«Փոխվել են ժամանակները, լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին ազնիվ ու բացճակատ մրցակցությունն է». Մասիս Մայիլյանը սկսել է քարոզարշավը
12:09 - 27 փետրվարի, 2020

«Փոխվել են ժամանակները, լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին ազնիվ ու բացճակատ մրցակցությունն է». Մասիս Մայիլյանը սկսել է քարոզարշավը

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը սկսել է նախընտրական քարոզարշավը: Այս մասին հայտարարություն է տարածվել նրա ֆեյսբուքյան էջում:

«Քարոզարշավի մեկնարկի օրը ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել քաղաքակիրթ մրցակցության անհրաժեշտությունը և քաղաքական ընդդիմախոսների արժանապատվությունը վիրավորելու անթույլատրելիությունը, ինչի մասին քանիցս առիթ եմ ունեցել խոսելու նախընտրական պատրաստությունների շրջանում։ Հենց այս սկզբունքներն ենք դրել «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքի ձևավորման ու համագործակցության հիմքում։

Քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին մեկ անգամ ևս կոչ եմ անում հրաժարվել նաև ֆեյքային պատերազմից ու զանազան մանիպուլյացիաներից։ Պետք է հասկանալ, որ փոխվել են ժամանակները, ու որ փոքրիշատե լուրջ ընկալվելու և հեռանկար ունենալու միակ ուղին բառի բոլոր իմաստներով ստվերից դուրս գալն է և ազնիվ ու բացճակատ մրցակցությունը։

Ինքս մաքուր խղճով ու բացճակատ եմ սկսում քարոզարշավը, նույնը ակնկալելով մյուսներից։

Բարի երթ բոլորին»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել