Ապօրինի գույքի բռնագանձման օրենք, հակակառուպցիոն ռազավարություն. նախարարի զեկույցը |armenpress.am|
12:26 - 07 մայիսի, 2020

Ապօրինի գույքի բռնագանձման օրենք, հակակառուպցիոն ռազավարություն. նախարարի զեկույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար 2019-ին ձեռնարկվել են մի խումբ միջոցառումներ, որոնք շարունակվում են նաև 2020-ին, դրանցից են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի մշակումն ու ընդունումը, իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտի ներդրումը և այլն:

Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը՝ ԱԺ-ում կառավարության 2019 թվականին ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«2019-ի հոկտեմբերին լայնամասշտաբ հանրային քննարկումներից, ներառական քննարկումներից և միջազգային փորձաքննություններից հետո կառավարությունը հաստատել է հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը: Կառավարության այս ռազմավարությամբ հիմնական խնդիրը, որ լուծվել է, ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն մարմինների շրջանակի ստեղծման նախատեսումն է և այդ առումով գործողությունների հաջորդականությունը»,-ասաց Բադասյանը:

Նա հիշեցրեց՝ արդեն ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Դեռ նախատեսվում է 2021-ին ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության գործառույթ պետք է ունենա, Գլխավոր դատախազության կազմում հակակոռուպցիոն հատուկ ստորաբաժանում և հակակոռուպցիոն դատարան: Հաջորդ խումբ միջոցառումներն ուղղված են եղել կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման նպատակով ներդրվել են համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ: Ներդրվել է շահերի բախման հայտարարագրի ինստիտուտը:

Նախարարը հիշեցրեց նաև իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին: Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության հաջորդ ուղղությունը եղել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավմանն ուղղված գործիքակազմերի ստեղծումը, մշակվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, և ընդունվել  ԱԺ-ի կողմից:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում ազդարարների ինստիուտի դերը կարևորելով՝ 2019 թվականին մայիսի 21-ին գործարկվել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը: Բադասյանը նշեց նաև, որ «Transparency international»  կոռուպցիայի ընկալման համաթիվ 2019 թվականի զեկույցով արձանագրվել է, որ Հայաստանն իր դիրքերը նախորդ տարվա համեմատությամբ բարելավել է միանգամից 28 հորիզոնականով, ընդ որում կոռուպցիայի ընկալման համաթվի միավորը 1 տարվա ընթացքում բարձրացվել է 7-ով: Սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ ցուցանիշ է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել