Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ ճգամաժամային պայմաններում կառավարությունը պետք է վերանայի ներդրումային առաջարկներին արձագանքելու գործիքներն ու արագությունը: «Սա պետք է լինի մեր օրակարգի կարևոր հարցերից մեկը, որպեսզի համոզվենք, որ ներդրումային առաջարկները, հատկապես հետճգնաժամային շրջանում, պատշաճ արագությամբ և մակարդակով քննարկելու ենք: Այսինքն խնդիրը հետևյալն է. ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը, որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի և դա մեզ համար կենսական պահանջ է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև ներկայացվել են տնտեսության տարբեր ճյուղերին օժանդակությանը և զարգացմանը վերաբերող առաջարկություններ և գաղափարներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հեռավար ուսուցման հասանելիության ապահովման վերաբերյալ առաջարկություն, որով նախատեսվում է անապահով ընտանիքների երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու համար պետական աջակցությամբ վերջիններիս ապահովել ինտերնետ կապով և պլանշետներով: Գաղափարն արժանացել է հավանության:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ռազմավարական առումով պետք է խնդիր դնել, որպեսզի մեր բոլոր աշակերտները տեխնիկապես լինեն հագեցված, ինչը կարևոր է նաև մարզային համայնքներում ուսուցչական կադրերի պակասը հեռավար կրթությամբ լրացնելու առումով: Կառավարության ղեկավարը ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ լրամշակել առաջարկությամբ նախատեսվող գործիքակազմերը և դրանք ներկայացնել կառավարություն: