ԲԴԽ-ն արտագնա նիստ է անցկացրել Սյունիքի մարզում
17:47 - 25 սեպտեմբերի, 2020

ԲԴԽ-ն արտագնա նիստ է անցկացրել Սյունիքի մարզում

Սեպտեմբերի 17-ից 18-ը Բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ Սյունիքի մարզում էր: Աշխատանքային խմբում էին՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Մեսրոպ Մակյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Դատական կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանը:

Այցի շրջանակներում կայաել է հանդիպում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, դատավորների և աշխատակազմի հետ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրել է նորանշանակ դատավորներ Բորիս Բախշիյանին, Էմին Աբգարյանին, Ռոմեն Ահարոնյանին և Կարապետ Բադալյանին: Դատավորի բարդ և պատասխանատու լիազորությունները ստանձնելու կապակցությամբ նորանշանակ դատավորներին շնորհավորելով ՝ Խորհրդի նախագահը և խորհրդի անդամները հույս հայտնեցին, որ նրանք, համալրելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կազմը, իրենց ամենօրյա աշխատանքով կնպաստեն արդարադատական գործընթացների պատշաճ իրականացմանը, դատական իշխանության հեղինակության և արժանապատիվ դատավորի կերպարի հասարակական ընկալման բարձրացմանը:

Մարզային դատարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են արդյունավետ արդարադատություն ունենալու գործիքակազմերը, դատական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Դատավորների կողմից ներկայացվել են նաև ոլորտում նկատելի խնդիրների հաղթահարման առաջարկություններ:

Նշվել է, որ Խորհուրդը քաջատեղյակ է դատավորներին հուզող հարցերին, և գործուն քայլեր են ձեռնարկվում առաջնահերթ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Մի շարք հարցեր տեղում ստացան լուծումներ:

Կարևորվել է նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ դատական իշխանության արդյունավետության և հանրային հաշվետվողականության բարձրացման ապահովումը:

Ամփոփելով խորհրդակցությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել դատարանի նախագահին, աշխատակազմին, Դատական դեպարտամենտի ղեկավարին և կարգադրիչների ծառայության պետին:

Այնուհետև Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրել է խորհրդի նիստ: Օրակարգում առկա հարցերի վերաբերյալ կայացվել են համապատասխան որոշումներ:   

Աշխատանքային այցի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները շրջայց են կատարել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նաև Գորիսի և Կապանի նստավայրերում, տեղում ծանոթացան նստավայրերի շենքային պայմաններին, գրասենյակի, արխիվի և կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման գործընթացին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել