Տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է. ԲՀԿ պատգամավոր |lragir.am|
10:34 - 13 նոյեմբերի, 2019

Տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է. ԲՀԿ պատգամավոր |lragir.am|

lragir.am: ԱԺ ԲՀԿ խմբակցությունն ասուլիս է հրավիրել խորհրդարանում՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի նախագծի մասին իրենց դիրքորոշումը:

Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք 2020 թվականի բյուջեի նախագիծն ամենևին չեն համարում հեղափոխական բյուջե:

«Տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է, այսինքն՝ այս բյուջեով այն ցուցանիշները, որ դրված են, մենք չենք կարող հասնել այն նպատակներին, որը քաղաքական հեղափոխության ընթացքում մեր ժողովրդի մոտ առաջացրել է դրական ու պոզիտիվ սպասումներ: Մեր այն մտահոգությունները, որոնք մենք դեռևս փետրվարին հայտնել ենք՝ կապված կառավարության հնգամյա ծրագրի հետ, 2020 թվականի բյուջի նախագիծը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ էինք այդ փուլում, և այս մոտեցումներով ու գործիքներով մեր հանրապետությունում չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն»,- ասաց նա:

Անդրադառնալով բյուջեի նախագծով ՀՆԱ-ի աճին՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ 4.9 տոկոս նախանշված աճը նահանջ է, քանի որ նախորդ տարիներին 5-7 տոկոսանոց աճեր են դրվել: «Արդյունաբերություն՝ 5 տոկոս, գյուղատնտեսություն՝ կես տոկոս, սա ապշեցուցիչ բան ա, նույնիսկ հարկային մուտքերը 9 տոկոսից իջել են 6 տոկոս: Այսինքն՝ մենք ինչ հավաքելու էր, հավաքեցինք, և հարկահավաքման տեմպը կանգնել է»,- հավելեց Մելքումյանը: Ըստ նրա՝ խիստ անբարար է թոշակներն ու որոշ խմբերի աշխատավարձերի բարձրացման չափը:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ այս տարվա համար նախատեսված 221 մլրդ դրամ պետական ծախսերից, խոսքը կապիտալ ծախսերի մասին է, նոյեմբերի մեկի դրությամբ 89 մլրդ դրամն է ծախսվել:

«Պատկերացնո՞ւմ եք, մոտավորապես 500 մլն դոլարից 150 մլն դոլարն է ծախսվել, էն 350 մլն դոլարը կառավարությունը չի կարում ծախսի: Այ քեզ բան: Մենք վարկ ենք ներգրավում, փող չկար, բայց հիմա էլ փողը կա, չենք կարողանում գտնել, թե որտեղ ծախսենք: Ո՞րն է դրա բացատրությունը: Քաղաքական մակարդակով հնչել է, որ այն բոլոր տենդերները՝ ճանապարհաշինություն, ջրամբարաշինություն և այլն, որտեղ պետք է հիմնականում իրացվեն այդ կապիտալ ծախսերը, հիմնականում նույն ընկերություններն են, նրանցից կեսի վրա էլ քրեկան գործեր են հարուցվեծ, նորերը չեն առաջանում: Հիմա եթե ներդրումային միջավայրը նպաստավոր է, ինչո՞ւ Հայաստան չեն գալիս ընկերություններ, որոնք համապատասխան տեխնիկա ունեն»,- նշեց նա:

2020 թվականի բյուջեի նախագծով այդ կապիտալ ծախսերը նախատեսված են 359 մլրդ դրամ՝ այս տարվա 221 մլրդ-ի փոխարեն:

«Մենք չենք կարողանում ծախսենք, բայց բարձրացնում ենք 750 մլն դոլարի, որ նորից ի՞նչ անենք, ուշադրություն, այդ գումարները դնենք Կենտրոնական բանկի հաշվին: Այսօր ԿԲ համապատասխան հաշվին դրված է 300 մլրդ դրամից ավելի գումար, և դրանից ավանդային կամ դեպոզիտային տոկոս է ստացվում: Եղբայր, եթե այս երկրում եղել է քաղաքական հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն ենք ուզում, բայց մի կողմից բյուջեով դրված փողը չենք կարողանում ծախսենք, մյուս կողմից լրացուցիչ հարկերը, որ հավաքել ենք, տանում ենք էդ գումարը դնում ենք ԿԲ-ում: Ինչն է խնդիրը, բիզնեսի ոլորտներ չկա՞ն, որ էդ փողերը ծախսվեն: Ըսենց կառավարման համակարգ ես բացարձակ չեմ պատկերացնում»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը: Նա ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել