 2006 թվականից: Ժամանակագրական շարքը ներկայացնենք ստորև.
2006 թվական
2006 թվականին Նալբանդյան փողոցի 104 շենքի բնակիչներից մեկը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Նոր Զովք» սուպերմարկետի կողմից խախտումների ահազանգով: Ինչպես տեսնում ենք ստորև ներկայացված փաստաթղթից, քաղաքապետարանը խախտումներ է արձանագրել սուպերմարկետի կողմից և պարտավորեցրել է համապատասխանեցնել սուպերմարկետի գործունեությունը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի պահանջներին:
2009 թվական
2009 թվականի դեկտեմբերին շենքի բնակիչները բողոքով դիմել են նախագահի աշխատակազմին և Երևանի քաղաքապետարանին՝ կրկին «Նոր Զովք» սուպերմարկետի խնդրով: Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետի տնօրեն Հակոբ Սիմոնյանի կողմից չսահմանված տեղում իրականացվում է առևտուր: Վերջինիս մասով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: 2009 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել այդ ժամանակվա Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից՝ խանութի տնօրեն Հակոբ Սիմոնյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ 30.000 ՀՀ դրամի չափով: Փաստաթղթերը՝ ստորև.
2011 թվական
Ստորև ներկայացված դիմումներից ու պատասխաններից պարզ է դառնում, որ խնդիրը շարունակվել է նաև 2011 թվականին: 2011 թվականի հուլիսի 14-ին բնակիչները դիմել են Կենտրոնի ոստիկանություն: Բողոքի առիթ է հանդիսացել «Նոր Զովք» սուպերմարկետի տնօրեն Հակոբ Սիմոնյանի կողմից Նալբանդյան 104 հասցեի բակային տարածքում պահվող շունը: Վերջինս վտանգավոր ցեղատեսակի է և պահվում է առանց դնչկալի: Կենտրոնի ոստիկանությունը, բնակիչների դիմումին ի պատասխան, հայտնել էր, որ Հակոբ Սիմոնյանը բնակիչների հանգիստը չխանգարելու համար գրավոր պարտավորվել է և իր շանը տեղափոխել է այլ հասցե: Սակայն վերը տեղադրված նկարներից և վերոգրյալ բողոքներից տեսնում ենք, որ խնդիրն առկա է մինչ այժմ:
Նույն թվականին նաև Սպառողների ասոցացիան Նալբանդյան փողոցի 104 շենքի բնակիչների բարձրացրած խնդրով դիմել էր այդ ժամանակվա քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Սպառողների ասոցացիան խնդրել էր քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ վճռական քայլեր ձեռնարկել և ապահովել բնակիչների շրջակայքի սանիտարական վիճակը:
2018 թվական
Նալբանդյան 104 շենքի բնակիչները 2018 թվականի հունիսի 20-ին կրկին դիմել են Կենտրոնի ոստիկանություն՝ «Նոր Զովք» սուպերմարկետի հետ կապված ընգրկուն բողոքով: Ինչպես կարող ենք նկատել ստորև ներկայացված առաջին փաստաթղթից, Կենտրոնի ոստիկանությունը պարտավորեցրել է Հակոբ Սիմոնյանին կարգավորել սուպերմարկետի կողմից ստեղծված ներբակային ոչ սանիտարահիգիենիկ պայմանները, ապահովել անցանելիություն և պահել համակեցության կանոնները: Հակոբ Սիմոնյանը կրկին պարտավորեցվել է պահեստի շանը պահել դնչկալով:
Ինչպես կարող եք նկատել ներկայացված երկրորդ փաստաթղթից, 2018 թվականի հուլիսի 14-ին Կենտրոնի ոստիկանության կողմից Հակոբ Սիմոնյանին ներկայացված պահանջը չի կատարվել: 2018 թվականի նոյեմբերին բնակիչները դիմել են Երևանի քաղաքապետարան: Նույն թվականի նոյեմբերի 14-ին Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարից ստացվել է պատասխան, որ «Նոր Զովք» սուպերմարկետի տնօրեն Հակոբ Սիմոնյանն այս անգամ իրենց կողմից գրավոր պարտավորվել է պահել համակեցության կանոնները և շանը պահել դնչկալով:
Այսպիսով, ժամանակագրական շարքից պարզ է դառնում, որ տարիներ շարունակ Նալբանդյան 102/1 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի տնօրինությունն անտեսել է պետական իրավասու մարմինների կողմից ներկայացվող պահանջները և համակեցության կանոնները։ «Նոր Զովք» սուպերմարկետի Նալբանդյան 102/1 հասցեի մասնաճյուղը շարունակում է զբաղեցնել Նալբանդյան 104 շենքի բակային տարածքը և անհանգստություն պատճառել բնակիչներին:
Ի հավելումն նշենք, որ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից մեզ տեղեկացրին, որ սույն թվականի հուլիսի 25-ի վիճաբանության ու ծեծկռտուքի գործը գտնվում է հետաքննության փուլում:
Արփի Ավետիսյան
comment.count (0)