Զինված ուժերում նախորդ տարի հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով |armenpress.am|
15:33 - 01 հունիսի, 2020

Զինված ուժերում նախորդ տարի հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է  49 զինծառայողի մահվան դեպք. զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը նվազել են 47 տոկոսով:

«Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«2019-ին շարունակվել է Զինված ուժերում հանցագործությունների նվազման դինամիկան, հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով, բացահայտման ցուցանիշը կրկին կազմել է 97 տոկոս: Զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված  է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Համեմատության համար նշենք, որ 2018-ին Զինված ուժերում և Պաշտպանության բանակում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից զինվորական ծառայության անցնելու հետ կապված՝ 38:  Փաստորեն կտրուկ, 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը»,-ասաց Դավթյանը:

2018-ի համեմատ 2019-ին գրեթե կիսով չափ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 36.4 տոկոսով՝ զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 11.2 տոկոսով՝  ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստանալու դեպքերը:

 Դատախազը շեշտեց՝ չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, 2020-ի հիմնական առաջնահերթություններից է բանակում անողոք պայքարը քրեական ենթամշակույթն բնորոշ դրսևորումների դեմ: Շուրջ 33 տոկոսով նվազել է սպաների շրջանում հանցավորության մակարդակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել