Փաստեր, փաստարկներ և հակադարձումներ՝ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի վերաբերյալ
19:21 - 23 հունվարի, 2020

Փաստեր, փաստարկներ և հակադարձումներ՝ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի վերաբերյալ

Հունվարի 19-ին Երևանի` Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի և «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ անդրադառնում էր դպրոցի մի շարք խնդիրների։

Նա, մասնավորապես, նշել էր, որ

- դպրոցի աշակերտների թիվը մի քանի հարյուրով գերազանցում է արտոնագրով թույլատրված թվաքանակը, երբեմն նույնիսկ երեք աշակերտ մեկ դասասեղանի շուրջ է նստում,
- մաթեմատիկա առարկայից դպրոցի աշակերտների 40 և ավելի տոկոսն անբավարար է ստանում,
- քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաները գտնվում են նույն վիճակում, ինչ իննսունականներին էին, և չեն արդիականացվում,
- ինֆորմատիկայի դասասենյակում կոտրված համակարգիչներ և ստեղնաշարեր կան, որոնք չեն օգտագործվում, կամ դրանք հնարավոր չէ օգտագործել,
- ֆիզկուլտուրայի դահլիճի մարզասարքերը չեն փոխվել 30 տարիների ընթացքում, հանդերձարաններն առանց օդափոխության են:

Այս թեմայի վերաբերյալ Infocom-ը հարցեր է ուղղել թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանին (դպրոցում տնօրենի ընտրություններ են սպասվում, և այս պահին տնօրենի պարտականությունները կատարում է ժամանակավոր պաշտոնակատարը)։ Ըստ նրա՝ Վահրամ Սողոմոնյանի այն պնդումը, թե դպրոցի աշակերտների թիվը գերազանցում է սահմանված քանակը, չի համապատասխանում իրականությանը։

«Դպրոցը բաղկացած է 3 խոշոր մասնաշենքերից, և աշակերտների քանակը սահմանված է լիցենզիայով, որից դուրս աշակերտների գերծանրաբեռնվածություն գոյություն չունի։ Գուցե պարոն Վ․ Սողոմոնյանին զարմացրել է դպրոցի 2000-ից ավելի աշակերտ ունենալու հանգամանքը, սակայն այն սահմանված է լիցենզիայով, և 2000-ից ավելի աշակերտներով դպրոցը համարվում է հանրապետության խոշորագույն ուսումնական հաստատություններից մեկը»,- նշել է նա։

Լիանա Աշրաֆյանը բացահայտ սուտ է համարում այն տեղեկությունը, թե, իբր, աշակերտական մեկ սեղանի շուրջ նստում է երեք աշակերտ։

Այսօր՝ հունվարի 23-ին, Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի ֆեյսբուքյան էջը հրապարակել էր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանը՝ դպրոցի աշակերտների թիվը ավելացնելու մասին, ինչպես նաև լիցենզիան, որով սահմանվում է աշակերտների առավելագույն քանակը։

«Լիցենզիայով սահմանված կարգով դպրոցը կարող է ունենալ 2145 աշակերտ, որից 1000-ը տարրական դպրոցի համար, 1145-ը՝ միջին դպրոցի: Այս պահին դպրոցում սովորում է ընդամենը 2059 աշակերտ: Տարրական դպրոցում այս պահին սովորում է 917 աշակերտ, իսկ միջինում` 1142»,- նշված է դպրոցի հայտարարության մեջ։

2019 թ․ նոյեմբերի 18-ից 26-ը ՀՀ Կրթության տեսչական մարմինը ստուգումներ էր անցկացրել դպրոցում։ Մենք հարցում էինք ուղարկել ԿԳՄՍՆ՝ հասկանալու, թե տեսչական մարմինն ինչ խախտումներ էր արձանագրել։ Ստուգումների արդյունքներից պարզ է դառնում, որ դպրոցը գերազանցել է լիցենզիայով սահմանված՝ դպրոցին հիմնական հանրակրթական ծրագրով հաստատված սահմանային տեղերի թիվը։ Սահմանված 1145-ի փոխարեն 2019-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ այնտեղ սովորել է 1152 աշակերտ։ Տարրական հանրակրթական ծրագրով հատկացված տեղերը չեն գերազանցվել, քանի որ սահմանված է 1000 տեղ, իսկ տարրական դասարաններում փաստացի սովորում է 924 աշակերտ։

Տեսչական ստուգման ընթացքում արձանագրվել են նաև դասարաններում սովորողների միջին խտության հետ կապված խախտումներ։ Մասնավորապես 2018-2019 ուս․ տարում շուրջ 10 դասարաններում սովորողների միջին խտությունը սահմանվել է 36-39 աշակերտ՝ թույլատրելի առավելագույն 35-ի փոխարեն։ 2019-2020 ուս․ տարում ևս նման խախտում է արձանագրվել շուրջ10 դասարաններում։

Երեկ մենք շրջայց ենք իրականացրել թիվ 19 դպրոցում։ Շրջայցի պահին չենք արձանագրել այնպիսի դեպք, երբ մի նստարանի շուրջ նստած լինի երեք աշակերտ։ Լուսինեն, որի երկու երեխաները սովորում են այս դպրոցում (ծնողի ցանկությամբ նրա անունը փոխված ենք ներկայացրել), մեզ հետ զրույցում նշեց, թե ինքը ևս երբևէ չի նկատել, որ աշակերտները մի նստարանին երեք հոգով նստեն։

 

Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը նշեց, որ իրենց դպրոցում յուրաքանչյուր դասարանի հատկացվում է իր առանձին դասասենյակը, և դասասենյակում նստարանների թիվը համապատասխանեցվում է աշակերտների քանակին։ Մենք միայն նկատեցինք, որ դասարաններից մեկն անգլերենի դասն անցկացնում էր այն դասասենյակում, որտեղ դասավորված էին քիմիական լաբորատորիայի պարագաները։

Վահրամ Սողոմոնյանի պնդումներից մեկն էլ այն էր, որ դպրոցի աշակերտների 40 և ավելի տոկոսը մաթեմատիկա առարկայից անբավարար գնահատականներ է ստանում։ Տեսչական մարմինը ևս արձանագրել էր, որ իրենց կողմից անցկացված գրավոր աշխատանքին մասնակցած 603 աշակերտներից 285-ը (47%) անբավարար էր ստացել։

Անդրադառնալով այս պատկերին՝ դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը նշել է, որ հանրահաշիվ առարկայից աշակերտներին հանձնարարված խնդիրների և առաջադրանքների լուծման մեթոդաբանությունը նախատեսված է եղել երկրորդ կիսամյակում դասավանդելու համար։

«Վստահեցնում եմ, որ այդ աշխատանքների ուսուցումը պլանավորվել է կազմակերպել պատշաճ մակարդակով։ Ի դեպ, նույն արդյունքներն են արտահայտվել նաև ստուգման ենթարկված այլ դպրոցներում»,- ասել է նա:

Վահրամ Սողոմոնյանի՝ քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների վերաբերյալ դիտարկումը ևս Աշրաֆյանը հերքում է։

«Պարոն Սողոմոնյանի տեսանյութի մեջ նշված փաստարկները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, ուղղակի նորերի հետ միաժամանակ երբեմն դասավանդող ուսուցիչների հայեցողությամբ օգտագործվում են նաև նախորդ ժամանակաշրջանի սարքավորումները՝ իրենց առավել օգտակարության պատճառով,- նշել է նա։

Դպրոց այցի ժամանակ մենք հասկացանք, որ այնտեղ չկային քիմիայի և ֆիզիկայի առանձին լաբորատորիաներ։ Կային դասարաններ, որտեղ տեղադրված էին փորձանոթներն ու սարքավորումները, բայց այդ դասարաններում նաև այլ դասեր էին անցկացվում։

Սարքավորումների ու փորձանոթների մեծ մասը հին էր։ Աշակերտների և ուսուցիչների հետ զրուցելով՝ հասկացանք, որ երբ անհրաժեշտ է լինում, դրանք տեղափոխում են համապատասխան դասարանի դասասենյակ և փորձերն անցկացնում այնտեղ։

Ինֆորմատիկայի դասասենյակը դիտարկելով՝ կարող ենք արձանագրել, որ այնտեղ իսկապես կային անսարք և օգտագործման համար ոչ պիտանի համակարգիչներ ու ստեղնաշարեր, աշակերտների մի մասը նստած էր անջատված համակարգիչների դիմաց և գործնական առաջադրանքներ չէր կատարում։ Նրանցից մի քանիսին էլ համակարգիչ ընդհանրապես չէր հասել։

Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը, անդրադառնալով գույքի մի մասի ոչ սարքին վիճակին, նշեց, որ հաճախ աշակերտներն են դասապրոցեսի ընթացքում վնասում համակարգիչները։ Դա կանխելու և աշակերտների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու նպատակով նրանք որոշել են այս տարի դպրոց ընդունել ինֆորմատիկայի ևս մի ուսուցչի։

Մենք եղանք նաև դպրոցի՝ ֆիզկուլտուրայի և՛ տարրական, և՛ հիմնական դասարանների համար նախատեսված մարզադահլիճներում։ Երկուսն էլ, իսկապես, չունեին օդափոխման համակարգ, ինչը տիկին Գրիգորյանը բացատրում էր, որ դպրոցի շենքը հին է, և դժվարություններ կան օդափոխման համակարգ ներդնելու հետ կապված։ Մարզադահլիճներն ունեին մեծ պատուհաններ։ Ուսուցիչները նշեցին, որ պատուհանները դասերից առաջ բացվում են, որ տարածքն օդափոխվի։ Չնայած դրան, տարրական դասարանների մարզադահլիճում, որտեղ այդ պահին դաս էր, օդը բավականին ծանր էր։

Ուսուցիչները նշեցին, որ միգուցե մարզվելու սարքերից որևէ մեկը ինչ-որ պահի թուլացել է, բայց իրենք հենց նկատել են, թերությունը վերացրել են։ Ըստ նրանց՝ դա նորմալ է, քանի որ գույքից օգտվող աշակերտների թիվը շատ մեծ է։

Դպրոցի հին լինելու հարցին անդրադարձել էր նաև Լիանա Աշրաֆյանը՝ նշելով, որ սկզբնական մասնաշենքը կառուցվել է 1921 թ., հարկերի բաժանարար հատակներն ու առաստաղները փայտյա են և դարձել են խիստ վտանգավոր։ Դրանց մի մասը երկաթբետոնյա ծածկերով վերանորոգվել է, իսկ մյուս մասի աշխատանքներն էլ դեռ պետք է շարունակվեն այն 54 մլն դրամ բյուջեով, որը, ըստ տնօրենի, հաճախակի մատնանշում է Վահրամ Սողոմոնյանը։

«Այդ կապակցությամբ հայտնում եմ, որ կապիտալ վերանորոգման բնույթի նշված աշխատանքները դպրոցը կատարում է իր խնայողությունների հաշվին, պետական բյուջեից միջոցներ չի խնդրում և բազմիցս շնորհակալության է արժանացել Երևանի քաղաքապետարանի կողմից»,- մասնավորապես ասել է Աշրաֆյանը:

Երբ զրուցում էինք ծնողներից Լուսինեի հետ (հիշեցնենք, որ ծնողի ցանկությամբ իր անունը փոխված է), նա ասաց, որ յուրաքանչյուր դասարան ամսական 3000 դրամ է հավաքում հավաքարարին տրամադրելու համար։ Դա պարզաբանվում է այսպես․ դպրոցի բյուջեից գումար չի հատկացվում դասարանները մաքրելու համար, և ծնողները կա՛մ պետք է իրենք հերթափոխով մաքրեն դասարանները, կա՛մ հավաքարարներին լրացուցիչ վճարեն։

Երբ նայում ենք համար 19 դպրոցի հաստիքացուցակը, տեսնում ենք, որ դպրոցն ունի 9 հավաքարար։

 

 

Լուսինեն մեզ նաև պատմեց, որ իր երեխայի դասղեկը ծնողներին ասել է, թե իրենց դպրոցում ծնողական կոմիտե չկա, երբ ծնողները որևէ հարց են ունենում, պետք է այդ մասին խոսեն ընդհանուր ժողովների ժամանակ։ Լուսինեն հիշում է, որ անցած տարի դասղեկը դիմել է ծնողներից մեկին, խնդրել, որ նրա անունը գրանցեն ծնողկոմիտեի կազմում։ Այդ ծնողին ասել են, որ նա որևէ պարտավորություն չունի, ընդամենը մի անգամ ժողովի պետք է գնա։ Այս տարի էլ նույն խնդրանքով դիմել են Լուսինեին, քանի որ ծնողկոմիտեում մի դասարանից երկու ծնող պետք է լիներ։ Հենց այդ ժամանակ է Լուսինեն առաջին անգամ տեղեկացել, որ երկար տարիներ է, ինչ իրենց դպրոցում ծնողկոմիտե գոյություն ունի։

Մինչդեռ «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների» օրինակելի կանոնադրությունը սահմանում է, որ դասարանների ծնողական խորհուրդները` նախագահ և երկուսից չորս անդամի կազմով, ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից մեկ ուսումնական տարվա համար։ Իսկ հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է։

Դպրոցի կառավարման խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանն իր տեսանյութում նշել էր նաև, որ ստացել է դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը, ըստ որի՝ 80 մանկավարժ մասնակցել է նիստին, սակայն, իր ունեցած տեղեկություններով, մանկխորի այդ նիստը դեկտեմբերի 25-ին տեղի չի ունեցել։

Լիանա Աշրաֆյան նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և որ մանկխորհրդի նիստը կայացել է դեկտեմբերի 25-ին:

Իսկ դպրոցի տնօրենի ժ/պ Գրիգորյանը մեր զրույցում նշեց, որ նիստը կայացել է, պարզապես մի քիչ այլ կերպ։ Մեր ճշգրտող հարցին ի պատասխան, թե ինչ ասել է մի փոքր այլ կերպ, տիկին Գրիգորյանը նշեց․

«Սովորական ընթացակարգին համապատասխան է եղել։ Հետո էլ դա դպրոցի ներքին խնդիրն է, միգուցե այսօր չի ստացվում, մեկ ուրիշ օր ենք անում։ Մանկխոր եղել է, մենք բոլոր փոխտնօրեններով տնօրենի հետ նստել ենք, հաշվետվություն ենք տվել, նույնիսկ դա ուղարկել ենք վարչություն, ո՞նց կարող է մանկխոր եղած չլինել։ Ուղղակի մի քիչ ավելի փոքր չափերով է եղել»։

Դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը, ամփոփելով վերջին օրերին դպրոցի շուրջ բարձրացած աղմուկի պատճառները, նշում է, որ թիվ 19 հիմնական դպրոցը հանրապետության լավագույն դպրոցներից մեկն է, ինչի ապացույցը 2000-ից ավելի աշակերտների թվաքանակն է, և ինքը տարակուսելի է համարում այն, որ կառավարման խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանը հանրապետության շատ ու շատ դպրոցներում առկա բազում խնդիրները ներկայացնելու փոխարեն ոչ իրական խնդիրներ է փնտրում իրենց դպրոցում։

«Խորհրդի լիազորությունները սահմանված են օրենքով, որի համաձայն՝ խորհրդի որոշումները ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Իսկ դա նշանակում է, որ խորհրդի որևէ անհատ անդամ չի կարող հանդես գալ խորհրդի անունից և պահանջներ ներկայացնել: Մինչդեռ պարոն Վ.Սողոմոնյանը, տեսնելով, որ իր ներկայացրած պահանջներն ու հարցերը խորհուրդը պարզ քվեարկությամբ մեծամասնությամբ չի ընդունում, անցնում է հաշվեհարդար տեսնելու հռետորականության և իր պահանջները տեղափոխում է ֆեյսբուք»,- մասնավորապես նշել է նա։

Մարտի 6-ին տեղի կունենա Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի տնօրենի ընտրությունը, թեկնածուներից մեկն ամենայն հավանականությամբ կլինի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։ Նրանից առաջ 16 տարի դպրոցի տնօրեն է եղել նրա մայրը՝ Հասմիկ Ղարիբյանը։ Տեղեկություններ էին ստացվել, որ Լիանա Աշրաֆյանի հայրը՝ Արմեն Աշրաֆյանը, որը նախկինում դատախազ է եղել և արդարադատության նախարար, արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել վերընտրությունն ապահովելու համար։ Այս մասին մեր հարցին պատասխանելով՝ Լիանա Աշրաֆյանը նշել է․

«Ինչ վերաբերվում է իմ ծնողներին առնչվող հարցադրմանը, ապա հայտնում եմ, որ նրանք երկուսն էլ ծերության կենսաթոշակառուներ են, ներկայումս մայրս ծանր ախտորոշմամբ գտվում է վերակենդանացման ստացիոնար բաժանմունքում, և կարծում եմ, նրանց անվան շահարկումը բարոյական չէ»:

Աստղիկ Քեշիշյան, Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել