armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր սկսված դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանները հայտարարեցին, որ բացարկի միջնորդություն ունեն գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանին:

Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ծանոթանալով սույն քրեական գործի նյութերին՝ իրենց մոտ մեղադրողի կողմնակալության, նրա ինքնուրույն գործելու, ճնշումներից զերծ մնալու եւ ենթադրություններով չառաջնորդվելու վերաբերյալ ողջամիտ կասկածներ են հարուցվել.

«Սույն գործով նախաքննությունը ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել օրինականության, գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ»: Պաշտպանի խոսքով՝ մինչդատական վարույթի ընթացքում քրեական հետապնդման մարմինները չեն ձեռնարկել բոլոր միջոցառումները գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի բացահայտման համար, չեն ձեռնարկել բավարար միջոցներ Սերժ Սարգսյանին արդարացնող հանգամանքների պարզման համար:

Պաշտպանի կարծիքով՝ եղել է ուղղորդում Սերժ Սարգսյանին ամեն գնով մեղադրյալի կարգավիճակ տալու համար. «Քննիչի ծանուցագրով Սերժ Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 4-ին կանչվել է հարցաքննության որպես վկա, հարցաքննության ավարտից րոպեներ անց կատարվել է առերեսում նրա եւ սույն գործով մեկ այլ մեղադրյալի միջեւ (ամենայն հավանականությամբ՝ խոսքը Սերգո Կարապետյանի մասին է,-խմբ.), ժամը 16:10 առերեսումն ավարտվել է, իսկ դրանից երկու րոպե անց քննիչն իր սեղանին դրված փաստաթղթերի մի փաթեթը շրջել է՝ հայտարարելով, որ դա նրան մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումն է»:

Ըստ պաշտպանի՝ այդ որոշումը արդեն իսկ կազմված, տպագրված եւ ստորագրված է եղել, իսկ որոշման մեջ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ժամը հասկանալի պատճառներով բացակայել է. «Այսինքն՝ վկայի կարգավիճակով հարցաքննություն եւ առերեսում կատարելը կրել է ձեւական բնույթ, դրա արդյունքները քննիչի համար որեւէ նշանակություն չեն ունեցել, եւ որպես մեղադրյալ ներգրավվելու հանգամանքը նախապես որոշված է եղել ամենայն հավանականությամբ այլ պաշտոնատար անձի կողմից»:

Ռուբեն Հակոբյանը պնդեց՝ որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու որոշումներն ապօրինի են. «Օրենքով սահմանված է, որ անձին հնարավոր է ներգրավել որպես մեղադրյալ միայն ապացույցների բավարար լինելու պարագայում, մինչդեռ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կազմված է մեկ անձի իրարամերժ, հակասական, անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի ցուցմունքներից»,- նշեց նա:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելուն՝ Հակոբյանն ասաց, որ այդ որոշման մեկ օրինակը քննիչը պարտավոր էր ներկայացնել այդ գույքի տիրոջը եւ ստանալ նրա ստորագրությունը. «Սակայն օրենքի իմպերատիվ պահանջը չի կատարվել, եւ մենք մամուլից ենք տեղեկացել, իսկ այդ որոշումը ստացել ենք դրա կայացումից 21 օր անց՝ 3-րդ միջնորդությունը ներկայացնելուց հետո»: Խոսելով ընտրված խափանման միջոց ստորագրությունից՝ պաշտպանը նշեց, որ առկա չեն եղել խափանման միջոց կիրառելու հիմքեր, այդ որոշումը բողոքարկել են քննիչին, ապա՝ դատախազին, սակայն դարձյալ մերժվել են:

Շարունակությունը՝ armtimes.com-ում