Միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասից Նեղոց գյուղ ընկած շինտեղամասում աշխատանքները մեկ ամիս է` դադարեցված են |hetq.am|
16:38 - 05 օգոստոսի, 2020

Միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասից Նեղոց գյուղ ընկած շինտեղամասում աշխատանքները մեկ ամիս է` դադարեցված են |hetq.am|

hetq.am: Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասից մինչև Նեղոց գյուղ ընկած ճանապարհի շինարարական տեղամասում աշխատանքները շուրջ մեկ ամիս է` դադարեցված են:

Հուլիսի 27-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տեղամասում ներկայացվել են շինարարական աշխատանքների դադարեցման պատճառները: Տեղամասի պետ Դավիթ Ազատյանի խոսքով՝ նախարարը խոսք է տվել բարձրացված հարցերը լուծել մեկ շաբաթում, սակայն նրա այցելությունից անցած 9 օրերի ընթացքում որևէ հարց չի լուծվել: «Նախարարին ներկայացված հարցերը ընթացք են տրվել, այդ ամենը գործողության մեջ է: Այս պահին նոր բան չունենք հաղորդելու: Լինելու դեպքում՝ կհաղորդենք»,- երեկ «Հետք»-ին հայտնել է նախարար Ս. Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը:

Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային  թաղամասից մինչև Նեղոց գյուղ ընկած 14 կմ հատվածում ճանապարհաշինական աշխատանքները իրականացնում է «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն: Խոշոր բեռնատարների երթևեկության ժամանակ ճանապարհին ստեղծվում են վթարային վիճակներ: Տեղամասի պետ Դավիթ Ազատյանի խոսքով՝ կարող էին այս պահին ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտած լինել, եթե պատվիրատուի կողմից շինարարության ընթացքում առաջացող նախագծային լուծումները և ճանապարհաեզրերի հողատերերի վճարումները կատարված լինեին ժամանակին: «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն տեխնիկայի անհրաժեշտ ռեսուրսներ և աշխատուժ ունի, բայց ստիպված սպասում ենք: Կարող եմ ասել, որ 2-3 ամիս մեր նախատեսած աշխատանքներից հետ ենք մնացել»,- ասաց Դավիթ Ազատյանը:

Հիշեցնենք, որ Մ-6 ճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Բագրատաշեն հատվածի շինարարությունը սկսվել է 2018թ.-ի մայիսին: Այն ծրագրով նախատեսված է ավարտել այս տարվա նոյեմբերին: Հուլիսի 27-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել  ճանապարհի 51,74 կմ հատվածում: «Նախարարի ուշադրության  կենտրոնում էր հատկապես Ալավերդի քաղաքով անցնող միջպետական ճանապարհի շինարարական տեղամասը»,- նշված է նախարարության պաշտոնական կայքում: 

 

Դավիթ Ազատյանի ասելով՝  տեղամասում նախատեսված աշխատանքներից ինչ հնարավոր է եղել, կատարվել է: «Հիմա 5-6 աշխատողներ շարում են Էնգելս թաղամասի ճանապարհի եզրաքարերը: Թաղամասում ջրահեռացման աշխատանքները համարյա վերջացնում ենք»,- ասաց Դ. Ազատյանը: Նա հերքեց ճանապարհի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին Ալավերդիում շրջանառվող լուրերը: Ասաց՝ շինարարության ժամկետի առումով պաշտոնական որևէ որոշում չկա: Հուլիս և օգոստոս ամիսները ճանապարհի ասֆալտապատման ամենահարմար ամիսներն են, սակայն «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի շինարարական տեղամասում հողային լիցքերի աշխատանքները դեռ չեն սկսվել: Դավիթ Ազատյանի խոսքով՝ նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացվել է իրենց շինարարական տեղամասի աշխատանքները խոչընդոտող բոլոր հարցերի մասին: Էնգելս թաղամասից դուրս գալիս ճանապարհի ձախ կողմում բետոնային թերի աշխատանքներ կան:

 

«Դա հողօգտագործողի տարածք է, վերջինիս բարեկարգման և ծառապատման համար պետք է վճարվի, որ կարողանանք շարունակել  աշխատանքները: Հողատիրոջ չլուծված վճարումների պատճառով դադարեցված են նաև Ալավերդու Շահումյան թաղամասով անցնող և Երիտասարդական փողոցից Թումանյան փողոց մտնող շրջադարձի աշխատանքները»,- բացատրեց Դ. Ազատյանը: Վերջինիս խոսքով՝ Էնգելս թաղամասում նաև ջրահեռացման խնդիր կա: Այստեղ նախագծից դուրս պարսպի տակով մայթ է նախատեսվել:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել