Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, դիվանագիտական աստիճանը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 14-ին։ 1991 թ. ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Արցախի պետական համալսարան) ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1991-1992 թթ. ուսանել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ սոցիալական հոգեբանություն մասնագիտությամբ։ 1998 թ. ավարտել է Վիեննայի դիվանագիտական ակադեմիան։
1992-1993 թթ. ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեին առընթեր Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տեղեկատվական քաղաքականության բաժնի առաջատար, այնուհետեւ` գլխավոր մասնագետ։ 1993-2001 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ միջազգային կազմակերպությունների բաժնի վարիչ, միջազգային կազմակերպությունների վարչության պետ, նախարարի խորհրդական – քաղաքական վարչության պետ։ 2001-2007 թթ. ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: 2008 թ․ հիմնադրել եւ մինչեւ 2017 թ. ղեկավարել է Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհուրդը։ 2016-2017 թթ. Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան:
1993-1997 թթ․ ԼՂՀ պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ, Ռուսաստանի ԱԳՆ եւ Պաշտպանության նախարարության միջնորդությամբ ընթացող բանակցություններին։ 2004-2007 թթ․ մասնակցել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի Տեղեկատվական անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին։ 2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արտաքին գործերի նախարար: