Սոցիալական արդարության կողմնակիցները երես են թեքելու ձեզնից․ Վահրամ Սողոմոնյան
08:40 - 27 մայիսի, 2019

Սոցիալական արդարության կողմնակիցները երես են թեքելու ձեզնից․ Վահրամ Սողոմոնյան

«Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր, քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել համահարթ եկամտահարկի դրույթի վերաբերյալ՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահին և «Իմ քայլ»-ի պատգամավորներին՝ նշելով, որ այդ դրույթն այդպես էլ չվերանայվեց և եկող շաբաթ մտնում է ԱԺ։

Սողոմոնյանի խոսքերով՝ «Իմ քայլը» դաշինքի ոչ մի պատգամավոր չհամարձակվեց անդրադառնալ այս թեմային ու խորամուխ լինել հարցի մեջ, չօգնեց նաև ներկայացուցչական միջազգային համաժողովը։

«Շատերը, ծանոթանալով նյութին, ասում են, որ դեմ են, բայց հանրային չեն խոսում։ Մյուս մասն ինձ ասում է, որ մասնագետ չի և չի հասկանում։ Ես նաև զգում եմ պատգամավորների մոլորված վիճակը, որ դեմ են, բայց չգիտեն ինչ անել, որ իրենց կամքի դեմ չգնան։ Ոմանք նույնիսկ խուսափում են շփվել ինձ հետ այդ թեմայով»,- գրել է քաղաքագետը։

Վահրամ Սողոմոնյանը նշել է նաև, որ կառավարող ուժը վերջին շաբաթն ունի մտածելու համար, և որ քաղաքական հետևանքները նրանք են կրելու։ «Իմ շրջապատում շատերն ասում են՝ ինչի ես իզուր չարչարվում։ Թող անեն, ձախողվեն, տեղն ա իրենց։ Ես այդպես չեմ մտածում։

Ասեմ, որ եթե «Կողմ» քվեարկեք այս դրույթին, ոչ ոք, իհարկե, միանգամից դուրս չի գալու փողոց, բայց հեղափոխության կրողների մի զգալի մասը` սոցիալական արդարության կողմնակիցները երես են թեքելու ձեզնից։ Սա քաղաքական պառակտման սկիզբն է։ Իսկ թե ինչ կլինի հետո, կտեսնենք»,- գրել է նա։

«Քաղաքական դիսկուրս»-ի համախմբագիրը գրել է նաև՝ կարծես իսկապես Նոր Հայաստանում կա մի թեմա, որի մասին խոսելը տաբու է․ սա պետք է, որ մտածելու տեղիք տա։

«Ընթացիկ սխալները մի բան են, բայց համակարգային սխալ որոշումը արդեն այլ տեղ է տանում։ Գլխավոր խնդիրը` տնտեսական որոշումներում գերակայում է տեխնոկրատականությունը և ոչ քաղաքական միտքը»,- ասված է գրառման մեջ։

Նա նշել է նաև, որ այս ամբողջ ընթացքում օգտագործել է հանրային ելույթների, հետազոտությունների և քննարկումների ձևը` իր կարծիքը տեղ հասցնելու համար, բայց երևում է՝ նման լեզուն չափազանց զուսպ միջոց է ինչ որ բան փոխելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել