ՀՀԿ-ի նախկին ֆինանսների նախարարը նույն ոճով է մտածում, ինչ այսօր մեր տնտեսական պատասխանատուները․ Վահրամ Սողոմոնյան
11:48 - 30 ապրիլի, 2019

ՀՀԿ-ի նախկին ֆինանսների նախարարը նույն ոճով է մտածում, ինչ այսօր մեր տնտեսական պատասխանատուները․ Վահրամ Սողոմոնյան

Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումերի ընթացքում «Քաղաքական դիսկուրս» հարթակի անդամ Վահրամ Սողոմոնյանը հանդես եկավ ելույթով։ Նա մասնավորապես նշեց․

«Երեք օր առաջ մենք նշում էինք քաղաքացու օրը։ 2018 թվականի հեղափոխությունը անցած տասնամյակի քաղաքացիական շարժման արդյունքն էր։ Այդ քաղաքացիական շարժման ընթացքում ձևակերպվել էին և հեղափոխության ընթացքում ամրագրվեցին երկու արժեք՝ մեկն իրավական պետության հարցն էր, մյուսը՝ սոցիալական արդարության և համերաշխության հարցը։Ռեսուրսների արդար տնօրինում, նյութական անհավասարության հաղթահարում, արդար սակագներ, հավասար հնարավորություններ և այլն։ Եվ դա է պատճառը, որ 2018 թվականին խաղաղ անհնազանդության մեթոդներով Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ այդ հեղափոխությունը պսակվեց հաջողությամբ։

Համահարթեցման նախագիծը սասանում է այն հավասարակշռությունը և այն համերաշխությունը, որը ստեղծվեց հեղափոխության ժամանակ՝ ապահով միջին խավի և աղքատացած 40 տոկոս բնակչության միջև։ Չկա ավելի հակահեղափոխական նախագիծ, քան համահարթեցման նախագիծը։ ՊԵԿ-ի նախագահը այսօր ասում է՝ մենք ունենք ընթացիկ փոփոխություններ, բայց դրանց մեջ ներկայացնում է համակարգային նշանակության համահարթեցման փոփոխությունը։

Ինչու՞ է սա պրոբլեմատիկ։ Այսօր, երբ մեր պետությունը կարիք ունի շատ և մեծ քանակությամբ պետական ներդրումների, մենք կամավոր կերպով ցանկանում ենք հրաժարվել այդ երակից, որը սնում է մեր կարևոր ներդրումները կրթության, առողջապահության և մյուս ոլորտների համար։ Սեպտեմբերից սկսած, երբ այդ հայտարարությունը եղավ, մի շարք համաժողովներ ենք կազմակերպել, դրսից ֆինանսների նախարարներ և այլ փորձագետներ ենք հրավիրել։ Այն երկրները՝ Մակեդոնին, Սլովակիան, որոնք մտել են դրա մեջ և դառը փորձով դուրս են եկել, պարզապես վերջում զարմացած արձանագրում են՝ մենք չենք հասկանում, թե ձեր կառավարությունն ինչի է գնում այդ քայլին։

Սահակաշվիլիի պարտությունը համահարթեցման պատճառով էր, այսօր վրաստանը 7-րդ տեղում է աշխարհում անհավասարության ցուցանիշում, իսկ նախկին խորհրդային երկրների ցանկում առաջին տեղում է և չեն կարողանում դուրս գալ նույնիսկ նոր կառավարության օրոք, քանի որ դա գրվել է սահմանադրության մեջ։ Եթե դուք հարկային մարմիններին հարցնեք Վրաստանում, կասեն հիանալի է, 20 տոկոս, շատ հեշտ է մեզ համար, բայց եթե դուք հարցնեք քաղաքացիներին, փորձագետներին, նրանք ասում են՝ մեր պետությունը կեղեքվում է, որովհետև մենք չենք կարողանում ուսուցչին շատ վճարել, քանի որ մենք ունենք բյուջետային միջոցների ահռելի կորուստ։ Եվ նույնիսկ կառավարող կուսակցության մեջ այնտեղ դեբատներ են գնում վերադառնալու համար։

Համահարթը չի խթանում բարձր աշխատավարձ, այլ ստեղծում է սողանցք, որի մեջ կորչում են պոտենցիալ հարկային եկամուտները։ Թե բիզնեսը այդ միջոցները ինչ կանի՝ դեռ անհայտ է։

Մտածե՞լ եք ռեգիոնալ ազդեցության մասին։ Հայաստանի ամենացածր աշխատավարձերը մեր մարզերում են։ Միջին աշխատավարձը՝ Երևանում մոտավորապես 194 հազար, իսկ մարզերում 150 հազար։ Դուք այդ խզումը ավելի եք սրում։

Հարկային հավաքագրման, ստվերի հաղթահարման հարցը նույնպես չի լուծվում։ Դա պետք է լուծի ՊԵԿ-ը՝ հարկային վարչարարության մոդեռնիզացման և բարելավման միջոցով։ Մի մոռացեք, որ քիչ ստացողը իր ամբողջ եկամուտը ծախսում է Հայաստանում, իսկ շատ ստացողը ծախսում է միգուցե Նեթֆլիքսի սերիալներ դիտելու կամ դրսում ինչ-որ գույք ձեռք բերելու, դրսում տուրիզմի կամ այլ բաների համար։

Ինչն է վտանգները՝ վաղը-մյուս օրը, եթե Հայաստանը այս կայունարարները չունենալով կանգնեց  ֆինանսատնտեսական անկայունության շեմին, կարող է մեզ ասեն՝ ինչու բավարար չափի հարկ չեք հավաքում։

Նաև ասեմ, որ այստեղ ակնհայտ խեղաթյուրված փաստեր են ներկայացնում՝ աշխարհի երկրների 95 տոկոսը ունեն պրոգրեսիվ հարկային համակարգ և ոչ ոք չի մտածում հրաժարվել այդ համակարգից։ Եվ տարօրինակ չէ, որ ՀՀԿ-ի նախկին ֆինանսների նախարարը նույն ոճով է մտածում, ինչ-որ այսօր մեր տնտեսական պատասխանատուները։

Այդ suplay side-ը որ մտածում եք առաջարկի միտված, իսկ մտածել եք այդ պայմանները կան, թե ոչ, կրթությունը կա, կամ արվում են պետական ներդրումները։ Ներդրողը,երբ եկավ դրսից, ասելու է՝ իսկ դուք ի՞նչ եք արել։ Սլովակիան ասում է՝ մենք մտցրեցինք համահարթը, սպասում էինք, որ ներդրողները գան, նրանք եկան ասացին՝ իսկ ու՞ր են ձեր կրթված կադրերը։ Ի՞նչ ենք անում մենք կրթության մեջ, մի հատ էլ վերցնում ենք այդ միջոցները։

Կներեք, բայց պետք է մի քիչ կտրուկ լինեմ, միջին խավ չեն կարող լինել այն մարդիկ, ովքեր միայն եկամուտներով են միջին խավ և իրենց քթից այն կողմ չեն տեսնում։ Եվ խնդրում եմ, որ ԱԺ մեծամասնությունը լուրջ վերաբերվի այս հարցին։ Ես ճիշտն ասած իրական քաղաքական դեբատ չեմ տեսնում, ոչ ոք չպետք է սպասի, որ ինչ-որ խավերի խմբեր գան և ձեզ առաջարկներ անեն, դուք բարձրաձայնեք։ Դուք պետք է լինեք քաղքական օրակարգի թելադրողը և դուք չպետք է թույլ տաք այսպիսի խայտառակ օրինագիծ։ Փնտրեք,թե որտեղ է ծնվել այդ օրինագիծը և ով է առաջ տանում այն։

Եվ նույնիսկ ծիծաղելի է, որ այսօր ֆինանսների փոխնախարարը նոր է ասում, որ առկա են 2018 թվականի հաշվարկները և նա կփոխանցի Ազգային ժողովին։ Այդ հաշվարկները ամենակարևորն են։ Մեզ չի հետաքրքրում 2017 թվականին օլիգարխիկ տնտեսության մեջ ինչ է եղել։ Մեզ հետաքրքրում է՝ հիմա ինչ է կատարվում։

Համահարթեցման դրույթը մենք պետք է հանենք հարկային օրենսգրքի միջից։ Կոչ եմ անում բոլորին լծվել դրան, որպեսզի մենք չհակադրենք անձնական նախաձեռնությունը, անհատի ազատությունը կոլեկտիվ գործողությանն ու համերաշխությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել