armtimes.com: 28-ամյա երիտասարդի նկատմամբ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը ստուգելու համար Դատախազությունը ԶԼՄ հրապարակումները ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են քաղաքացու նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները. «Վերջիններս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և այդ շրջանակներում իրական հանգամանքները պարզելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՔԾ»:

Աբրահամյանը տեղեկացրեց, որ ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություններ կատարելու վերաբերյալ նաեւ նույն քաղաքացուց է հաղորդում ստացվել, որը նույն գրությամբ ևս ուղարկվել է ՀՔԾ:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը նշեց, որ Դատախազությունից հրապարակումները դեռեւս չեն ստացել: Ինչ վերաբերում է հանցագործության մասին հաղորդմանը, քաղաքացին այն նաեւ իրենց էր հասցեագրել: Հաղորդումը ստացել են, եւ դրա ընթացքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ, ըստ Ոստիկանության, մարտի 27-ին՝ ժամը 05-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, ներկայացել եւ վարորդից պահանջել տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ, եւ չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրել են, հնչեցրել հայհոյանքներ: Պաշտպանական կողմը, սակայն, պնդում է, որ քաղաքացու երեխան վատ է զգացել, այդ պատճառով էլ թեեւ մի երկու բաժակ խմած է եղել, առանց փաստաթղթերի դուրս է եկել տնից, շտապել դեղատուն: Ըստ պաշտպանի՝ քաղաքացուն ծեծելով, քարշ տալով են տարել Ոստիկանություն: