ՔՈ-ի «ողջամիտ կասկածները» չեն փարատվել․ ինչու են պնդում, որ քրգործ հարուցվի Ծառուկյանի նկատմամբ |news.am|
05:33 - 31 մայիսի, 2019

ՔՈ-ի «ողջամիտ կասկածները» չեն փարատվել․ ինչու են պնդում, որ քրգործ հարուցվի Ծառուկյանի նկատմամբ |news.am|

news.am։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու ՀՔԾ որոշումը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը բողոքարկել է։ Այս մասին ասաց կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

«Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մեր դիմումի մասով պատասխան ենք ստացել ՀՔԾ–ից։ Քննիչի պատասխանում որեւէ կերպ չի արտացոլվում, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, հակառակը՝ գտել է, որ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Գործը մերժվել է, որովհետեւ քննիչը գտել է քր.օր–ի 310–րդ հոդվածով ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցել կհամարվեր, եթե ձեռնարկատերը շահույթ ստանար, այնինչ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելով՝ պարոն Ծառուկյանը վնաս է կրել՝ ցեմենտի գինը 10 հազարով իջեցնելով։

Սակայն քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված է պատիժ, երբ պատգամավորը ձեռնարկատիրությամբ զբաղվելով՝ վնաս է հասցնում պետությանը կամ որեւէ կազմակերպության։ Այս հիմնավորմամբ բողոքարկել ենք ՀՔԾ քննիչի որոշումը»,- նշեց նա։

Սուրեն Սահակյանի խոսքով՝ ձեռնարկատիրական գործունեության համար պարտադիր չէ որեւէ ձեռնարկությունում որեւէ պաշտոն զբաղեցնել. «Բացի այդ, հաշվի առնված չէ, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածը հստակ մատնանշում է, թե որ դեպքերում գործունեությունը կարող է համարվել ձեռնարկատիրական։

Այսինքն՝ պարտադիր չէ որեւէ ձեռնարկություններում որեւէ պաշտոն զբաղեցնել, ձեռնարկատիրությամբ զբաղվել է նշանակում նաեւ ներկայացուցչական գործառույթ կատարելը ձեռնարկատիրության մեջ, իսկ Գագիկ Ծառուկյանը ներկայացուցչական գործառույթ է կատարել եւ հանդիպել ներդրողների հետ։

Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում կարգադրիչ եւ կառավարչական գործողությունները, այսինքն՝ երբ Գագիկ Ծառուկյանը կարգադրել է 10 հազար դրամով իջեցնել ցեմենտի գինը, նա կառավարչական գործողություն է կատարել։ Այսինքն ՀՔԾ–ն ամբողջական քննություն չի իրականացրել»։

Նրա փոխանցմամբ՝ պատասխան են ստացել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, որտեղ նշված է եղել, որ նպատակահարմար չեն գտնում այդ հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծել. «Այստեղ օրենքի բաց կա։

Որեւէ պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիությունը քննելու համար պետք է դիմել ՍԴ, իսկ դիմել կարող է Ազգային ժողովի խորհուրդը, որը գլխավորում է Արարատ Միրզոյանը, որի համար էլ դիմել էինք նրան, բայց պատասխան դեռ չենք ստացել։ Իսկ մյուսը՝ պատգամավորների մեկ հինգերորդի համաձայնություն է հարկավոր այդպիսի ընթացակարգ նախաձեռնելու համար։

Սակայն օրենքը նաեւ սահմանում է, որ նման ընթացակարգ ստեղծելու համար պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը։ Մյուս կողմից պաշտոնատար անձանց գործունեությունը կարգավորող օրենքը հնարավորություն է տալիս եզրակացություն տալ բարձրաստիճան պաշտոնյաների հարցերով, բացառությամբ պատգամավորների»։

Սուրեն Սահակյանը ընդգծում է՝ ավելի բարձր իրավական ուժ ունեցող ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանվում է, որ Էթիակայի հանձնաժողովը պետք է եզրակացություն տա կոնկրետ դեպքով, իսկ Հանրային ծառայության մասին օրենքով նշվում է, որ պատգամավորների վերաբերյալ եզրակացություն չի տալիս հանձնաժողովը, «ուստի ՔՈ–ն դիմել է էթիկայի հանձնաժողով, որ ենթարկվեն ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմին եւ եզրակացություն տան այդ հարցով, իսկ եզրակացությունից հետո Ազգային ժողովի խորհուրդը պետք է դիմի ՍԴ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել