azatutyun.am: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում մասնակի բավարարեց 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակսահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը և նրա գույքի մի մասը հանեց կալանքից։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դռնփակ նիստում կայացված որոշումից այլ մանրամասներ չհաղորդեց և դեռևս չի հրապարակվում, թե երկրորդ նախագահին պատկանող գույքի որ մասն է հանվել կալանքից։

Հուլիսի 28-ի դատական նիստին Քոչարյանի փաստաբանները դատարանին միջնորդել էին վերացնել նրա գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը։

Փաստաբանը շեշտել է, որ արգելանքը դրվել է` հաշվի չառնելով այն, թե արդյոք երկրորդ նախագահն ունի բաժնետոմսեր, արժեթղթեր. – «Քննիչը, առանց խորանալու, թե պարոն Քոչարյանը ինչ գույք ունի, այդ գույքից որ մասն է անհրաժեշտ կալանքի տակ դնել, կամ անհրաժեշտ չի, ընդհանուր վերցրել է և ասել է` բոլոր էս տվյալներով գույք եթե կհայտնաբերվի, գույքը պետք է կալանքի տակ դրվի: Էական չի, որ էս ամեն ինչից մենակ գույք և բանկային հաշիվներ կարող են լինել: Դատարանը պետք է էս ամբողջը վերացնի, որովհետև, օրինակ, եթե պարոն Քոչարյանը վաղը ձեռք բերեց որևիցե արժեթուղթ, այդ որոշման ուժով մենք ունենալու ենք խնդիրներ»: