Փաշինյան. Դեմ ենք 21-րդ դարում անհեթեթ փակ սահմաններին, որոնք մեր հարևանները պահպանում են |panarmenian.net|
07:33 - 15 մայիսի, 2019

Փաշինյան. Դեմ ենք 21-րդ դարում անհեթեթ փակ սահմաններին, որոնք մեր հարևանները պահպանում են |panarmenian.net|

panarmenian.net: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինի Ազգային համաժողովների կենտրոնում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2000-ը` աշխարհի 47 երկրից:

Փաշինյանը ելույթ է ունեցել համաժողովում:

«Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար:

Մենք երախտապարտ ենք Չինաստանի կառավարությանը՝ ազգերի միջև փոխըմբռնման և համագործակցության գաղափարները ջատագովելու համար ու պատրաստ ենք աջակցել Ձեզ այդ նպատակին միտված ջանքերում», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանն իր խոսքում նաև նշել է, որ անցյալ տարի Հայաստանն ապրեց հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ  և որ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար: «Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա»:

Նա նշել է, որ Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է:
«Մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին մենք հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ: Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ:

Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ գործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հանդիսանում է հիմնադիր անդամներից մեկը, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին: Խաչաձևվող գործակցության շրջանակներում ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը», - եզրափակել է Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել