Ամեն գնով պետք է կանխել մարդկանց շնչառական սարքերին միացնելը․ ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյան |hetq.am|
20:04 - 27 հունիսի, 2020

Ամեն գնով պետք է կանխել մարդկանց շնչառական սարքերին միացնելը․ ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյան |hetq.am|

hetq.am:  «Ես երիտասարդ պրակտիկանտ էի, երբ տեղի ունեցավ 1988-ի Սպիտակի երկրաշարժը, ու այն պահին, երբ արդեն պետք է գայի Հայաստան, դադարեցին բժիշկներ ընդունել եւ չկարողացա գալ։ Դա ինձ շատ էր տխրեցրել։ Հայրս Շառլ Ազնավուրի հետ շատ ակտիվ էր Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցում, Կորսիկայում շատ բան էր հավաքել Հայաստան ուղարկելու համար։ Իմ այցի ձախողումը չափազանց տխրեցրել էր ինձ։ Եվ հիմա, երբ այս առաջարկն եղավ, ես հպարտ եմ գալուս համար»,- ասում է Էքս-Մարսելի համալսարանի Ինտենսիվ թերապիայի բժշկության պրոֆեսոր Լորան Փափազյանը, որը գլխավորում է կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցող ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումը։

 

- Ի՞նչ զգացիք, երբ լսեցիք, որ Հայաստանը լուրջ համաճարակային դրության մեջ է եւ օգնության կոչ է արել։

- Ինձ հետ կապ հաստատեց իմ փարիզյան գործընկերներից Ալեքսանդր Մինյոնը, որը Հայաստանում էր նախորդ շաբաթ։ Որոշումս կայացրի երկու օրում։ Մեկ շաբաթ պահանջվեց գործերս կարգավորելու եւ հավաքվելու, նաեւ՝ խումբը հավաքելու համար։ Մենք  տասը հոգով ենք, որից չորսը՝ Մարսելից։

- Դա միայն Հայաստանին չի վերաբերում։ Այս առավոտ ես լսում էի լուրերը ֆրանսիական ռադիոյով, բազմաթիվ երկրներում վարակման դեպքերն աճել են, եւ սա շատ է անհանգստացնում ԱՀԿ-ին։ Հասկանալը դժվար է, դրա համար պետք է կրկնապատկել ջանքերը, փորձել կանխել՝ հետեւելով հակահամաճարակային կանոններին։

- Իբրեւ բժիշկ ի՞նչ եք կարծում՝ զանգվածային թեստավորումն օգտակար կլինի՞ Հայաստանի համար։

- Չգիտեմ, որովհետեւ զանգվածային թեստավորումը պետք է զուգորդվի մարդկանց մեկուսացնելու հնարավորությամբ, այսինքն՝ մարդիկ պետք է առանձնանան ընտանիքից, ինչը դժվար է։ Մյուս կողմից՝ այն օգտակար է, եթե կա բուժում, իսկ ներկա դրությամբ կլինիկական փորձարկում անցած բուժման մեթոդ կա միայն ծանր հիվանդների համար, որոնք հոսպիտալացված են ու թթվածնի կարիք ունեն, եւ ոչ նրանց համար, ովքեր տանն են։ Անշուշտ, զանգվածային թեստավորումը կօգներ մեկուսացնել մարդկանց, այս պահին կարեւորն այն է, որ բոլորը զգույշ լինեն։ Ես անհանգիստ եմ, օրինակ, Ֆրանսիայի համար. քանի որ թվերը նվազել են, մարդիկ սկսել են ինչ ասես անել՝ դիմակ չեն դնում, մոտենում են իրար, ոմանք գրկախառնվում են, չի բացառվում, որ թվերը կրկին աճեն։ Իսկ Հայաստանի փողոցներում, իմ տպավորությամբ, կարծես թե հետեւում են կանոններին, դիմակ են կրում, դա պետք է շարունակել։

- Ի՞նչ եք դուք կոնկրետ անում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ Աշխատում եք որպես ինտենսիվ թերապիայի բժի՞շկ, թե խորհուրդներ եք տալիս հայ բժիշկներին։

- Մենք փորձում ենք պատասխանել նրանց կարիքներին։ Հայ բժիշկները շատ լավ են զբաղվում հիվանդներով, մենք նրանց օգնում ենք եւ պատասխանում հարցերին, եթե այդպիսիք կան։ Նաեւ սարքավորումներ ենք բերել՝ բարելավելու համար այն պացիենտների թթվածնայնացումը, որոնք ինքնուրույն են շնչում, դա այնպիսի սարքավորում է, որն այստեղ չկար եւ շատ թանկ չէ, կարծում եմ հետագայում Հայաստանը կարող է պատվիրել։ Մենք այստեղ չենք հայ բժիշկների տեղը գրավելու համար, մենք նրանց ինչ-որ բաներ սովորեցնելու համար ենք, կարճ ասած՝ հարմարվում ենք տեղական իրավիճակին, ցույց տալիս միջոցներ ու գործիքներ, որոնք կարող են բարելավել նրանց կողմից հիվանդների խնամքը։

- Կա՞ տարբերություն կորոնավիրուսով հիվանդների բուժման մեթոդի եւ ձեւի մեջ Ֆրանսիայում եւ Հայաստանում։

Այո, բայց դա պայմանավորված է հիվանդներով։ Հայաստանում, քանի որ երկիրը բարձրադիր է, պացիենտներն ավելի լավ են դիմակայում թթվածնի պակասին։ Մենք տեսնում ենք, որ հիվանդի օրգանիզմում թթվածնի մակարդակը շատ ցածր է, բայց նա լավ է, ուտում է, խմում, Ֆրանսիայում նույն մակարդակի թթվածին ունեցողն արդեն ապարատին միացված կլիներ։ Բարեբախտաբար, հայ հիվանդներն այս առումով տարբերվում են (ծիծաղում է)։ Մեր խնդիրն է օգնել հնարավորինս հետաձգել այն պահը, երբ նրանք կմիացվեն շնչառական սարքերին, որովհետեւ այդքան շատ հնարավորություններ չկան։ Ամեն գնով պետք է կանխել նրանց շնչառական սարքերին միացնելը։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել