Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի․ Բաբկեն Թունյան
11:50 - 15 հունիսի, 2020

Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի։

Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։

Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։

Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։
Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։

Այսպիսով, նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից ։
Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել