Ռուստամ Բադասյանը ներկայացրեց գողացված ակտիվների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները
 |armtimes.com|
19:13 - 06 մայիսի, 2020

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց գողացված ակտիվների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեջբերեց երեկվա իր հայտարարությունը ակտիվների մասին։ Նա հետաքրքրվեց, թե ՀՀ-ի սահմաններից դուրս տարված ապօրինի ակտիվների վերադարձման, մասնավորապես՝ այս փուլում դրանց սառեցման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են արվել։ «Արդյո՞ք մինչ այժմ կատարվել է վերոնշյալ ակտիվների տեղակայման բացահայտմանը ուղղված գործողություններ»,- հետաքրքրվեց պատգամավորը։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ ապօրինի գույքը բռնագանձելու համար կա 2 եղանակ․ մեկը՝ քրեադատավարական, մյուսը՝ քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը։

«Քրեական դատավարության առավելությունն այն է, որ միջազգային համագործակցությունը այս եղանակով ավելի հեշտ է, ապացույցներ ձեռք բերելն է հեշտ, եթե խոսքը գնում է արտասահմանում գտնվող ակտիվների մասին։ Էական է, որ քրեական գործի շրջանակներում համապատասխան հարցումներ ուղարկվեն ակտիվների գտնվելու երկրներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հնարավոր է նաեւ սառեցման «օրդերներ» ուղարկել՝ կախված տարբեր երկրներից։ Նա ասաց, որ այդ հարցն ավելի իրավական դաշտում է բայց եւ հայտարարեց, թե վստահ է, որ իրավապահ մարմինների կողմից նման աշխատանքներ կատարվում են գույքերը տեղակայելու մասով։

Հարցին, թե մենք գործընթացի ակտիվ փուլու՞մ ենք, Բադասյանը տվեց դրական պատասխան։ «Ես վստահ եմ, որ մենք ակտիվ փուլում ենք, կոնկրետ գործողություններ արվում են, որովհետեւ հնարավոր չէ մեծածավալ քրեական գործ ունենալ ու նման գործողություններ չկատարել, բայց կարծում եմ՝ կոնկրետ պատասխան ունենալու համար պետք է սպասենք նախաքննությունների ավարտին»,- եզրափակեց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել