Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն, կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան
 |armtimes.com|
12:50 - 05 ապրիլի, 2020

Ռուսաստանի օդային սահմանը փակ է, սակայն, կիրականացվի հատուկ չվերթ դեպի Երևան. ՌԴ-ում ՀՀ դեսպան |armtimes.com|

armtimes.com: Պարոն Տողանյանի հետ հանդիպեցինք Դեսպանության մամուլի կենտրոնում, որը օպերատիվ շտաբի է վերածվել և օրվա մեջ՝ թեժ գծի օգնությամբ ընդունում է հազարավոր զանգեր: Դեսպանն ասում է, որ այս օրերին մոտ 5000 զանգ են ստացել և ավելացնում, թե ներողություն է խնդրում բոլոր այն հայրենակիցներից, որոնք լսելի չեն դարձել դեսպանատան ծանրաբեռնվածության օբյեկտիվ պատճառներով: Դեսպան Տողանյանը բացառիկ հարցազրույցում ներկայացրեց Ռուսաստանում գտնվող մեր հայրենիակիցների հետ կապված իրավիճակը, որոնց մի մասը առաջիկայում հատուկ չվերթով կտեղափոխվի Հայաստան:

- Պարոն Դեսպան, ապրիլի 6-ին նախատեսվում է Մոսկվա - Երևան չվերթ, որը տեղափոխելու է մոտ 220 ՀՀ քաղաքացիների: Սակայն «Դոմոդեդովո» օդանավակայնում այս պահին էլ կան ուղևորներ, ովքեր ցանկանում են վերադառնալ, սակայն, չեն կարող, քանի որ տոմսերը սպառվել են: Նոր չվերթ լինելո՞ւ է առաջիկայում:

-Մենք դիմել և Ռուսաստանի կողմից ստացել ենք թույլտվություն, որպեսզի երկուշաբթի օրը «Red Wings» ավիաընկերություն կողմից իրականացվի չվերթ դեպի Երևան: Ինքնաթիռը կարող է տեղափոխել 220 ուղևոր, սակայն, Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը, ըստ մեզ մոտ հայտարարագրված տվյալների, 2000-ից ավելի է, էլ չեմ ասում զանգերի քանակի մասին, որը մենք ստանում ենք այս օրերին: Ես, օգտվելով առիթից, իմ անունից և Դեսպանության կողմից ներողություն եմ խնդրում մեր բոլոր այն քաղաքացիներից, ովքեր չեն կարողացել կապ հաստատել մեզ հետ և լսելի դարձնել իրենց խնդիրը: Պատճառները օբյեկտիվ են՝ մեր թեժ գծերը րոպեում հարյուրից ավելի զանգ են ստանում և խնդրում եմ, որպեսզի մեր հայրենակիցները ըմբռնումով մոտենան իրավիճակին: Հավելյալ չվերթ նախատեսում ենք և հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի առաջիկա շաբաթվա մեջ կրկին չվերթ իրականացվի դեպի Երևան:

- Նախատեսված չվերթի տոմսերը շատ արագ սպառվել են: Ի՞նչ սկզբունքով են դրանք վաճառվել՝ ով հասցնի գնել, թ՞ե առաջնահերթություն ունեցող քաղաքացիներին է տրվել նախապատվությունը:

-մՄենք դեռ տեղյակ չէինք, որ չվերթ է լինելու, սակայն, արդեն հավաքագրում էինք տվյալներ և հնարավորության ի հայտ գալու դեպքում, բնականաբար, այդ ցուցակում առաջնահերթություն պետք է ունենային ծերերը, հիվանդները, երեխաների հետ գտնվող ընտանիքները և այլն: Եվ երբ հայտարարվեց թռիչքի հնարավորության մասին, թե այստեղ, թե Երևանում օնլայն վաճառվող տոմսերը շատ արագ սպառվեցին և սկսվեց անկառավարելի գործընթաց: Միանգամից տոմսարկղերի մոտ հայտնվեցին շատ մեծ թվով քաղաքացիներ, որոնք ցանկանում են վերադառնալ և այդ թվում նաև Դոմոդեդովոյում հավաքված ուղևորները, որոնք տարանցիկ չվերթների քաղաքացիներ են, ասենք, Խաբարովսկ-Մոսկվա-Երևան չվերթով պետք է վերադառնային ու խցանվել են Մոսկվայում: Սակայն, մեզ այնուամենայնիվ, հաջողվեց որոշ թվով մարդկանց, ովքեր առաջնահերթություն ունեին տեղավորել այդ թռիչքում, ինչպես նաև մենք որոշակի թվով տոմսեր ձեռք բերեցինք այն քաղաքացիների համար, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ և ի վիճակի չէին ինքնուրույն գնել տոմս կամ զրկված էին կեցության վայրից: 

Որտե՞ղ են գտնվում այս պահին «Դոմոդեդովոյում» հավաքված այդ տարանցիկ չվերթների ուղևորները, որոնք փաստորեն կեցության վայր չունեն Մոսկվայում:

-Կոնկրետ Դոմոդեդովոյում հավաքված ուղևորները տեղավորված են օդանավակայանին մերձ երեք հյուրանոցներում: Նրանք տեղավորվել են ինչպես Դեսպանության, այնպես էլ տեղի անհատ մեր հայրենակիցների և հասարակական կազմակերպությունների օգնությամբ և կշարունակեն գտնվել այնտեղ, մինչև հնարավորություն կլինի նրանց տեղափոխել Հայաստան: Պետք է հասկանալ նաև, որ մեր հնարավորությունները սահմանափակ է այն առումով, որ հիմա չեն գործում հյուրանոցները: Մենք խնդրեցինք այդ  հյուրանոցներին ընդառաջ գնալ և տեղ տալ մեր հայրենակիցներին: Նրանք ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում մեր մոսկվայաբնակ այն հայրենակիցներին, ովքեր անտարբեր չգտնվեցին և համագործակցեցին դեսպանության հետ այս հարցում: 

Իրականացվող չվերթի տոմսերի գնի հետ կապված կա դժգոհություն: Հնարավոր չէ՞ր, արդյոք, ավելի ցածր գին սահմանել:

- Գինը սահմանել է ավիաընկերությունը: Մենք փորձել ենք բանակցությունների արդյունքում հասնել հնարավոր ամենամատչելի գնին: Խնդիրն այն է, որ քաղաքացիները սահմանված գինը համեմատում են մինչ այս իրավիճակը եղած գների հետ, սակայն, դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ ինքնաթիռը մեկնում է մեկ ուղղությամբ և վերադառնալու է առանց ուղևոր: Բացի դա, ստեղծված պայմաններում, երբ չկա օրինաչափ ավիոհաղորդակցություն, ավիաընկերությունը ավելի մեծ ծախսեր է կատարելու տվյալ չվերթն իրականացնելու համար: Հաջորդ թռիչքի տոմսերը ավելի էժան կլինեն, քանի որ մենք ձև ենք գտել փոխհատուցելու ավիաընկերության որոշ ծախսեր:

Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
Ավելին կարդացեք Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել