civilnet.am: Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունեց բանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատներին։ Վերջիններս ավելի վաղ փակել էին Տիգրան Մեծ պողոտան՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։

Արթուր Աջամյանը պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում էր ստացել։ Զինծառայողի հարազատները մեղադրում են պաշտպանության նախարարությանը թուլության մեջ։ Նրանց խոսքով՝ օբյեկտիվ քննություն չի տարվում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ինչ կանեն՝ ապահովելու քննության օբյեկտիվ ընթացքը, խոսեց բանակում և ոչ միայն տիրող գողական բարքերից։

«Մեր երեխեքը շարունակում են արժանապատվության աղավաղված պատկերացում ունենալ, մենք ասում ենք՝ իրար նկատմամբ հարգանքով պիտի լինենք»,- ասաց նա՝ հավելելով, որ գողական մտածելակերպի հետևողական սնուցում է գնում։

«Ամեն ինչ անում ենք, որ մարդը մարդու կյանքը գնահատել իմանա»,- նշեց Փաշինյանը։

Հարազատների խոսքով՝ իրենց ոչ մի տեղեկություն չի տրամադրվում․ «թղթեր են միայն սևացնում», ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գուցե դա պայմանավորված է նախաքննության գաղտնիությամբ։

Հանդիպման վերջում վարչապետը հանձնարարեց տեղեկանք պատրաստել նախաքննության գաղտնիք չհանդիսացող տեղեկություններով, իսկ «եթե պարզվի, որ ամբողջը գաղտնիք է, առանձին զրուցել հարազատների հետ»։ Նա ներողություն խնդրեց զինծառայողի ազգականներից, որ «չեն կարողացել խնդիրները լուծել», ինչն էլ հանգեցրել է նման իրավիճակի։